Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊՀ-Ն

Մայիս 25,2006 00:00

ԱՊՀ-Ն ԿՓԼՈՒԶՎԻ Այդպես է կարծում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Օրերս Կիեւում տեղի է ունեցել ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության գագաթաժողովը, որտեղ պաշտոնապես հայտարարվել է կառույցը միջազգային կազմակերպության՝ «Ժողովրդավարության եւ զարգացման կազմակերպություն8211ՎՈՒԱՄ» վերակազմավորելու մասին: Ստորագրված հռչակագրում հաստատված է անդամ պետությունների պատրաստակամությունը՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նախագահները ստորագրել են նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին հուշագիր: Նախատեսվում է, որ հաջորդ փուլը լինելու է սահմանապահ եւ մաքսային ծառայությունների միասնականացումը, ինչը, Ուկրաինայի նախագահի համոզմամբ, «ճանապարհ է դեպի լիարժեք եվրոպական ինտեգրում»: Ի դեպ, նույն օրերին հետեւելով Վրաստանի օրինակին, Մոլդովան էլ՝ իր խորհրդարանի մակարդակով, մոտ ժամանակներս քննարկելու է ԱՊՀ կազմից դուրս գալու հնարավորության հարցը: Բացի այս, ս.թ. մայիսի 15-ից սկսվել են վրաց-ուկրաինական պաշտոնական խորհրդակցություններ՝ ԱՊՀ-ում այդ երկրների մնալու նպատակահարմարության շուրջ: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Նրա դիտարկմամբ, այս երեւույթներն ավելի խորքային բնույթ ունեն. «Այս ամենի գլխավոր պատճառն այն է, որ ԱՊՀ-ի հիմնական կառույցները կառուցված էին մեկ գլխավոր սկզբունքի՝ անդամ երկրներին որոշակի արտոնություններ վերապահելու հիման վրա: Օրինակ, ռուսական գազը ԱՊՀ երկրները ստանում էին ՌԴ-ի ներքին գներով: Նույնպիսի արտոնություն գործում էր ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ զենք ու զինամթերքի գնման դեպքում: Բայց քանի որ ՌԴ-ն ինքն իր նախաձեռնությամբ ու միակողմանիորեն սկսեց փոխել խաղի կանոնները, հարց առաջացավ՝ ի՞նչ իմաստ ունի այս երկրներին Ռուսաստանի հետ մնալ նույն կառույցում, որտեղ այլեւս արտոնություններ չկան: Բացի այդ, ԱՊՀ-ում նաեւ թույլ գործող, բայց ինչ-որ ընդհանուր տնտեսական դաշտ կար, որը վերջին մեկ տարվա ընթացքում ինչ-ինչ պատճառներով սկսել է չգործել: Հիշեցնեմ, որ ՌԴ-ն արդեն երկու տարի առաջ միակողմանիորեն հրաժարվեց Վրաստանի հետ «առանց վիզայի» ռեժիմից, հրաժարվեց Ուկրաինայի մսամթերքից ու կաթնամթերքից, Վրաստանի պարագայում՝ գինուց ու մրգերից: Նույն իրավիճակն է նաեւ Մոլդովայի դեպքում: Այս պարագայում հիշյալ երկրներն էլ սկսեցին մտածել, որ եթե այլեւս արտոնություններ չկան՝ ի՞նչ իմաստ ունի մնալ ԱՊՀ-ում»: Բայց Ստ. Գրիգորյանի մատուցմամբ, կա շատ խորքային ու կարեւոր այլ պատճառ եւս: Դա, ըստ նրա, այն է, որ ի տարբերություն, օրինակ՝ Եվրամիության, որին անդամակցելու համար որեւէ երկիր պետք է բավարարի շատ կոնկրետ չափանիշների ու սկզբունքների՝ ժողովրդավարություն, ազատ ու մրցակցային շուկա, ԱՊՀ-ին անդամակցելու միակ սկզբունքը որեւէ երկրի՝ այդ կառույցին անդամակցելու ցանկությունն է: «Երբ ԱՊՀ կառույցին անդամակցելու միակ գրավականը՝ արտոնությունները, այլեւս չկա, Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի դեպքում, որտեղ ժողովրդավարացման ու տնտեսական ոլորտներում բարեփոխումներին միտված լուրջ քաղաքական պրոցեսներ են ընթանում, ավելի կարեւորվում է մի կողմից՝ հակաժողովրդավարական, մյուս կողմից՝ դեպի ժողովրդավարություն ձգտող համակարգերի ուժեղ բախումը: Որ ԱՊՀ-ն քանդման փուլում է, ու դա ընդամենը ժամանակի՝ նույնիսկ օրերի հարց է, ես վաղուց եմ ասել»,- հիշեցրեց Ստ. Գրիգորյանը: Անդրադառնալով ՎՈՒԱՄ-ի՝ ԱՊՀ-ի հետ մրցակցելու եւ այլընտրանք դառնալու հնարավորությանը, քաղաքագետը կարծիք հայտնեց, թե՝ ՎՈՒԱՄ-ն ինչ-որ չափով այդ դերը կխաղա, բայց, այնուամենայնիվ, ո՛չ գլխավոր դերը: «Գլխավոր դերում այս տարածաշրջանում լինելու է «Բալթյա-Սեւծովյա-Կասպիցծովյան համագործակցությունը», որի նախաձեռնությամբ 2005-ին հանդես եկան Սահակաշվիլին ու Յուշչենկոն: Այդ ձեւաչափի շրջանակներում թվով երկրորդ ոչ պաշտոնական գագաթաժողովը տեղի ունեցավ Վիլնյուսում այս տարվա մայիսի 1-4-ը: Այդ ձեւաչափում ներկայացված են մերձբալթյան երկրները, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը: Սա ՎՈՒԱՄ-ից ավելի լայն ձեւաչափ է, որի նպատակը դեպի ժողովրդավարություն ձգտող երկրներին օգնություն ցույց տալն է: Բանն այն է, որ սոցիալիզմից դեպի ազատ շուկայական հարաբերությունների անցման մեծ փորձ ունեցող երկրները՝ Ռումինիան, Լեհաստանն ու Բուլղարիան այդ համակարգերի տրասֆորմացիան հաջողությամբ են անցել, ու այդ իմաստով շատ կարեւոր է նրանց դերն ու փորձը այդ ճանապարհը բռնած երկրների համար: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա նա կարող է շարունակել անհեռանկարային ճանապարհով գնալ եւ ընդհանրապես մեկուսանալ բոլոր գործընթացներից, քանի որ ՌԴ-ի դուրս գալն այս տարածքներից՝ անխուսափելի է: Բայց Հայաստանը դեռ կարող է ամեն ինչ շտկել, հակառակ դեպքում մենք է՛լ ավելի կմեկուսանանք ու դուրս կմնանք միջազգային տնտեսական մնացած ծրագրերից: Այսօր էլ կան հնարավորություններ, օրինակ՝ հայ-իրանական գազամուղը դարձնել տարանցիկ, կամ խցկվել միջազգային երկաթուղային նախագծերի մեջ»,- համոզմունք հայտնեց Ստ. Գրիգորյանը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել