Լրահոս
Օրվա լրահոսը

Թվեր են «կրակում»

Մայիս 25,2006 00:00

Թվեր են «կրակում» Տոմսարկղի աշխատակիցներն ավիատոմսը վերադարձնող ուղեւորներից գումարները գանձում են կամայական սկզբունքով: Ընդհանրապես վերջին շրջանում, հատկապես A320 ինքնաթիռի վթարից հետո, տարբեր կազմակերպություններ եւ ԱԺ պատգամավորական խմբեր առաջարկություններ են ներկայացնում՝ թե՛ Քաղավիացիայի, թե՛ ավիաընկերությունների նկատմամբ վերահսկողությունն ուժեղացնելու: Դիտողությունները հատկապես ինքնաթիռների տեխնիկական զննման, փաստաթղթերի ձեւակերպման եւ այլ տիպի ծառայությունների դիմաց պահանջվող գումարների վերանայման մասին են: Մեր խմբագրությունն էլ բազմաթիվ ուղեւորներից նմանատիպ մի շարք բողոքներ է ստացել, որոնց մի մասն առնչվում է վերադարձվող տոմսերի պահումներին ու տոմսարկղի աշխատակիցների վատ սպասարկմանը: Իզաբելա Հասրաթյանն այս տարվա մարտի 28-ին հունիսի 4-ի թռիչքի համար «Արխար» ընկերության տոմսարկղից գնել է «Սիբիրավիայի» Երեւան-Մոսկվա-Երեւան չվերթի տոմս՝ 123.034 դրամ արժողությամբ: Սակայն երբ դժբախտ պատահարի պատճառով հարկ է եղել թռիչքի օրը փոխել, «Արխարից» կնոջը բացատրել են, որ պետք է մուծի 31 դոլար: Ի. Հասրաթյանի ներկայացմամբ՝ «ես ոնց հաշվեցի՝ պահանջվող գումարը ոչ մի տրամաբանության մեջ չտեղավորվեց, ուստի խնդրեցի ավելի մանրամասն ներկայացնել, թե հաշվարկը ո՞նց են կատարում, որ այդ թիվն են ստանում. ոչ մի բացատրություն չկար, պարզապես պահանջվում է 31 դոլար ու վերջ»: Իրեն խաբված չզգալու համար ուղեւորը նույն օրը դիմել է նաեւ «Սիբիրավիայի» գրասենյակ: Տիկին Հասրաթյանի պատմելով՝ աշխատակցուհին, որը ներկայացել է Անահիտ, ավելի բարձր գին է նշել՝ «պետք է մուծեք 49 դոլար», իսկ երբ առարկել է՝ հավաստիացնելով, որ «Արխարում» ուզել են ավելի պակաս վճարում՝ 31 դոլար, նա վրա է բերել, թե «ուրեմն մնացած 18 դոլարն իրենք կմուծեն»: Ուղեւորն այդպես էլ չի հասկացել՝ ո՞ւմ պետք է վճարի, որքա՞ն պետք է վճարի եւ ո՞վ է ավելի ճիշտ՝ «Արխա՞րը», թե՞ «Սիբիրավիան»: «Արխար» ընկերությունից մեկնաբանություններ ստանալու համար մենք ներկայացանք սովորական ուղեւոր, որն ուզում է տոմսը փոխել՝ մեկ այլ օրվա թռիչքի հետ: Պատասխանեցին, որ «մինչեւ տոմսը չտեսնենք, կարգն ու գինը չիմանանք՝ չենք կարող հստակ ասել, թե որքան պետք է գանձել»: Մինչդեռ «Սիբիրավիայի»՝ «Առավոտին» տված պաշտոնական պատասխանի համաձայն, իրենք պահումների համար հաստատել են ֆիքսված թիվ՝ 20 դոլար եւ անկախ տոմսի արժեքից, ժամկետներից եւ այլ գործոններից՝ գանձում են այդքան: Մեր հարցին, թե «Արխարը» ուղեւորների գրպանի հաշվին ձեր ավիատոմսերով գումա՞ր է աշխատում, ընկերությունից պատասխանեցին. «Չգիտենք, դա արդեն «Արխարի» պրոբլեմն է, մենք նրանց վերահսկելու խնդիր չունենք, ինֆորմացիան տրամադրել ենք, մնացածը, թե ինչքան ուղեւորից կգանձեն՝ նրանց գործն է»: Նկատենք, որ տարբեր ավիաընկերություններ իրենց տոմսերի վաճառքի հետ կապված ունեն տարբեր քաղաքականություններ: Պահումների չափը նույնպես ընկերության տնօրինությունն է որոշում, որը կարող է ողջամիտ չլինել: Հիմնականում ընկերություններն առաջնորդվում են տոմսի արժեքի 10-20 տոկոսը պահելու սկզբունքով, բայց եթե ընկերությունը որոշի գանձել, ասենք, տոմսի արժեքի ուղիղ կեսը կամ 70 տոկոսը, ոչ ոք չի կարող գումարը վիճարկել: Ամբողջ խնդիրն այն է, որ ուղեւորներին այդ պահումների չափի մասին նախօրոք չեն տեղեկացնում: Այդ մասին ոչ մի տեղ փակցված չէ եւ բնական է, որ տոմսարկղում էլ ամեն անգամ կարող են պատահական թվեր կրակել: Ուղեւորներից մեկի պատմելով՝ Փարիզի չվերթի տոմսը վերադարձնելիս իրենից գանձել են 70 դոլար, այն էլ՝ որոշակի զիջումներով, քանի որ սկզբում նույնիսկ վստահեցրել են, թե ընդհանրապես ետ չեն վերցնի՝ «A» կարգի տոմս է: Մինչդեռ այս մասին տոմս գնելիս որեւէ ակնարկ չի եղել: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031