«Հանրապետություն»
կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանը դրանում համոզված է – ՕԵԿ-ը,
որ մինչեւ վերջերս ՀՀ նախագահի հենարանը հանդիսացող խորհրդարանական կոալիցիայի մաս
կազմող կուսակցություն էր, լքելով կոալիցիան՝ հայտարարեց, թե ինքն այլեւս ընդդիմություն
է: Դուք ինչպե՞ս եք գնահատում այս փաստը: – Քաղաքական ուժերի մի մասը մերժում
է հեղափոխական փոփոխությունների ճանապարհը եւ հավատում էվոլյուցիոն ճանապարհով երկրի
ժողովրդավարացման հնարավորությանը: Իհարկե, ժամանակի ընթացքում բոլորն էլ կհամոզվեն,
որ ոչ մի էվոլյուցիոն ճանապարհ, օրենսդրական դաշտի ոչ մի կատարելագործում չի կարող
վիճակը փոխել, քանի դեռ երկրում տիրում է հանցագործ ու իր բնույթով կրիմինալ վարչախումբը:
Կուսակցությունների մի մասին ժամանակ էր պետք դրանում համոզվելու համար, նաեւ հասկանալու
համար, որ, այսպես կոչված՝ «կայունությունը» ոչ թե պետությանն ու ժողովրդին էր պետք,
այլ գործող վարչախմբի իշխանության առավել ամրապնդմանը: Այդպիսի քաղաքական ուժերի
շարքում ես դասում եմ նաեւ ՕԵԿ-ին, որի վերնախավը հանուն իշխանության ավելի հեռուն
գնաց: Դառնալով կոալիցիայի մաս ու թույլ տալով, որ իրենով համալրեն վարչախմբին հլու-հնազանդ
կամակատարների թիմը՝ ՕԵԿ-ի վերնախավը, հակառակ իր հռչակած կարգախոսների, հայտնվեց
պետությունը վտանգող հանցագործ ուժերի շարքում: Սակայն ինչպես բոլոր քաղաքական կուսակցություններում,
այնպես էլ ՕԵԿ-ում ներքին եւ միջին օղակները բացարձակապես կապ չունեն այս վարչախմբի
հետ եւ, կարծում եմ, ցանկանում են ժամ առաջ ազատվել գործող իշխանություններից: Դա
շատ լավ հայտնի էր նաեւ Ա. Բաղդասարյանին, ում քոչարյանական կլանը նույնիսկ յուրային
չհամարելով՝ կարողացավ 3 տարի շահագործել հանուն իր գոյատեւման՝ մասնակից դարձնելով
սահմանադրական հանրաքվեի հակաժողովրդական ու խայտառակ գործընթացներին: Եթե այդ ամենին
գումարենք նաեւ պետության առջեւ ծառացած հիմնախնդիրները փակուղի մտցնելն ու խճճելը,
հասարակության մասնատելն ու երկրի կյանքի բոլոր ոլորտներում տիրող աղետալի վիճակը,
ապա հասկանալի է դառնում՝ ինչու են ՕԵԿ-ն ու Ա. Բաղդասարյանը փորձում ձերբազատվել
վարչախմբից: – Ձեր կարծիքով, հասարակությունն ՕԵԿ-ին կընդունի՞ որպես ընդդիմություն,
առավել եւս, որ կարծիք կա, թե այս ամենը իշխանությունների ու Ռ. Քոչարյանի հետ համաձայնեցված
քայլ է: – Իշխանություններն ամենատարբեր մեթոդներով փորձում են հասարակությանը
ներարկել, որ կոալիցիայից ՕԵԿ-ի դուրս գալն ու իրենց քննադատելը ծրագրված են հենց
իշխանությունների կողմից: Սակայն ես վստահ եմ, որ այսօրվա իշխանությունները քաղաքական
դաշտում վաղուց արդեն որեւէ բան պլանավորելու ընդունակ չեն: Ինչ վերաբերում
է ՕԵԿ-ի ընդդիմություն լինելուն, ապա, ըստ իս, Հայաստանում այսօր կա միայն ընդդիմադիր
դաշտ, որովհետեւ մեր երկրում ընդդիմություն եւ դիմություն հասկացությունները միանգամայն
այլ են, քան որեւէ նորմալ երկրում: Հայաստանում քաղաքական դաշտի մի կողմում այսօր
կանգնած է քրեածին կապիտալի հետ սերտաճած իշխանական վարչախումբը, որն ի սկզբանե գաղափարազուրկ
լինելով՝ քաղաքական դաշտից դուրս է մնացել ու նրան քաղաքական ուժ համարել չի կարելի:
Այսինքն՝ քաղաքական դաշտի այն բեւեռը, որտեղ պետք է լիներ դիմությունը, մեր երկրում
մնացել է դատարկ: Իսկ ընդդիմությունը գործող վարչախմբին մերժող ժողովուրդն է: Այսօր,
փաստորեն, Հայաստանի քաղաքական դաշտը լցված է միայն «ընդդիմության» տարբեր հատվածներով,
եւ միայն «ընդդիմությունն» է ներկայացնում երկրի հասարակության շահերն ու քաղաքական
տեսակետները: Իսկ ՕԵԿ-ի փորձը ցույց տվեց, որ Հայաստանի քաղաքական դաշտում «կառուցողական
ընդդիմություն» չի կարող լինել, որովհետեւ ոչ մի քաղաքական ուժ չի կարող քաղաքական
համագործակցության գնալ հասարակությունից մերժված, գաղափարազուրկ կլանային ուժերի
հետ: – Հնարավոր համարո՞ւմ եք համագործակցությունը ՕԵԿ-ի հետ: – Հնարավոր
համարում եմ բոլոր ուժերի հետ, որոնք հանդես են գալու հանուն Հայաստանի ժողովրդավարության
եւ հզորացման, հայաստանակենտրոնության դիրքերից: Եթե ՕԵԿ-ը հանդես կգա որպես այդպիսի
ուժ, ապա չեմ բացառում համագործակցությունն այդ կուսակցության հետ: Հարցազրույցը
վարեց ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ