Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ

Մայիս 25,2006 00:00

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՍԱԲԵԿՅԱՆՆԵՐՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ Պարզաբանում են բոլոր կողմերը Ապրիլի 20-ից փակ են Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի՝ շուրջ 1 տարի առաջ վերանորոգված առաջին հարթակի դռները, ուր քաղաքապետի որոշմամբ պետք է կազմակերպվեր Էդվարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցահանդես՝ որդու եւ հարսի ջանքերով: Իսկ «Հայ-Արտի» աշխատակազմը ժամանակավորապես հանգրվանել է Մամուլի շենքում եւ չի դադարեցրել իր գործունեությունը: Հիշեցնենք, որ հենց «տնվորային» կարգավիճակում կենտրոնը քաղաքապետարանի ճեմասրահում իրականացրեց ավիավթարի զոհերի հիշատակին նվիրված բարեգործական ցուցահանդես-ակցիան: Պարզելու համար, թե ինչու է ուշանում հոր՝ էդվարդ Իսաբեկյանի ցուցահանդեսի բացումը, դիմեցինք Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանին: «Քաղաքապետարանը դեռ գործեր ունի այնտեղ անելու. ոչինչ պատրաստ չէ, կախիչներ չկան, ահագին բան չկա, միայն պատերն են վերանորոգված: Էնպես որ, դա ինձնից չի կախված, այլ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ցանկությունից»,- պատասխանեց պրն Իսաբեկյանը: Նրան զայրացրեց նկարիչների շրջանում վերջերս շրջանառվող այն դիտարկումը, թե ցուցասրահի բացումն ուշանում է այն պատճառով, որ Իսաբեկյան ընտանիքը քաղաքապետարանին պատրաստվում է նվիրել ոչ թե Էդ. Իսաբեկյանի աշխատանքների օրիգինալները, այլ պատճենները: «Էլի ուզում եք մի վատ բան գրել: Այդ լուրերը բամբասանքներ են: էդտեղ («Հայ-Արտում»- Գ. Հ.) լինելու է Էդվարդ Իսաբեկյանի թանգարան, որտեղ ցուցադրվելու են նրա նկարները: Ես երբեք Էդվարդ Իսաբեկյանի նկարները կոպիա չեմ արել, իսկի իմ նկարների համար ժամանակ չունեմ»,- բորբոքվեց նկարչի նկարիչ որդին: Կապվեցինք նաեւ Իսաբեկյանի հարսի՝ Իրինա Իսաբեկյանի հետ, որը վերջերս նշանակվել է «Հայ-Արտի» կազմում գործող Իսաբեկյանի ցուցասրահի բաժնի պետ: Հարցին՝ ինչո՞ւ շուրջ մեկ ամիս կողպված են «Հայ-Արտի» առաջին հարթակի դռները եւ ե՞րբ ենք հնարավորություն ունենալու դիտել ճանաչված նկարչի աշխատանքները, տիկ. Իսաբեկյանը պատասխանեց. «Այո, ես տնօրենն եմ, բայց քաղաքապետարանը պիտի ներսը պատրաստի, գազիֆիկացնի, անհրաժեշտ պայմաններ ստեղծի: Շենքը սառն է ու խոնավ նույնիսկ ամառվա շոգին, մինչեւ ջեռուցում չլինի՝ նկարներ չենք կարող կախել: Դիմել ենք փոխքաղաքապետ Արման Սահակյանին ու դեռ պատասխանի ենք սպասում»: Փոխքաղաքապետ Արման Սահակյանը «Առավոտին» ասաց, որ քաղաքապետարանը իր մասով վաղուց ավարտել է ցուցասրահի հետ կապված բոլոր աշխատանքները, իսկ մնացածն արդեն Իսաբեկյանների խնդիրն է: Նա նաեւ տեղեկացրեց, որ քաղաքապետարանը մեկ տարի առաջ ավարտել է առաջին հարթակի վերանորոգման աշխատանքները: Վերջապես լուծվել է նաեւ «Հայ-Արտի» կոյուղագծերի հարցը, խնդիր, որը մշակութային կենտրոնի ստեղծման օրվանից մինչեւ վերջերս առկախ էր: «Այնտեղ արդեն նորմալ վիճակ է, մնում է բերել նկարները ու կախել: Ինչ վերաբերում է կենտրոնի գազիֆիկացմանը, այդ աշխատանքների համար էլ գումար է հատկացված, սակայն չեմ կարծում, թե այս շոգին այնտեղ գազիֆիկացումը խիստ անհրաժեշտ է»,- ասաց Ա. Սահակյանը: Փոխքաղաքապետից փորձեցինք ճշտել՝ ի վերջո դա Էդվարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների ցուցասրա՞հ է լինելու «Հայ-Արտի» կազմում, թե՞ առանձին թանգարան, ինչպես պնդում են Իսաբեկյանները: Փոխքաղաքապետը պարզաբանեց. «Դա, ըստ էության, ցուցասրահ է, որտեղ կներկայացվեն Իսաբեկյանի աշխատանքները: Բացի այդ, Էդվարդ Իսաբեկյանը դեռ ողջ է, իսկ թանգարանում պահվում են ոչ միայն արվեստագետների գործերը, այլեւ նրանց պատկանող ամեն ինչ: Ի դեպ, եթե մյուս անվանի նկարիչներն ու քանդակագործներն էլ ցանկություն հայտնեն «Հայ-Արտում» ցուցադրվել, նրանց եւս կընդառաջենք»: «Առավոտը» հարկ համարեց նաեւ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանից պարզաբանում ստանալ խնդրի առնչությամբ: «2006-ի ապրիլի 20-ից Իրինա Իսաբեկյանը նշանակվել է Էդվարդ Իսաբեկյանի ցուցասրահի բաժնի պետ: Նրա վրա է դրված ցուցասրահի եւ ցուցադրության պահպանության ու անվտանգության հսկողությունը, ինչպես նաեւ նյութատեխնիկական պատասխանատվությունը: Այդ օրվանից «Հայ-Արտի» աշխատակազմը, որ գործում էր առաջին հարթակի փոքրիկ աշխատասենյակում, ազատեց տարածքը, որպեսզի օր առաջ լուծվեն ցուցադրության կազմակերպական աշխատանքները: Ես, իբրեւ «Հայ-Արտի» տնօրեն եւ Էդվարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագու, շահագրգիռ եմ այդ ցուցահանդեսի կազմակերպմամբ: Մանավանդ միշտ էլ ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերության եթերից սփռվող իմ բազմաթիվ հեղինակային հեռուստահաղորդումներով ու «Անդրադարձ» թերթի իմ հրապարակումներով հավաստել եմ ջերմ վերաբերմունքս Էդվարդ Իսաբեկյանի անձի ու արվեստի հանդեպ: Երախտագիտությունս եմ հայտնում Երեւանի քաղաքապետին, որի պատրաստակամության արդյունքում է այդ հարթակն այսօր պատրաստ շահագործման: Մնում է, որ Իսաբեկյան ընտանիքն էլ իր հերթին հնարավորինս արագացնի ցուցահանդեսի բացումը եւ արվեստասեր հասարակայնությանը վերջապես հնարավորություն ընձեռվի մոտիկից շփվել սիրված նկարչի արվեստի հետ»,- «Առավոտին» ասաց տիկ. Շառոյանը: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել