Երեկ՝
պաշտոնավարման 100-րդ օրը, Գեւորգ Գեւորգյանը հրաժեշտ տվեց մշակույթի նախարարի պաշտոնին:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ աշխատակազմին ներկայացրեց նոր նախարարին՝ Հասմիկ
Պողոսյանին: Հիշեցնենք, որ Գեւորգյանին եւ նախորդ 2 նախարարներին՝ Թամար Պողոսյանին
ու Հովիկ Հովեյանին, ներկայացրել էր Տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը,
եւ նույնիսկ անեկդոտ էր հյուսվել նրա «ոչ խերով» ձեռքի մասին: Ա. Մարգարյանը հույս
հայտնեց, որ գոնե մինչեւ 2007թ. մայիսը Հասմիկ Պողոսյանը կմնա նախարարի պաշտոնում:
Իսկ մինչ այդ, նա շնորհակալություն հայտնեց եւ իր համախոհը համարեց Գեւորգ Գեւորգյանին.
«3 ամսում Գեւորգյանը տարիների աշխատանք է կատարել… Շատ եմ ափսոսում, որ քաղաքական
իրավիճակի հետեւանքով առաջացավ նախարարի փոփոխության խնդիր»: Նոր նախարարին վարչապետը
վաղուց է ճանաչում. «Հասմիկ Պողոսյանը, ինչպես եւ պարոն Գեւորգյանը, անկուսակցական
է: ՄԱԿ կուսակցությունը առաջարկել է տիկին Պողոսյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով
նրա պրոֆեսիոնալիզմը, ոչ թե քաղաքական կողմնորոշումները: Մենք փորձելու ենք այսուհետեւ
նախարարություն բերել ոչ կուսակցական մարդկանց, որովհետեւ սկզբունք ունենք՝ չկուսակցականացնել
նախարարությունը»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ իմաստ ուներ մի անկուսակցականին
փոխարինել մյուսով, մանավանդ որ գոհ էին Գեւորգյանի աշխատանքից: Ի պատասխան՝ վարչապետը
հիշեցրեց կոալիցիայի հուշագրի ու պորտֆելները կուսակցությունների միջեւ բաժանված
լինելու մասին: Նաեւ մի քիչ նեղացավ, թե մշակույթի նախարարությամբ լրագրողներն ավելի
են հետաքրքրված, քան մյուս գերատեսչություններով. «Որքան մշակույթն է ազգային, այնքան
էլ կրթությունն ու բնապահպանությունը»: Վարչապետը խոստացավ, որ գուցե առաջիկայում
լուծվի Գեւորգյանի նոր աշխատանքի խնդիրը, մանավանդ «այն կարողություններն ու հնարավորությունները,
որ ունի պարոն Գեւորգյանը, չի կարելի թողնել փողոցում»: Բացի այդ. «ոչ պարոն Գեւորգյանը,
ոչ տիկին Պողոսյանը մեղավոր չէին, որ այսպես ստացվեց, դա քաղաքական պայմանավորվածություն
էր»: Արդեն նախկին նախարար Գ. Գեւորգյանը գտնում է, որ դեռ առիթներ կլինեն
իրեն հանդիպելու, ափսոսում է, որ հաշվետու ասուլիսը հետաձգվեց օբյեկտիվ եւ սուբյեկտիվ
պատճառներով: Հատկապես ափսոսում է, որ հեռացավ «Հայֆիլմից»: Հարցին՝ այսուհետեւ կհամաձայնի՞
ՕԵԿ-ի «շրջանակներում» լինել նախարար, Գեւորգյանը պատասխանեց. «Ինձ համար ոչ թե շրջանակներն
են կարեւոր, այլ այն, թե ինչ եմ ուզում անել: Այնպես որ, նշանակություն չուներ եւ
չի ունենա ՕԵԿ-ի, ՀՀՇ-ի, թե այլ կուսակցության կողմից կառաջադրվեմ»: Ի դեպ, Գ. Գեւորգյանին
սատարող մշակույթի գործիչները որոշել էին ասուլիս հրավիրել՝ ի պաշտպանություն արդեն
նախկին նախարարի, սակայն վերջինս ասել էր, որ դրա անհրաժեշտությունը չի տեսնում:
Հասմիկ Պողոսյանից «Առավոտը» հետաքրքրվեց՝ խիղճը չի՞ տանջում, որ իր պաշտոնավարման
առաջին օրը համընկնում է նախկին նախարարի պաշտոնավարման 100-րդ օրվա հետ: «Ես իմ
անձնական զգացումների մասին չեմ ուզում խոսել, մանավանդ բոլորդ գիտեք, որ մարդը լավ
է աշխատել: Նաեւ գիտեք, որ սա քաղաքական զարգացումների արդյունք է»,- ասաց նա: «Առավոտի»
հաջորդ հարցին՝ եկաք նախարարություն, որովհետեւ ԱՕԿՍ-ը սպառե՞լ էր իրեն, չէ՞ որ այդ
կազմակերպությունն էլ ստեղծագործական միությունների նման հնացած եւ վաղուց առաքելությունն
ավարտած կառույց է, տիկին Պողոսյանը պատասխանեց. «Համաձայնել եմ ոչ այդ պատճառով:
Հասարակական սեկտորի խնդիրը մշակութային կապերի հարցում մեծ է: ԱՕԿՍ-ը ահագին ծրագրեր
է իրականացնում»: Մեր մյուս հարցին՝ կլինի՞ կադրային ջարդ, մի բան, որից զերծ էր
մնացել Գեւորգյանը, Պողոսյանը պատասխանեց. «Հուսով եմ՝ ոչ: Պարոն Գեւորգյանի այն
հայտարարությունը, որ շատ համերաշխ եւ պրոֆեսիոնալ ապարատ է աշխատում, ինձ պարտավորեցնում
է»: Նորանշանակ նախարարն ասաց նաեւ, որ ամենապարտավորեցնողը, սակայն, իր Պողոսյան
ազգանունն է (այն հիշեցնելու է Թամար Պողոսյանին- Գ. Հ): Նոր Պողոսյանը չասաց, թե
որն է լինելու իր առաջին քայլը իբրեւ նախարար՝ «անլուրջի տպավորություն թողնել չեմ
ուզում, թողեք մի քիչ խորանամ, հետո ձեր հարցերին կպատասխանեմ»: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ