Այդպես
է կարծում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը Օրերս Կիեւում տեղի է ունեցել ՎՈՒԱՄ
(Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) կազմակերպության գագաթաժողովը, որտեղ պաշտոնապես
հայտարարվել է կառույցը միջազգային կազմակերպության՝ «Ժողովրդավարության եւ զարգացման
կազմակերպությունՎՈՒԱՄ» վերակազմավորելու մասին: Ստորագրված հռչակագրում հաստատված
է անդամ պետությունների պատրաստակամությունը՝ սերտացնել հարաբերությունները Եվրամիության
եւ ՆԱՏՕ-ի հետ, իսկ նախագահները ստորագրել են նաեւ ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին
հուշագիր: Նախատեսվում է, որ հաջորդ փուլը լինելու է սահմանապահ եւ մաքսային ծառայությունների
միասնականացումը, ինչը, Ուկրաինայի նախագահի համոզմամբ, «ճանապարհ է դեպի լիարժեք
եվրոպական ինտեգրում»: Ի դեպ, նույն օրերին հետեւելով Վրաստանի օրինակին,
Մոլդովան էլ՝ իր խորհրդարանի մակարդակով, մոտ ժամանակներս քննարկելու է ԱՊՀ կազմից
դուրս գալու հնարավորության հարցը: Բացի այս, ս.թ. մայիսի 15-ից սկսվել են վրաց-ուկրաինական
պաշտոնական խորհրդակցություններ՝ ԱՊՀ-ում այդ երկրների մնալու նպատակահարմարության
շուրջ: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի հետ: Նրա
դիտարկմամբ, այս երեւույթներն ավելի խորքային բնույթ ունեն. «Այս ամենի գլխավոր պատճառն
այն է, որ ԱՊՀ-ի հիմնական կառույցները կառուցված էին մեկ գլխավոր սկզբունքի՝ անդամ
երկրներին որոշակի արտոնություններ վերապահելու հիման վրա: Օրինակ, ռուսական գազը
ԱՊՀ երկրները ստանում էին ՌԴ-ի ներքին գներով: Նույնպիսի արտոնություն գործում էր
ՀԱՊԿ-ի շրջանակներում՝ զենք ու զինամթերքի գնման դեպքում: Բայց քանի որ ՌԴ-ն ինքն
իր նախաձեռնությամբ ու միակողմանիորեն սկսեց փոխել խաղի կանոնները, հարց առաջացավ՝
ի՞նչ իմաստ ունի այս երկրներին Ռուսաստանի հետ մնալ նույն կառույցում, որտեղ այլեւս
արտոնություններ չկան: Բացի այդ, ԱՊՀ-ում նաեւ թույլ գործող, բայց ինչ-որ ընդհանուր
տնտեսական դաշտ կար, որը վերջին մեկ տարվա ընթացքում ինչ-ինչ պատճառներով սկսել է
չգործել: Հիշեցնեմ, որ ՌԴ-ն արդեն երկու տարի առաջ միակողմանիորեն հրաժարվեց Վրաստանի
հետ «առանց վիզայի» ռեժիմից, հրաժարվեց Ուկրաինայի մսամթերքից ու կաթնամթերքից, Վրաստանի
պարագայում՝ գինուց ու մրգերից: Նույն իրավիճակն է նաեւ Մոլդովայի դեպքում: Այս պարագայում
հիշյալ երկրներն էլ սկսեցին մտածել, որ եթե այլեւս արտոնություններ չկան՝ ի՞նչ իմաստ
ունի մնալ ԱՊՀ-ում»: Բայց Ստ. Գրիգորյանի մատուցմամբ, կա շատ խորքային ու
կարեւոր այլ պատճառ եւս: Դա, ըստ նրա, այն է, որ ի տարբերություն, օրինակ՝ Եվրամիության,
որին անդամակցելու համար որեւէ երկիր պետք է բավարարի շատ կոնկրետ չափանիշների ու
սկզբունքների՝ ժողովրդավարություն, ազատ ու մրցակցային շուկա, ԱՊՀ-ին անդամակցելու
միակ սկզբունքը որեւէ երկրի՝ այդ կառույցին անդամակցելու ցանկությունն է: «Երբ ԱՊՀ
կառույցին անդամակցելու միակ գրավականը՝ արտոնությունները, այլեւս չկա, Վրաստանի,
Ուկրաինայի եւ Մոլդովայի դեպքում, որտեղ ժողովրդավարացման ու տնտեսական ոլորտներում
բարեփոխումներին միտված լուրջ քաղաքական պրոցեսներ են ընթանում, ավելի կարեւորվում
է մի կողմից՝ հակաժողովրդավարական, մյուս կողմից՝ դեպի ժողովրդավարություն ձգտող
համակարգերի ուժեղ բախումը: Որ ԱՊՀ-ն քանդման փուլում է, ու դա ընդամենը ժամանակի՝
նույնիսկ օրերի հարց է, ես վաղուց եմ ասել»,- հիշեցրեց Ստ. Գրիգորյանը: Անդրադառնալով
ՎՈՒԱՄ-ի՝ ԱՊՀ-ի հետ մրցակցելու եւ այլընտրանք դառնալու հնարավորությանը, քաղաքագետը
կարծիք հայտնեց, թե՝ ՎՈՒԱՄ-ն ինչ-որ չափով այդ դերը կխաղա, բայց, այնուամենայնիվ,
ո՛չ գլխավոր դերը: «Գլխավոր դերում այս տարածաշրջանում լինելու է «Բալթյա-Սեւծովյա-Կասպիցծովյան
համագործակցությունը», որի նախաձեռնությամբ 2005-ին հանդես եկան Սահակաշվիլին ու
Յուշչենկոն: Այդ ձեւաչափի շրջանակներում թվով երկրորդ ոչ պաշտոնական գագաթաժողովը
տեղի ունեցավ Վիլնյուսում այս տարվա մայիսի 1-4-ը: Այդ ձեւաչափում ներկայացված են
մերձբալթյան երկրները, Լեհաստանը, Ռումինիան, Բուլղարիան, Մոլդովան, Ուկրաինան, Վրաստանը:
Սա ՎՈՒԱՄ-ից ավելի լայն ձեւաչափ է, որի նպատակը դեպի ժողովրդավարություն ձգտող երկրներին
օգնություն ցույց տալն է: Բանն այն է, որ սոցիալիզմից դեպի ազատ շուկայական հարաբերությունների
անցման մեծ փորձ ունեցող երկրները՝ Ռումինիան, Լեհաստանն ու Բուլղարիան այդ համակարգերի
տրասֆորմացիան հաջողությամբ են անցել, ու այդ իմաստով շատ կարեւոր է նրանց դերն ու
փորձը այդ ճանապարհը բռնած երկրների համար: Ինչ վերաբերում է Հայաստանին,
ապա նա կարող է շարունակել անհեռանկարային ճանապարհով գնալ եւ ընդհանրապես մեկուսանալ
բոլոր գործընթացներից, քանի որ ՌԴ-ի դուրս գալն այս տարածքներից՝ անխուսափելի է:
Բայց Հայաստանը դեռ կարող է ամեն ինչ շտկել, հակառակ դեպքում մենք է՛լ ավելի կմեկուսանանք
ու դուրս կմնանք միջազգային տնտեսական մնացած ծրագրերից: Այսօր էլ կան հնարավորություններ,
օրինակ՝ հայ-իրանական գազամուղը դարձնել տարանցիկ, կամ խցկվել միջազգային երկաթուղային
նախագծերի մեջ»,- համոզմունք հայտնեց Ստ. Գրիգորյանը: ՆԱԻՐԱ
ՄԱՄԻԿՈՆՅԱՆ