Լրահոս
Օրվա լրահոսը

Ականը

Մայիս 25,2006 00:00

Ականը սկսեց աշխատել Թեեւ Ջորջ Բուշը նախօրեին հայտարարել էր, որ «Միացյալ Նահանգները ձգտում է խաղաղ ճանապարհով լուծել Իրանի միջուկային հարցը», խնդրո առարկա տարածաշրջանում զարգացող վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ ցանկալի նպատակին հասնելու համար Վաշինգթոնին խորթ չեն բոլոր հնարավոր ճանապարհները: Դրանցից մեկի մասին մամուլում արդեն մի շարք անդրադարձներ են եղել, եւ այն, ինչ այս օրերին տեղի է ունենում Իրանի հյուսիսում կամ, այսպես կոչված՝ Հարավային Ադրբեջանում, ըստ էության, այս կամ այն չափով արդեն կանխատեսված է: Միանգամից նշենք, որ խոսքը Թեհրանի ռեժիմը «ներսից» թուլացնելուն միտված գործողությունների մասին է, մասնավորապես՝ իրանական ադրբեջանցիների ձեռամբ իրավիճակն ապակայունացնելու միջոցով: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆոն», երկու օր առաջ Բաքվում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջեւ անցկացվել է բողոքի ցույց՝ Իրանի Թավրիզ քաղաքում ադրբեջանցի ցուցարարների գնդակահարության կապակցությամբ: Ցույցին մասնակցել են Ադրբեջանի եւ Իրանի (Հարավային Ադրբեջան) քաղաքական կազմակերպությունների տասնյակ ակտիվիստներ: Չնայած ոստիկանության դիմակայությանը՝ բողոքի ցույցը կայացել է, որի մասնակիցները ցուցադրաբար այրել են Իրանի դրոշը: Ցուցարարներից չորսը ձերբակալվել է, որոնց թվում է «Միասնական Ադրբեջան» միավորման վարչության անդամ Ագիլ Սամեդբեյլին: Նշենք, որ մի քանի օր առաջ Թավրիզում ցույց կազմակերպած ադրբեջանցիները գնդակոծվել էին ոստիկանների կողմից: Երեկ այդ գնդակոծման հետեւանքով զոհվածների թիվն արդեն հասել էր 18-ի: «Թուրանի» փոխանցմամբ, որն իր հերթին հենվել է «Հարավային Ադրբեջանի ազգային զարթոնք» կազմակերպության Բաքվի Բյուրոյի տարածած տեղեկատվությանը, վիրավորների թիվը հասնում է մի քանի հարյուրի: Ինչ վերաբերում է թեթեւ վիրավորներին, ապա, աղբյուրի հավաստմամբ, Իրանի անվտանգության ուժերի ներկայացուցիչները վերջիններիս տանում են անհայտ ուղղությամբ եւ նրանց հետագա ճակատագիրն անհայտ է: Երեկ Թավրիզում բողոքի գործողությունները պետք է շարունակվեին: Այսպիսով, կարող են արձանագրել, որ մոտեցել է Իրանի հարավադրբեջանական դանդաղ գործողության ռումբի պայթելու ժամը, եւ հիմա շատ կարեւոր է դառնում հարցը, թե ինչ սցենարով կզարգանան Իրանի ադրբեջանցիների բողոքի գործողությունները: Վաշինգթոնը, իհարկե, կձգտի առավելագույն օգուտ քաղել այս իրադարձություններից, սակայն, դրանով հանդերձ, ԱՄՆ-ը չի կարող թույլ տալ, որ Իրանի պառակտմանն ուղղված միտումները անվերահսկելի բնույթ ստանան, ինչը, ի դեպ, խիստ անցանկալի կլիներ նաեւ մեզ՝ Իրանի հարավադրբեջանական շրջաններին անմիջականորեն սահմանակցող Հայաստանի համար: Մինչ այդ նշենք, որ Թեհրանի քաղաքականությունից դժգոհ ադրբեջանցիները մտադիր են առաջիկայում բողոքի ցույցեր անցկացնել միաժամանակ Ուրմիայում, Մարաղում, Միանում եւ Իրանի այլ քաղաքներում: ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2006
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031