Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԳԻՐ, ՈՐ «ՎԻԶԱ» ՏԱՆՔ

Մայիս 25,2006 00:00

Հայաստանում
Իտալիայի դեսպանատունը ստորացնում է ՀՀ քաղաքացիներին՝ բոլորին կասկածելով երկրից
փախչելու մտադրության մեջ: Վերջին շրջանում Իտալիայի դեսպանատան աշխատանքից
բազմաթիվ բողոքներ են լինում: Մուտքի արտոնագիր (վիզա) ստանալու համար դեսպանատուն
դիմած մարդիկ վստահեցնում են, որ, արհեստական խոչընդոտներ ստեղծելու առումով, Իտալիայի
դեսպանատունը «տվել-անցել» է ԱՄՆ-ի, Գերմանիայի եւ այլ դժվարամատչելի դեսպանատներին:
Իսկ դեսպանատան նոր «կարգերի» դեմ ընդդիմացողներին ու բողոքողներին գցում են Շենգեն
վիզայի սեւ ցուցակ՝ նրանց որակելով որպես կարգազանց հաճախորդներ եւ վերջիններս ընդհանրապես
զրկվում են Շենգեն վիզայից: Բանն այն է, որ մոտ մեկ ամիս է դեսպանատան նախկին կցորդի
պարտականությունները կատարում է Ջորջո Տոֆոնեն, որն էլ թղթարարությունը կազմակերպում
է սեփական մեթոդներով: Ինչն էլ թե՛ անհատական մեկնողների եւ թե՛ տուրիստական գործակալությունների
դժգոհությունների ալիք է բարձրացրել: Իտալիայի դեսպանատան հետ աշխատող 17
գործակալություն այս ամենի հետ կապված օրերս դիմել է Իտալիայի եւ Հայաստանի արտգործնախարարություններին:
Հաճախորդների ներկայացմամբ, մարդկանց ամենաստորացուցիչ պայմանների մեջ են դնում:
Եղել է դեպք, երբ երգչախումբ է մեկնելիս եղել եւ դեսպանատան աշխատակիցները խմբի բոլոր
անդամներին մեկ-մեկ երգացրել են, տեսնելու՝ իրո՞ք երգել գիտեն եւ վերջում էլ մերժել
են: Հետաքրքիր է, եթե մեկնողը ներկայանար լողորդ, բռնցքամարտիկ, վարսավիր կամ գինեկոլոգ,
դեսպանատունն ինչպես պիտի համոզվեր՝ ճի՞շտ են ասում, թե՞ ոչ: Մեր տեղեկություններով,
վերջերս էլ նոր կցորդը վերցրել ու միանգամից մերժել է Սան-Մարինո մեկնող ֆուտբոլի
մեր երիտասարդական հավաքականին եւ միայն կողմնակի միջամտությունից հետո է Ջ. Տոֆոնեն
իր որոշումը վերանայել: Բողոքներին ի պատասխան, դեսպանատունն իր կոշտ մեթոդներն
այսպես է պատճառաբանել. «Դա բխում է օրենքի պահանջներից եւ միտված է կանգնեցնելու
սակավաթիվ անազնիվներին՝ ի շահ մեծաքանակ ազնիվների»: Հղում անելով օրենքին եւ իբր
արտագաղթը կանխելու պատրվակով, դեսպանատունը նույնպիսի պատճառաբանությամբ մեկնողներից
պահանջում է իրեն տրամադրել բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ, եւ եթե
հաճախորդը բանկային հաշիվ ունի, ապա նշի, թե «վեց ամիսների ընթացքում որքան է կազմել
նրա հաշվի միջին մնացորդը» եւ այլն: Կամ մուտքի արտոնագիր ստանալու համար ստիպում
են, որպեսզի աշխատավայրից բերված տեղեկանքին կցեն տվյալ հիմնարկի տնօրենի անձնագրի
առաջին էջի պատճենը: Սա ոչ միայն չի բխում որեւէ օրենքի պահանջներից, այլեւ հակասում
է ՀՀ-ում գործող մի շարք օրենքներին: Ի դեպ, հարցաթերթիկի վերջում դեսպանատունը
նույնիսկ հաճախորդներին վախեցնելու մեթոդ է գտել՝ նշելով, որ աշխատավայրից բերված
տեղեկանքում սխալ տվյալներ ներկայացնելու կամ բանկային հաշվեհամարի մասին չտեղեկացնելու
դեպքում կենթարկի «քրեական պատասխանատվության՝ արտագաղթին օժանդակելու համար»: Մարդիկ
անհեթեթություն են համարում նաեւ այն, որ նոր կարգով մեկնողների ներկայացրած փաստաթղթերին
դեսպանատանը ծանոթանում են 20 աշխատանքային օրվա ընթացքում՝ շաբաթ-կիրակիներն էլ
հետը՝ գործընթացը մոտ մեկ ամիս տեւում է: Գործարար հաճախորդների ներկայացմամբ, մարդկանց
անձնագրերը մեկ ամիս պահում են դեսպանատանը եւ իրենք այդ ընթացքում չեն կարողանում
որեւէ այլ գործարք անել, եւ, որ ամենակարեւորն է, այդքան քաշքշուկից հետո անհիմն
պատճառաբանությամբ մերժում են: Գործարարներից մեկը պատմում է, որ ինքը բիզնեսի
նպատակով 15-20 անգամ Իտալիա է մեկնել, սակայն այսօր իրեն մերժում են: Ըստ նրա, հիմք
չեն ընդունում նույնիսկ Իտալիայում մի հեղինակավոր կազմակերպության երաշխավորագիր-նամակը:
Արհեստական խոչընդոտների պատճառով տուրիստական գործակալությունները հրաժարվում են
դեպի Իտալիա տուրիզմ կազմակերպելուց: Ըստ գործակալությունների տնօրենների, մի քանի
օր առաջ էլ դեսպանատունն իրենց բանավոր տեղյակ է պահել, որ այլեւս չի ցանկանում գործակալությունների
հետ աշխատել, եւ որ այսուհետեւ տուրիստներն անձամբ պետք է փաստաթղթերը ներկայացնեն
դեսպանատուն: Նկատենք, որ գործակալությունները հենց նրա համար են, որ մարդկանց զերծ
պահեն նման քաշքշուկներից: Մինչդեռ այս դեպքում Իտալիայում հանգստանալ ցանկացողը
պետք է իր գործը թողած մեկ ամիս շարունակ ընկնի դեսպանատան դռները եւ հայտնի էլ չէ,
կմեկնի՞, թե՞ ոչ: Գործարարների պատմելով, դեսպանատանը VIP հաճախորդների «ակումբ»
է հիմնվել, որը տնօրինում է Գեղամ անունով մի հայ: Տեղեկանալով, որ մեկնողը գործարար
է, նախ ճշտում են՝ «Գեղամի մոտ եղե՞լ ենք»: Իսկ Գեղամը բացատրում է, որ եթե 500 դոլար
վճարեն եւ տրամադրեն անձնագիր ու երկու լուսանկար՝ զերծ կմնան բոլոր տեսակի թղթաբանություններից:
Երեկ ողջ օրվա ընթացքում դեսպանատան հեռախոսները չէին պատասխանում: Պատրաստ ենք տպագրել
նաեւ նրանց պարզաբանումը: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել