Մարդիկ
այստեղ աշխատում, չեն վճարվում ու դեռ հեռացվում են աշխատանքից Խորհրդային
տարիներին Հայկական ԽՍՀ արդյունաբերական հզորություններից մեկը համարվող եւ 3000
աշխատող ունեցող ավտոդողերի գործարանը, որն այսօր ընդամենը 400-500 աշխատող ունի,
պարապուրդի է մատնված ու արտադրանք չի տալիս, իսկ գործարանի աշխատողները, իրենց իսկ
վկայությամբ, հայտնվել են գործարանի «սեփականատերերի» ճորտերի կարգավիճակում: Իսկ
այս ամենի նախապատմությունը սկսվել է դեռ 2001թ. փետրվարի 24-ից, երբ ՀՀ կառավարության
թիվ 136 որոշմամբ գործարանը դարձավ «Դողագործ-1» ԲԲԸ: Ավելի ուշ հայտնվեց օվշորային
գոտում գրանցված մի ընկերություն՝ «Ջեներալ տրանսուորլդ մենյուֆեքչրինգ քամփանի»
ՓԲԸ-ն, որը պարտավորվում էր գործարանում ներդրումներ անել՝ միաժամանակ մարել նաեւ
աշխատողների՝ նախորդ տարիների կուտակված աշխատավարձի պարտքերը: Սակայն, գործարանի
աշխատողների խոսքերով, կառավարության հիշյալ որոշումից, գործարանի վերագործարկման
մասին խոստումներից հետո էլ աշխատողներից ոչ մեկը՝ բանվորից մինչեւ ծառայող, առ այսօր
ոչ մի ամիս կանոնավոր աշխատավարձ չի ստացել եւ ոչ մի տարի վճարովի արձակուրդից չի
օգտվել՝ ինչպես դա պահանջում է ՀՀ աշխատանքային օրենսգիրքը (ԱՕ): Գործարանի
աշխատողների վկայությամբ, «ՋՏՄՔ» ՓԲԸ-ի ղեկավարությունը ոչ միայն իր ստանձնած պարտավորությունների
համաձայն մինչ օրս որեւէ ներդրում չի կատարել, այլեւ առ այսօր չի վճարել կառավարության
հիշատակված որոշմամբ «Դողագործ-1» ԲԲԸ-ին փոխանցված աշխատողների նախորդ տարիների
կուտակված աշխատավարձերի պարտքերը, իսկ 2005թ. հոկտեմբերից մինչ օրս գործարանի բոլոր
աշխատակիցներին, ովքեր գտնվում են հարկադիր պարապուրդի մեջ, ստիպել է իրենց հաշվին
արձակուրդ վերցնել: Գործարանի բանվոր-ծառայողներն այս անօրինականությունների
դեմ պարբերաբար ընդվզել են, բայց՝ ապարդյուն: Նրանց բողոքի ակցիաները, երբեմն նաեւ
ֆիզիկական ուժի միջոցով, հեշտությամբ կասեցրել են գործարանի «սեփականատերերի»՝ պատշաճ
կերպով վարձատրվող թիկնապահներն ու անվտանգության ծառայության աշխատակիցները: Վերջին
այդպիսի բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցները՝ թվով 9 հոգի, ովքեր պահանջել են վճարել
իրենց հասանելիք աշխատավարձերն ու կուտակված պարտքերը, 2005թ. սեպտեմբերի 6-9-ը գործարանի
տնօրեն Ա. Մարգարյանի հրամանով ազատվել են աշխատանքից՝ հիմք ընդունելով այն, որ աշխատողները
աշխատանքի չեն ներկայացել ու դրա համար հարգելի պատճառներ ու բացատրություններ չեն
ունեցել: Աշխատողների ասելով, նրանք այդ օրերին եղել են գործարանում, բայց ի նշան
բողոքի՝ աշխատանքի դուրս չեն եկել: Ի դեպ, այս առնչությամբ 2005թ. դեկտեմբերի
6-ին ՀՀ աշխատանքային պետական տեսչության իրավական վերահսկողության բաժնի պետը, ի
պատասխան գործարանի Արհեստակցական կազմակերպության նախագահ Հարություն Հարոյանի դիմումի,
եւս արձանագրել էր «ՋՏՄՔ» ՓԲԸ կողմից թույլ տրված վերոհիշյալ օրինախախտումները՝ հավելելով
նաեւ, որ «աշխատանքից ազատվողների հետ ժամանակին վերջնահաշվարկ չի կատարվել»: Վերոհիշյալ
խախտումների համար գործատուն օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության
է ենթարկվել՝ ընդամենը 500 հազար դրամ տուգանք: Ինչ վերաբերում է աշխատանքից ազատված
9 աշխատողներին աշխատանքի վերականգնելուն, ապա՝ ՀՀ աշխատանքային պետական տեսչության
ներկայացուցիչը խորհուրդ էր տվել այդ հարցը լուծել դատական կարգով: Դե, գործարանի
հեռացված աշխատակիցներն էլ, առաջարկի համաձայն, դիմել էին Շենգավիթ համայնքի 1-ին
ատյանի դատարան ու վերջինիս 2005թ. նոյեմբերի 28-ի որոշմամբ դատը շահել էին: Գործարանի
ղեկավարությունն այս որոշման դեմ բողոքով դիմել էր ՀՀ քաղաքացիական գործերով վերաքննիչ
դատարան, որն էլ 2006թ. ապրիլի 11-ի նիստում վճռել էր բավարարել գործարանի տնօրինության
բողոքը՝ բեկանելով 1-ին ատյանի որոշումը: «ՋՏՄՔ» ՓԲԸ-ի աշխատանքից ազատված աշխատողները,
սակայն, չեն համակերպվել այս վճռի հետ եւ արդեն դիմել են Վճռաբեկ դատարան: Նրանց
համոզմամբ, վերաքննիչի վճիռը կողմնակալ է. «Այն հակասում է գործող ԱՕ-ի մի քանի հոդվածների
պահանջներին: Դատավարության ընթացքում ամբողջությամբ չեն ուսումնասիրվել աշխատակիցների
բացակայության պատճառները, չի լսվել գոնե մեկ ապօրինի ազատված աշխատակցի բացատրությունը,
տնօրինությունից չի պահանջվել 2-8 ամիս աշխատակիցներին աշխատավարձ չվճարելու հիմնավոր
պատճառաբանություններ, մերժվել է 8 աշխատակիցների՝ աշխատանքի վերականգնվելու եւ միջին
աշխատավարձի վճարման պահանջի մասին հայցը»: Գործարանի աշխատակիցների ասելով, վերաքննիչ
դատարանի՝ հաշվված րոպեների ընթացքում կայացված վճիռը հակասում է ՀՀ Սահմանադրությանը
եւ չի բխում ՀՀ ԱՕ պահանջներից: Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունել է, բայց դատական
նիստի օրն առայժմ նշանակված չէ: Ի դեպ, մենք մտադիր ենք հետեւել այդ դատական նիստին:
ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ