Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը ՌԴ-ին մուծվում է

Մայիս 25,2006 00:00

Քոչարյանը ՌԴ-ին մուծվում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Այվազյանի համոզմամբ, վարձավճարը Քոչարյանը տալիս է իշխանության մնալու դիմաց: – Քաղաքական շրջանակների ու փորձագետների գնահատմամբ, ՆԱՏՕ-ի ԽՎ նստաշրջանին մասնակցելու հրավերը Ռոբերտ Քոչարյանը մերժել էր Ռուսաստանի հրահանգով: Նաեւ այս նկատի ունենալով՝ ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում Հայաստանի վարած արտաքին քաղաքականությունը: – Ես բազմիցս եմ նշել, որ Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականությունը երկրի համար աղետալի ավարտի է տանում: Ընդ որում, դա վերաբերում է թե՛ ներքին, թե՛ արտաքին եւ թե՛ տնտեսական քաղաքականությանը: Ավելին, այդ գործընթացները սպասարկում են այն արտաքին ուժերին, որոնք նպաստում են Քոչարյանի վարչակարգի պահպանմանը: Դրանք որպես վարձավճար տրվել են, տրվում են եւ պիտի տրվեն այնքան ժամանակ, քանի դեռ այս վարչակարգը կկարողանա գոյատեւել: – Դուք այսօրվա իշխանություններին համարյա դավաճանության մեջ եք մեղադրում: – Իսկ ինչո՞վ դավաճանություն չեն երկրի էներգետիկ համակարգի փաստացի օտարումն ու այլ պետության էներգետիկ համակարգի ստորաբաժանում դարձնելը, Իրան-Հայաստան գազամուղի տրամագծի ու նախնական նշանակության փոփոխությամբ եւ Հրազդանի 5-րդ բլոկի հանձնմամբ նաեւ մոտ ապագայում էներգետիկ անկախության վերականգնման բացառումը: Ինչո՞վ է դավաճանությունից տարբերվում սեփականաշնորհման անվան տակ կապի ողջ համակարգի, շրջափակման պայմաններում գտնվող երկրի օդային տրանսպորտային համակարգի փաստացի օտարումը՝ նախապես այն մասնատելուց, քայքայելուց եւ դրա վերականգնումը անհնար դարձնելուց հետո: Ժամանակակից աշխարհում այդ համակարգերը համարվում են անկախ պետականության կարեւորագույն բնութագրիչներ: – Ըստ Ձեզ, ինչո՞վ են բացատրվում իշխանությունների այս քայլերը: – Ընտրությունների կեղծման ճանապարհով զավթելով իշխանությունը՝ Քոչարյանի վարչախումբը երկրի ներսում հայտնվեց մերժվածի կարգավիճակում: Իր էությամբ ու բնույթով լինելով հակաժողովրդական՝ այդ վարչախումբը, պահպանվելու համար, պիտի աջակցություն գտներ ոչ թե մեր ժողովրդի ու երկրի, այլ ժողովրդավարության հետ կապ չունեցող ուժերի կողմից, որոնց համար Հայաստանը կամ տարածք է, կամ փող սարքելու միջոց: Ընդ որում, իշխանությունը դա անում է գիտակցված, հստակ պլանավորված՝ հաշվարկելով նաեւ հետագայում պատասխանատվությունից խուսափելու միջոցները: Հենց այսպիսի դեպքերի համար է նախատեսվել ու Սահմանադրության մեջ տեղ գտել ՀՀ նախագահի «անմեղսունակության» հայտնի հոդվածը: – Բայց այդ նույն Սահմանադրությունն արժանացել է եվրոպական կառույցների հավանությանը: – Սա բավականին նուրբ հարց է: Բանն այն է, որ անկախ հնչող հայտարարություններից ու տեսակետներից՝ այսօր էլ բավականին սուր հակադրություններ կան Ռուսաստանի եւ Արեւմուտքի հարաբերություններում: Արեւմուտքն այսօր էլ շարունակում է ռուսական ազդեցության չեզոքացման քաղաքականություն իրականացնել: Իսկ հետխորհրդային պետություններում այդ ազդեցությունը, բացի տնտեսականից, պայմանավորված է եղել նաեւ հոգեւոր, մշակութային ու պատմական կապերով, որոնք շատ ավելի ամուր են, քան տնտեսական կապերը, իսկ դրանց թուլացումը հնարավոր է միայն ժողովուրդների հանդեպ անվստահության ու ատելության մթնոլորտի ստեղծմամբ: Ձեր կարծիքով, ինչքա՞ն միջոցներ ու ժամանակ պիտի ծախսեր Արեւմուտքը, որ ռուսների նկատմամբ այնպիսի անվստահություն ու ատելություն սերմաներ, ինչպես դա արեց Քոչարյանը «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով կամ էներգահամակարգը Ռուսաստանին տալով: Արեւմուտքը շատ լավ հասկանում է, որ միայն Քոչարյանի եւ Սերժի գոյությունը՝ որպես Ռուսաստանի դրածոներ, լիովին բավարար է Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց դուրս բերելու համար: – Բայց դա Ռուսաստանն անում էր իր հոժար կամքով: – ՌԴ այսօրվա իշխանությունները որեւէ տարածաշրջանում ռուսական շահերի պաշտպանությունը տեսնում են միայն «իրենց» մարդկանց նշանակելով ու իրենց կառույցները ստեղծելով: Նրանք, որպես կանոն, այդ տարածաշրջաններին վերաբերվում են որպես ռուսական պրովինցիաների: Առաջին հայացքից այս մոտեցումը, թվում է, ճիշտ է ու անխոցելի, սակայն իրականում դա պարզունակ ու դատապարտված մոտեցում է: Դրա հետեւանքներն են Ուկրաինան ու Վրաստանը: Կարծում եմ, ՌԴ-ին ավելի ձեռնտու կլիներ պատմամշակութային, քաղաքական ու տնտեսական շահերով ամրագրվող գործընկերությունը: Եվ որպեսզի ՌԴ հանդեպ հայ հասարակության մեջ ծնված անվստահությունը վերացնեն, Ռուսաստանի իշխանություններն ուղղակի ստիպված են լինելու հրաժարվել Քոչարյան-Սերժ տանդեմի ծառայություններից: Հարցազրույցը՝ ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել