Այսպես
է «Ազգային միաբանություն» խմբակցության պատգամավոր Գագիկ Կոստանդյանը գնահատում
այն հանգամանքը, որ ՕԵԿ անդամները խեղաթյուրված տվյալներ են նշում իր տնտեսական գործունեության
մասին: «Այսօր որեւէ մեկը կարո՞ղ է ինձ ապացուցել հակառակը, թե հնարավոր է
առանց առաջին դեմքերի հետ լուրջ կապերի, համաձայնության՝ պաշտպանության նախարարությանն
ապրանքներ մատակարարել».- «Ազատություն» ռ/կ-ին մայիսի 20-ին այսպես մեկնաբանեց ԱԺ
նախագահ Արթուր Բաղդասարյանն այն փաստը, որ «Ազգային միաբանության» անդամ Գագիկ Կոստանդյանի
ձեռնարկությունը կատարում է ՊՆ պատվերները: «Գեղամյանը խոսում է Սերժ Սարգսյանի դեմ,
իսկ նրա խմբակցության անդամը Սերժ Սարգսյանի գլխավորած նախարարությանը մատակարարում
է ապրանքներ»,- ասաց Արթուր Բաղդասարյանը: Փորձեցինք պարզել, թե այդ ի՞նչ
ապրանքներ է մատակարարել ՊՆ-ին «Ազգային միաբանության» անդամը: Պարզվեց, որ խոսքը
«Գոռ» ՍՊԸ-ի մասին է, որի գործադիր տնօրենն էր Գագիկ Կոստանդյանը 1996-1999-ին, իսկ
այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է նրա կինը: «Այդ ֆաբրիկան կտակով որպես ժառանգություն
ստացել եմ հորիցս»,- պնդեց պատգամավորը: «Մենք դալալությամբ չենք զբաղվում՝
համակարգիչներ մի տեղից բերենք՝ այստեղ վաճառենք,- ոչ իրազեկների համար պարզաբանենք,
որ պրն Կոստանդյանն ակնարկում է Արթուր Բաղդասարյանի եղբոր բիզնեսը: Սակայն որքան
մեզ հայտնի է, վերջինս արդեն իսկ վաճառել է իր «Կոմպյուտեր սիթի»-ն:- Իսկ մենք արտադրողներ
ենք, աշխատատեղ ենք ստեղծում»: Ըստ «Գոռ» ընկերության սեփականատեր պատգամավորի՝ «Այդ
ֆաբրիկան կառուցվել է 1988 թվականին՝ ո՛չ գնել ենք, ո՛չ էլ խլել: Քարը քարի վրա դնելով՝
ստեղծել ենք մեծ արտադրություն, որն այսօր արդեն ունի 300 աշխատատեղ: Պետությանը
ոչ մի լումայի պարտք չունենք: Հիմնականում արտադրում ենք համազգեստներ: Մորթին, կտորը
դարձնում ենք վերջնական արտադրանք: Եվ հիմնականում դուրս ենք առաքում՝ Իրան եւ Ռուսաստան»:
Այդ իսկ պատճառով, ըստ Գագիկ Կոստանդյանի՝ ֆիզիկապես չէին էլ հասցնի Հայաստանում
մեծ պատվերներ կատարել. «Եղել են տարիներ, որ թերթերում հայտարարվել են մրցույթներ
մեր բանակի համար: Մեր բախտը բերել է 1-2 անգամ, երբ ազնիվ մրցույթներ են եղել, մենք
մասնակցել ենք ու հաղթել: Մենք վերցնում ենք այն պատվերները, որ հանրապետությունում
երկրորդը չկա, որ կարողանա տալ նման արտադրանք: Մենաշնորհ չունենք՝ ուղղակի եզակի
արտադրողն ենք»: ԱԺ ամբիոնից Գագիկ Կոստանդյանը հայտարարել էր, թե «կեղծ է
եւ հին» այն տեղեկատվությունը, որ «Ազգային միաբանությունը» Սերժ Սարգսյանից «անուղղակի
ֆինանսավորվում եւ զբաղվում է մատակարարումներով»: Մեր հարցին, թե ե՞րբ են արվել
այդ մատակարարումները՝ պրն Կոստանդյանը պատասխանեց՝ 2 տարի առաջ. «Իսկ երբ ես արդեն
դարձա ընդդիմադիր խմբակցության անդամ՝ մեր փաթեթներն ընդհանրապես չէին վերցնում մրցույթներին
մասնակցելու համար: Այլեւս հաղթել-պարտվելու հարց էլ չէր լինում: Եվ խոսքը միայն
պաշտպանության նախարարության մասին չէ, այլ ուրիշ տեղերում հայտարարված մրցույթների,
որոնց ցանկացել ենք մասնակցել օրինական ձեւով: Մեզ ասում էին՝ վերցրեք ձեր թղթերն
ու հետ գնացեք»: Հայտարարությամբ Գագիկ Կոստանդյանն անիծել էր. «Էն՝ ինչ որ
մատակարարումների գործում մե՛ր գլխին են դնում՝ ձեր եւ ձեր մերձավորների գլխի՛ն գա»:
Այժմ մանրամասնեց, թե ինչ պայմաններում է աշխատում. «Հումքը ներկրում ենք դրսից:
Է՛լ կալանավորում են մեր մեքենաները: Է՛լ ամեն ելույթիցս հետո ինչքա՜ն ստուգող կազմակերպություն
կա, գալիս են՝ դատախազությունից, ոստիկանությունից: Կյանքներս կերան՝ սուտ ակտեր
գրելով: Ընկնում ենք դատարանների դռները: Ամբողջ կյանքս ինքս եմ ստուգող եղել, թղթաբանությունն
ինձ մոտ իդեալական վիճակում է: Վերջը համոզվեցին, որ բան չեն կարող գտնել՝ 1,5 տարի
է, հանգիստ են թողել»: Գագիկ Կոստանդյանի գնահատականով՝ ՕԵԿ անդամները «մեկ
անգամ եւս ապացուցեցին, որ իրազեկ չեն ու արժանի չէին այն պաշտոններին, որոնք զբաղեցնում
էին: Արժանի լինեին՝ գոնե տեղյակ կլինեին, թե ե՛րբ ենք շահել այդ մրցույթները եւ
ի՛նչ պայմաններում: Եթե պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի
մշտական հանձնաժողովի նախագահը տեղյակ չէ նման բաներից՝ ուրեմն, ո՛չ ինքն է իր տեղում
եղել, ո՛չ էլ ԱԺ նախագահը: Հանձնաժողովի նախագահը եթե ցանկանում էր ճիշտ տեղեկատվություն
մատուցել՝ թող ուսումնասիրեր փաստերը, պարզեր, թե որն էր մեր նպատակը՝ փող աշխատե՞լը,
թե՞, ասենք, աշխատատեղեր ապահովելը»: Մեր զրույցի ավարտին Գագիկ Կոստանդյանը
պատրաստակամություն հայտնեց էլի կատարել «ՊՆ-ի, նաեւ ոստիկանության ու մասնավոր ձեռնարկությունների
պատվերները՝ միայն թե աշխատատեղեր ստեղծվեն մեր ժողովրդի համար: Բայց չեն տալիս շատ
պատվերներ, քանի որ ընդդիմություն ենք: Ոչի՛նչ, Աստված ողորմած է՝ կսպասենք»: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Գագիկ Կոստանդյանը նաեւ մի բավական հետաքրքիր
տեղեկություն հայտնեց, թե ՕԵԿ-ին ընդդիմության շարքերում ներդնելու մասին լուրը իրենք
ստացել էին ամիսներ առաջ: Եվ ասվել էր նաեւ, թե ո՛ր քաղաքական ուժերն են միանալու
ՕԵԿ-ին: Այս մասին մանրամասն՝ առաջիկայում: