ԱՐԺԱՆԻ ՉԷԻՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻՆ Այսպես է «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Գագիկ Կոստանդյանը գնահատում այն հանգամանքը, որ ՕԵԿ անդամները խեղաթյուրված տվյալներ են նշում իր տնտեսական գործունեության մասին: «Այսօր որեւէ մեկը կարո՞ղ է ինձ ապացուցել հակառակը, թե հնարավոր է առանց առաջին դեմքերի հետ լուրջ կապերի, համաձայնության՝ պաշտպանության նախարարությանն ապրանքներ մատակարարել».- «Ազատություն» ռ/կ-ին մայիսի 20-ին այսպես մեկնաբանեց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն այն փաստը, որ «Ազգային միաբանության» անդամ Գագիկ Կոստանդյանի ձեռնարկությունը կատարում է ՊՆ պատվերները: «Գեղամյանը խոսում է Սերժ Սարգսյանի դեմ, իսկ նրա խմբակցության անդամը Սերժ Սարգսյանի գլխավորած նախարարությանը մատակարարում է ապրանքներ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ ապրանքներ է մատակարարել ՊՆ-ին «Ազգային միաբանության» անդամը: Պարզվեց, որ խոսքը «Գոռ» ՍՊԸ-ի մասին է, որի գործադիր տնօրենն էր Գագիկ Կոստանդյանը 1996-1999-ին, իսկ այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրա կինը: «Այդ ֆաբրիկան կտակով որպես ժառանգություն ստացել եմ հորիցս»,- պնդեց պատգամավորը: «Մենք դալալությամբ չենք զբաղվում՝ համակարգիչներ մի տեղից բերենք՝ այստեղ վաճառենք,- ոչ իրազեկների համար պարզաբանենք, որ պրն Կոստանդյանն ակնարկում է Արթուր Բաղդասարյանի եղբոր բիզնեսը: Սակայն որքան մեզ հայտնի է, վերջինս արդեն իսկ վաճառել է իր «Կոմպյուտեր սիթի»-ն:- Իսկ մենք արտադրողներ ենք, աշխատատեղ ենք ստեղծում»: Ըստ «Գոռ» ընկերության սեփականատեր պատգամավորի՝ «Այդ ֆաբրիկան կառուցվել է 1988 թվականին՝ ո՛չ գնել ենք, ո՛չ էլ խլել: Քարը քարի վրա դնելով՝ ստեղծել ենք մեծ արտադրություն, որն այսօր արդեն ունի 300 աշխատատեղ: Պետությանը ոչ մի լումայի պարտք չունենք: Հիմնականում արտադրում ենք համազգեստներ: Մորթին, կտորը դարձնում ենք վերջնական արտադրանք: Եվ հիմնականում դուրս ենք առաքում՝ Իրան եւ Ռուսաստան»: Այդ իսկ պատճառով, ըստ Գագիկ Կոստանդյանի՝ ֆիզիկապես չէին էլ հասցնի Հայաստանում մեծ պատվերներ կատարել. «Եղել են տարիներ, որ թերթերում հայտարարվել են մրցույթներ մեր բանակի համար: Մեր բախտը բերել է 1-2 անգամ, երբ ազնիվ մրցույթներ են եղել, մենք մասնակցել ենք ու հաղթել: Մենք վերցնում ենք այն պատվերները, որ հանրապետությունում երկրորդը չկա, որ կարողանա տալ նման արտադրանք: Մենաշնորհ չունենք՝ ուղղակի եզակի արտադրողն ենք»: ԱԺ ամբիոնից Գագիկ Կոստանդյանը հայտարարել էր, թե «կեղծ է եւ հին» այն տեղեկատվությունը, որ «Ազգային միաբանությունը» Սերժ Սարգսյանից «անուղղակի ֆինանսավորվում եւ զբաղվում է մատակարարումներով»: Մեր հարցին, թե ե՞րբ են արվել այդ մատակարարումները՝ պրն Կոստանդյանը պատասխանեց՝ 2 տարի առաջ. «Իսկ երբ ես արդեն դարձա ընդդիմադիր խմբակցության անդամ՝ մեր փաթեթներն ընդհանրապես չէին վերցնում մրցույթներին մասնակցելու համար: Այլեւս հաղթել-պարտվելու հարց էլ չէր լինում: Եվ խոսքը միայն պաշտպանության նախարարության մասին չէ, այլ ուրիշ տեղերում հայտարարված մրցույթների, որոնց ցանկացել ենք մասնակցել օրինական ձեւով: Մեզ ասում էին՝ վերցրեք ձեր թղթերն ու հետ գնացեք»: Հայտարարությամբ Գագիկ Կոստանդյանն անիծել էր. «Էն՝ ինչ որ մատակարարումների գործում մե՛ր գլխին են դնում՝ ձեր եւ ձեր մերձավորների գլխի՛ն գա»: Այժմ մանրամասնեց, թե ինչ պայմաններում է աշխատում. «Հումքը ներկրում ենք դրսից: Է՛լ կալանավորում են մեր մեքենաները: Է՛լ ամեն ելույթիցս հետո ինչքա՜ն ստուգող կազմակերպություն կա, գալիս են՝ դատախազությունից, ոստիկանությունից: Կյանքներս կերան՝ սուտ ակտեր գրելով: Ընկնում ենք դատարանների դռները: Ամբողջ կյանքս ինքս եմ ստուգող եղել, թղթաբանությունն ինձ մոտ իդեալական վիճակում է: Վերջը համոզվեցին, որ բան չեն կարող գտնել՝ 1,5 տարի է, հանգիստ են թողել»: Գագիկ Կոստանդյանի գնահատականով՝ ՕԵԿ անդամները «մեկ անգամ եւս ապացուցեցին, որ իրազեկ չեն ու արժանի չէին այն պաշտոններին, որոնք զբաղեցնում էին: Արժանի լինեին՝ գոնե տեղյակ կլինեին, թե ե՛րբ ենք շահել այդ մրցույթները եւ ի՛նչ պայմաններում: Եթե պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահը տեղյակ չէ նման բաներից՝ ուրեմն, ո՛չ ինքն է իր տեղում եղել, ո՛չ էլ ԱԺ նախագահը: Հանձնաժողովի նախագահը եթե ցանկանում էր ճիշտ տեղեկատվություն մատուցել՝ թող ուսումնասիրեր փաստերը, պարզեր, թե որն էր մեր նպատակը՝ փող աշխատե՞լը, թե՞, ասենք, աշխատատեղեր ապահովելը»: Մեր զրույցի ավարտին Գագիկ Կոստանդյանը պատրաստակամություն հայտնեց էլի կատարել «ՊՆ-ի, նաեւ ոստիկանության ու մասնավոր ձեռնարկությունների պատվերները՝ միայն թե աշխատատեղեր ստեղծվեն մեր ժողովրդի համար: Բայց չեն տալիս շատ պատվերներ, քանի որ ընդդիմություն ենք: Ոչի՛նչ, Աստված ողորմած է՝ կսպասենք»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Գագիկ Կոստանդյանը նաեւ մի բավական հետաքրքիր տեղեկություն հայտնեց, թե ՕԵԿ-ին ընդդիմության շարքերում ներդնելու մասին լուրը իրենք ստացել էին ամիսներ առաջ: Եվ ասվել էր նաեւ, թե ո՛ր քաղաքական ուժերն են միանալու ՕԵԿ-ին: Այս մասին մանրամասն՝ առաջիկայում: