ՍԵՐԺԻ ԵՂԲԱՅՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է «ԻՐԱՎՈՒՆՔԻՆ» Երեկ խորհրդարանում ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանն ականատեսների ներկայությամբ վիրավորանքներ ու հայհոյանքներ է ուղղել «Իրավունք» թերթի թղթակից Թագուհի Թովմասյանին, նաեւ սպառնացել, որ եթե նա չբացահայտի տեղեկատվության աղբյուրը՝ «Չասես՝ ով է ասել, պրոբլեմներ կունենաս»: Պատճառը լրագրողի հրապարակումն էր, թե մայիսի 3-ին Սոչիի չվերթից առաջ «Շանթ» ռեստորանում նշվել է մի քրեական հեղինակության ծննդյան օրը, մասնակցել են 500-600 հոգի, նաեւ ԱԺ պատգամավորներ: Խնջույքի մասնակիցները խմելուց հետո մտաբերել են, որ մի քանի օր առաջ խնդիր են ունեցել Ալեքսանդր Սարգսյանի հետ՝ բավական խոշոր գումարի առնչությամբ, եւ նրան հանել են դուրս: Հենց ռեստորանի բակում տեղի է ունեցել «ռազբորկա», որը մի կերպ հարթվել է: «Քեզ ո՞վ է տվել այդ ինֆորմացիան: Դու ի՞նչ գիտես, որ գրել ես»,- երեկ ԱԺ միջանցքում Թագուհի Թովմասյանին հարցրել է Ալեքսանդր Սարգսյանը: Լրագրողը պատասխանել է, որ եթե ցանկանում է հերքել՝ խնդիր չկա, պատրաստ են այն տպագրել: «Ես ձեզ ի՞նչ հերքեմ, դուք կեղտ եք, դուք ի՞նչ թերթ եք, զիբիլ եք»,- ըստ ականատեսների՝ պատասխանել է Սաշիկ Սարգսյանը: Եվ սկսել վիրավորանքներ հասցնել, որից ամենամեղմն էր. «Դու ո՞վ ես, քեզնից ի՞նչ ես ներկայացնում»: Նրա հայհոյանքները չեն կարողացել զսպել անգամ միջադեպին ներկա տղամարդիկ: Ասենք, ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը փորձել է հեռացնել նրան, սակայն այդ ընթացքում նույնպես Ալեքսանդր Սարգսյանը շարունակել է հայհոյել երիտասարդ լրագրողին՝ բոլորի ներկայությամբ: Ավելի ուշ միջամտել է նաեւ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանը: Եվ հարցրել. «Ի՞նչ խնդիր ունես աղջկա հետ: Բա՞ն ունես ասելու՝ մե՛զ ասա»: Ի պատասխան Սարգսյանը նետել է. «Ձեր ամբողջ պրոբլեմն էն ա, որ դուք աղջիկներին եք դեմ տալի՝ ինքներդ հետ կանգնում»: Սրան հետեւել է արդեն պատգամավորների միջեւ լեզվակռիվը: Ա. Ի.