Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԻՍԱԲԵԿՅԱՆՆԵՐՆ ՈՒՇԱՑՆՈՒՄ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Մայիս 25,2006 00:00

Պարզաբանում
են բոլոր կողմերը Ապրիլի 20-ից փակ են Երեւանի քաղաքապետարանի «Հայ-Արտ» մշակութային
կենտրոնի՝ շուրջ 1 տարի առաջ վերանորոգված առաջին հարթակի դռները, ուր քաղաքապետի
որոշմամբ պետք է կազմակերպվեր Էդվարդ Իսաբեկյանի աշխատանքների մշտական ցուցահանդես՝
որդու եւ հարսի ջանքերով: Իսկ «Հայ-Արտի» աշխատակազմը ժամանակավորապես հանգրվանել
է Մամուլի շենքում եւ չի դադարեցրել իր գործունեությունը: Հիշեցնենք, որ հենց «տնվորային»
կարգավիճակում կենտրոնը քաղաքապետարանի ճեմասրահում իրականացրեց ավիավթարի զոհերի
հիշատակին նվիրված բարեգործական ցուցահանդես-ակցիան: Պարզելու համար, թե ինչու
է ուշանում հոր՝ էդվարդ Իսաբեկյանի ցուցահանդեսի բացումը, դիմեցինք Գեղարվեստի ակադեմիայի
ռեկտոր Արամ Իսաբեկյանին: «Քաղաքապետարանը դեռ գործեր ունի այնտեղ անելու. ոչինչ
պատրաստ չէ, կախիչներ չկան, ահագին բան չկա, միայն պատերն են վերանորոգված: Էնպես
որ, դա ինձնից չի կախված, այլ քաղաքապետ Երվանդ Զախարյանի ցանկությունից»,- պատասխանեց
պրն Իսաբեկյանը: Նրան զայրացրեց նկարիչների շրջանում վերջերս շրջանառվող այն դիտարկումը,
թե ցուցասրահի բացումն ուշանում է այն պատճառով, որ Իսաբեկյան ընտանիքը քաղաքապետարանին
պատրաստվում է նվիրել ոչ թե Էդ. Իսաբեկյանի աշխատանքների օրիգինալները, այլ պատճենները:
«Էլի ուզում եք մի վատ բան գրել: Այդ լուրերը բամբասանքներ են: էդտեղ («Հայ-Արտում»-
Գ. Հ.) լինելու է Էդվարդ Իսաբեկյանի թանգարան, որտեղ ցուցադրվելու են նրա նկարները:
Ես երբեք Էդվարդ Իսաբեկյանի նկարները կոպիա չեմ արել, իսկի իմ նկարների համար ժամանակ
չունեմ»,- բորբոքվեց նկարչի նկարիչ որդին: Կապվեցինք նաեւ Իսաբեկյանի հարսի՝
Իրինա Իսաբեկյանի հետ, որը վերջերս նշանակվել է «Հայ-Արտի» կազմում գործող Իսաբեկյանի
ցուցասրահի բաժնի պետ: Հարցին՝ ինչո՞ւ շուրջ մեկ ամիս կողպված են «Հայ-Արտի» առաջին
հարթակի դռները եւ ե՞րբ ենք հնարավորություն ունենալու դիտել ճանաչված նկարչի աշխատանքները,
տիկ. Իսաբեկյանը պատասխանեց. «Այո, ես տնօրենն եմ, բայց քաղաքապետարանը պիտի ներսը
պատրաստի, գազիֆիկացնի, անհրաժեշտ պայմաններ ստեղծի: Շենքը սառն է ու խոնավ նույնիսկ
ամառվա շոգին, մինչեւ ջեռուցում չլինի՝ նկարներ չենք կարող կախել: Դիմել ենք փոխքաղաքապետ
Արման Սահակյանին ու դեռ պատասխանի ենք սպասում»: Փոխքաղաքապետ Արման Սահակյանը
«Առավոտին» ասաց, որ քաղաքապետարանը իր մասով վաղուց ավարտել է ցուցասրահի հետ կապված
բոլոր աշխատանքները, իսկ մնացածն արդեն Իսաբեկյանների խնդիրն է: Նա նաեւ տեղեկացրեց,
որ քաղաքապետարանը մեկ տարի առաջ ավարտել է առաջին հարթակի վերանորոգման աշխատանքները:
Վերջապես լուծվել է նաեւ «Հայ-Արտի» կոյուղագծերի հարցը, խնդիր, որը մշակութային
կենտրոնի ստեղծման օրվանից մինչեւ վերջերս առկախ էր: «Այնտեղ արդեն նորմալ վիճակ
է, մնում է բերել նկարները ու կախել: Ինչ վերաբերում է կենտրոնի գազիֆիկացմանը, այդ
աշխատանքների համար էլ գումար է հատկացված, սակայն չեմ կարծում, թե այս շոգին այնտեղ
գազիֆիկացումը խիստ անհրաժեշտ է»,- ասաց Ա. Սահակյանը: Փոխքաղաքապետից փորձեցինք
ճշտել՝ ի վերջո դա Էդվարդ Իսաբեկյանի ստեղծագործությունների ցուցասրա՞հ է լինելու
«Հայ-Արտի» կազմում, թե՞ առանձին թանգարան, ինչպես պնդում են Իսաբեկյանները: Փոխքաղաքապետը
պարզաբանեց. «Դա, ըստ էության, ցուցասրահ է, որտեղ կներկայացվեն Իսաբեկյանի աշխատանքները:
Բացի այդ, Էդվարդ Իսաբեկյանը դեռ ողջ է, իսկ թանգարանում պահվում են ոչ միայն արվեստագետների
գործերը, այլեւ նրանց պատկանող ամեն ինչ: Ի դեպ, եթե մյուս անվանի նկարիչներն ու
քանդակագործներն էլ ցանկություն հայտնեն «Հայ-Արտում» ցուցադրվել, նրանց եւս կընդառաջենք»:
«Առավոտը» հարկ համարեց նաեւ «Հայ-Արտ» մշակութային կենտրոնի տնօրեն Ռիտա
Շառոյանից պարզաբանում ստանալ խնդրի առնչությամբ: «2006-ի ապրիլի 20-ից Իրինա
Իսաբեկյանը նշանակվել է Էդվարդ Իսաբեկյանի ցուցասրահի բաժնի պետ: Նրա վրա է դրված
ցուցասրահի եւ ցուցադրության պահպանության ու անվտանգության հսկողությունը, ինչպես
նաեւ նյութատեխնիկական պատասխանատվությունը: Այդ օրվանից «Հայ-Արտի» աշխատակազմը,
որ գործում էր առաջին հարթակի փոքրիկ աշխատասենյակում, ազատեց տարածքը, որպեսզի օր
առաջ լուծվեն ցուցադրության կազմակերպական աշխատանքները: Ես, իբրեւ «Հայ-Արտի» տնօրեն
եւ Էդվարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագու, շահագրգիռ եմ այդ ցուցահանդեսի կազմակերպմամբ:
Մանավանդ միշտ էլ ամերիկյան «Հորիզոն» հեռուստաընկերության եթերից սփռվող իմ բազմաթիվ
հեղինակային հեռուստահաղորդումներով ու «Անդրադարձ» թերթի իմ հրապարակումներով հավաստել
եմ ջերմ վերաբերմունքս Էդվարդ Իսաբեկյանի անձի ու արվեստի հանդեպ: Երախտագիտությունս
եմ հայտնում Երեւանի քաղաքապետին, որի պատրաստակամության արդյունքում է այդ հարթակն
այսօր պատրաստ շահագործման: Մնում է, որ Իսաբեկյան ընտանիքն էլ իր հերթին հնարավորինս
արագացնի ցուցահանդեսի բացումը եւ արվեստասեր հասարակայնությանը վերջապես հնարավորություն
ընձեռվի մոտիկից շփվել սիրված նկարչի արվեստի հետ»,- «Առավոտին» ասաց տիկ. Շառոյանը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել