Իտալիայի
Թուրին քաղաքում, որտեղ կայանում է անցնող մրցաշրջանի բոլոր կարեւորագույն մրցաշարերը,
շարունակվում է շախմատի տղամարդկանց եւ կանանց 37-րդ համաշխարհային օլիմպիադան: Նախօրեին
կայացած երրորդ տուրում Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը հանդիպեց Դանիայի
քառյակի հետ եւ 3:1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ: ՖԻԴԵ-ի գավաթակիր եւ գրոսմայստեր
Լեւոն Արոնյանն առաջին խաղատախտակի առջեւ առավելության հասավ մրցակից թիմի առաջատար
Պետեր Նիլսենի նկատմամբ: Հաղթանակ տոնեց նաեւ Վլադիմիր Հակոբյանը, որի մրցակիցը Բերգ
Հանսենն էր: Իսկ ահա Գաբրիել Սարգսյանն ու Արտաշես Մինասյանը միավորը բաժանեցին համապատասխանաբար
Լարս Հանսենի եւ Դավոր Պալոյի հետ: Օլիմպիադայում տանելով երրորդ անընդմեջ
հաղթանակը՝ մեր տղաների ընտրանին 9,5 միավորով զգալիորեն բարելավեց դիրքերը մրցաշարային
աղյուսակում եւ բարձրացավ 8-րդ հորիզոնական: Իսկ առաջատարների տասնյակը երրորդ տուրից
հետո հավասար՝ 10,5-ական միավորով գլխավորում են Ռուսաստանը, Չինաստանը եւ Ուզբեկստանը:
Նրանց 10,0-ական միավորով հաջորդում են Հունաստանը, Ուկրաինան, Հոլանդիան: Հայաստանը
Բուլղարիայի, Իսպանիայի, Նորվեգիայի, Բրազիլիայի, Իսլանդիայի հետ միասին բաժանում
է 7-12-րդ տեղերը եւ առանձին շախմատիստների վաստակած միավորների քանակով է ընթանում
8-րդ տեղում: Երեկ կայացած չորրորդ տուրում հանդիպում էին Հայաստանն ու Նորվեգիան:
Ըստ խաղատախտակների հաջորդականության, զույգեր էին կազմել Լեւոն Արոնյանն ու Երլենդ
Յոհանսենը, Վլադիմիր Հակոբյանն ու Կժետիլ Լին, Սմբատ Լպուտյանն ու Էյնար Գուսելը,
Գաբրիել Սարգսյանն ու Ռուն Ջուրհուսը: Ի տարբերություն տղաների, երրորդ տուրում
մեր աղջիկները մեքսիկացիների հետ խաղում էին սեւ խաղաքարերով: Այդուհանդերձ, մրցամարտն
ավարտվեց հայուհիների առավելությամբ՝ 2:1: Լիլիթ Մկրտչյանը «զինաթափեց» Յադիրա Հերնանդեսին,
Էլինա Դանիելյանը՝ Ալեխանդրա Ռոդրիգես Գուրերոյին եւ միայն Նելլի Աղինյանը չկարողացավ
դիմադրություն ցույց տալ Ադրիա Կարերասին: Այս հաղթանակից հետո մեր աղջիկները նույնպես
վեր բարձրացան մրցաշարային աղյուսակում՝ 6,5 միավորով հայտնվելով 16-րդ տեղում: Իսկ
միանձնյա առաջատարն առայժմ Լիտվայի եռյակն է՝ 9,0 միավորով: Չորրորդ տուրում
Հայաստանի հավաքականը հանդիպեց Էկվադորի թիմին: Լիլիթ Մկրտչյանի մրցակիցը Մարթա Ֆիերոն
էր, Էլինա Դանիելյանինը՝ Էվելին Մունկայոն, իսկ Սիրանուշ Անդրիասյանինը՝ Ռոսիո Վասկեսը:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ