Երկու տարի առաջ Արարատի մարզի առաջին ատյանի դատարան էին դիմել Ռուզաննա, Սուսաննա, Կարինե, Խաչիկ Մանասերյանները՝ 2003թ. Մասիսի տարածքային նոտար Հերիքնազ Ղարիբյանի կողմից վավերացված նվիրատվության պայմանագիրը անվավեր ճանաչելու համար:
Ըստ այդ պայմանագրի, հոր մահից հետո Մանասերյանները զրկվել են իրենց ժառանգությունից, եւ 63,4 քմ բնակելի մակերեսով տունը, 26,4 քմ օժանդակ տարածությամբ, իր ողջ գույքով, 500քմ տնամերձ հողամասով անցել է հոր՝ Իշխան Մանասերյանի երկրորդ կնոջը: Ժառանգները գտնում են, որ իրենց իրավունքների խախտումը սկսվել է 1992թ. մոր մահվանից հետո, երբ «մեր հայրը կենդանի էր եւ այդ ընթացքում մեր մոր թողած ժառանգության շուրջ որեւէ տարաձայնություն չի եղել: Ավելին՝ տունը իր գույքով նոտարական կարգով չի ձեւակերպվել, ինչը հետագայում անտեսվել է վերոնշյալ նոտարական պայմանագիրը վավերացնելիս»: Դա խոսում է այն մասին, որ ինչպես հանգուցյալ հայրը, այնպես էլ նրա երեխաները հանդիսացել են առաջին հերթի ժառանգներ:
Թե առաջին ատյանի դատարանում, թե քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանում հայցվորի ներկայացուցիչ փաստաբանը հիմնավորումներ էր ներկայացրել, որ տան կառուցապատմանն ու հողի մշակմանն իրենք մասնակցություն են ունեցել, էլ չենք նշում այն հանգամանքը, որ նրանք ծնվել ու մեծացել էին այդ տանը: Խաչիկը արտագնա աշխատանքի էր մեկնել Ռուսաստան ընտանիքի՝ կնոջ եւ 3 երեխաների հետ: Եվ այս պատմությունը ստեղծվելու արդյունքում, քույրերը հրաժարվում են իրենց հասանելիք ժառանգությունից՝ հանուն իրենց եղբոր: Սակայն Արարատի մարզի առաջին ատյանի դատարանը հաշվի չառնելով իրական ժառանգների փաստարկները, վճռել էր, որ «Այնթապի գյուղապետի 02.11.04թ. տեղեկանքի համաձայն, Ռուզաննա, Սուսաննա, Կարինե Մանասերյանները 1991թ. դրությամբ Այնթապի գյուղապետարանի ծխամատյանում հաշվառման չեն եղել, իսկ Խաչիկ Մանասերյանը համարվել է առանձին ծուխ եւ վարել է առանձին տնտեսություն»: Ինչը, սակայն, չի նշանակում՝ մարդուն զրկել ժառանգությունից:
Դատարանը իր հիմնավորումներում նշել էր նաեւ, որ «Մոր մահից հետո ծուխը չէր մարել, ծխում մնացել էր միայն նրա ամուսինը՝ Իշխան Մանասերյանը, որն էլ միանձնյա իրականացրել է ծխի գույքի տիրապետումը, օգտագործումը եւ տնօրինումը: Դատարանը գտնում է, որ բացակայում են օրենսդրությամբ նախատեսված հիմքերը՝ ժառանգության ընդունման բաց թողած ժամկետը եւ Մանասերյանների ժառանգության իրավունքը վերականգնելու համար», ասվել էր վճռի ավարտական մասում: Նոր գյուղապետի պաշտոնական փաստաթղթի համաձայն, «1991թ. առանձին ծուխ համարվելուց հետո, մինչեւ 1994թ. Խ. Մանասերյանը համատեղ կյանք է վարել հոր հետ եւ նրա երկրորդ կնոջ հետ»՝ դարձյալ չեն նկատել դատարանները: Տեղեկացնենք, որ երկրորդ կինը գրանցվել է պաշտոնապես վիճելի տարածքում՝ 21.10. 03-ին: Վերաքննիչ դատարանը առանց քննության թողնելով Մանասերյանների բողոքը՝ «հիմքում» դրել է այն, որ հայցվոր կողմը դատարան չի ներկայացել: Գործը գտնվում է վճռաբեկ դատարանում:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ