Լրահոս
Օրվա լրահոսը

Կապերն ու փողը նպաստում են ապօրինությանը

Մայիս 24,2006 00:00

Կապերն ու փողը նպաստում են ապօրինությանը Բնակիչներին զրկում են հողից եւ արեւի լույսից Շիրակի մարզի նախկին դատավոր Լյովա Գաբրիելյանը, օգտագործելով իր նախկին կապերն ու հնարավորությունները, Գյումրիի քաղաքապետարանին պատկանող հողատարածքն ինքնակամ գրավել է եւ այդտեղ առանց քաղաքապետարանի թույլտվության շինարարություն սկսել: Նախկին դատավորի ինքնագործունեությունը հաստատել է նաեւ Քաղաքաշինության նախարարության քաղաքաշինական պետական տեսչությունը՝ ի պատասխան «Յարոսլավ» շինարարական կազմակերպության տարածքի բնակիչների բողոքին: Տեսչությունը հայտնել է, որ տարածքում իրականացվող շինարարությունն անօրինական է եւ ենթակա է քանդման: Սակայն ըստ բնակիչների, քաղաքապետարանը ոչ մի միջոց էլ չի ձեռնարկում եւ դատավորի խաթրին չի կպչում: Լ. Գաբրիելյանի զավթումներից հատկապես տուժել է Շահումյան 64 հասցեի բնակիչ Արսեն Հովհաննիսյանը, որը շուրջ 17 տարի մշակել է «Յարոսլավ» շինարարական տարածքին կից հողակտորը. «Տարածքը խճաքարերից մաքրել եմ, ցանկապատել, մեծ դժվարությամբ եւ ծախսերով 10 մեքենա սեւահող եմ լցրել, փորել եմ ջրհոր, քանի որ տարածքը զուրկ էր ջրից, տնկել եմ մոտ 40 պտղատու ծառ, ինչով էլ կարողացել եմ պահպանել ընտանիքիս գոյությունը»,- պատմեց Ա. Հովհաննիսյանը: Վերջինիս ներկայացմամբ՝ տարածքը դատավորի համար այնքան կարեւոր նշանակություն չունի, որքան իր ընտանիքի, քանի որ հողամասն իրենց գոյության միակ աղբյուրն է, իսկ նոր «տերն» իր հողամասի տեղում անասնագոմ է կառուցում. «Ես ամաչում եմ ընկերներիս, կնոջս ու երեխաներիս նայել, քանի որ ինձ անզոր եմ համարում այլեւս ընտանիքիս շահերի հետ կապված որեւէ հարց լուծել»: «Յարոսլավի» տարածքում դեռեւս բնակվում են երկրաշարժից տուժած եւ անչափահաս երեխաներ ունեցող անապահով ընտանիքներ, ինչը նախկին դատավորին այնքան էլ չի հուզում, քանի որ անասնագոմն իր չափերով մեծ է նախատեսված եւ տեղահան լինելու հերթն այս ընտանիքներին էլ է հասնելու: Քաղաքապետարանն ակնհայտորեն հակված չէ կանխելու Լ. Գաբրիելյանի անօրինական շինարարությունը եւ չի բացառվում, որ այն օրինականացնի, քանի որ հողատարածքը տարիներ շարունակ մշակած բնակիչների՝ հողը վարձակալությամբ իրենց հանձնելու բազմաթիվ դիմումները քաղաքապետարանը առանց պատճառաբանության մերժում է: Ղազար Փարպեցի փողոցի բնակիչներն էլ բողոքում են, որ իրենց բնակելիին կից թիվ 9 շենքի մի քանի ընտանիքներ բնակարանային պայմանները բարելավում են՝ մյուսների արեւի լույսի հաշվին շենքում կառուցելով ձեղնահարկ: Ի դեպ, այս բնակիչներն էլ վստահեցնում են, որ կառուցապատողները թափով մարդիկ են եւ պատկան մարմինների հետ բոլոր հարցերը փողով լուծում են: Բողոքողներից մեկը երգչուհի Շարա Տալյանի դուստրն է: Եթե տեղական իշխանությունների մակարդակով հարցը չլուծվի՝ նա պատրաստվում է դիմել բոլոր դեսպանատներին եւ միջազգային կառույցներին: Նկատենք, որ օրերս հրավիրած ասուլիսում մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը շենքերի հարկայնության ավելացման հետ կապված վստահեցրեց, որ այլեւս ինքնագործունեությամբ զբաղվող բնակիչներին թույլ չեն տալու հարկ ավելացնել. «Շենքը եթե նախագծով 4 հարկ է, հետո չի կարող դառնալ 5-6 հարկանի»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել