Մի
դաշնակցական պատգամավորի դիտարկմամբ, եթե վերականգնվեր մենամարտերի ավանդույթը՝ թերեւս
ստիպված չլինեինք ականջալուր դառնալ այն վիրավորանքներին, որոնք երեկ ԱԺ-ում միմյանց
հայտարարություններով հասցեագրեցին ՕԵԿ-ն ու «Ազգային միաբանությունը»: Ներկայացնում
ենք հատվածներ միմյանց հերթագայող այդ հայտարարություններից: Հովհաննես Մարգարյան
/ՕԵԿ/. «Ո՞ւր էին այսօրվա փարիսեցիները, երբ խորհրդարանում քննարկվում էին ժողովրդին
հուզող հարյուր հազարավոր հարցեր: Ո՞ւր էր նույն Գեղամյանը, որը թերթերի հավաստմամբ՝
2003-ի նախագահական ընտրությունների 2-րդ փուլում մի քանի հազար դոլար գրպանելով՝
դավաճանեց ընդդիմության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանին: Ո՞ւր էր նա, երբ ավանդների
հարցն էին քննարկում, աղետի գոտու հիմնախնդիրներ էինք առաջ քաշում, կոպեկներով դպրոցներ
ու մանկապարտեզներ էին սեփականաշնորհում: Ո՞ւր էիր դու, փրկի՛չ, երբ ընդդիմությունը
հանուն արդարության՝ պայքարի էր դուրս գալիս: Բնականաբար, նա լուռ փախուստի էր դիմում
եւ դարանակալած՝ նոր պատվերների սպասում ազդեցիկ իշխանավորներից, ովքեր հմտորեն օգտագործելով
Գեղամյանի հռետորական կարողությունները՝ խելացիորեն ֆինանսավորում էին նրան ոչ ուղղակի
եղանակներով: Իսկ թե ինչ է պատահում օգտագործվելուց հետո այլեւս անպիտան դարձածներին՝
բոլորիս է հայտնի: Ո՜վ, մարդ արարած, ինչքա՜ն նողկալի կարող ես լինել դու: Ո՜վ, մարդ
արարած, ինչքա՜ն առաքինի կարող ես լինել դու: Չցանկանալով առաքինության դասեր տալ
գրեթե 60-ամյա գործչին՝ պետք է արձանագրեմ, որ Արթուր Բաղդասարյանը լինելով ընդամենը
37 տարեկան, իսկ ՕԵԿ-ը՝ 10, շատ ավելի լուրջ ձեռքբերումներ են ունեցել ՀՀ կերտման
գործում, քան դուք՝ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին ուղղված ամպագոռգոռ, բայց
միեւնույն ժամանակ՝ դատարկ քննադատություններով, իսկ իրականում՝ յուրաքանչյուր պահի
նրանց ծառայելու պատրաստակամությամբ: Խոսելով ալան-թալանից՝ գրոշներով տեր եք դառնում
շենքերի եւ համալիրների, թմբկահարելով կոռուպցիան՝ սնվում եք պետական խողովակներից»:
Հմայակ Հովհաննիսյան /անկախ պատգամավոր/. «Այս դահլիճում սցենար է իրականացվում՝
դրդելով միմյանց ոչնչացնել հրապարակային գործիչներին, որ ճանապարհ բացվի ապագաղափարական
եւ ապաքաղաքական տարրի համար: Մեր քաղաքական դաշտ կոչվածը վերածվել է կատարյալ ախոռի…
Այս դահլիճում ամենադժբախտ մարդը ես եմ, մեկ էլ՝ լրագրողները, քանի որ ստիպված ենք
մեր մասնագիտության բերումով ինչ-որ քաղաքական օրինաչափություններ որոնել ախոռում:
Այստեղ օրինաչափություններ չկա՛ն, ոչ էլ քաղաքական վերադասավորումներ են հնարավոր:
Ախոռ է, գործում են ախոռային կանոններ»: Մհեր Շահգելդյան /ՕԵԿ/. «Եթե որեւէ
մեկին հաճելի է զգալ իրեն ախոռում՝ իր ընտրությունն է… Դիմում եմ «Ազգային միաբանությանը».
դուք փորձում եք ձեր քաղաքականությունը վարել խարդավանքներով, փորձելով մեզ ներքաշել
կեղտոտ խաղի մեջ… Արդյոք դո՞ւք չեք պարբերաբար տնտեսական պատվերներ խնդրում եւ
ստանում ՊՆ նախարարից, հարցնելով՝ է՞լ ինչ հանձնարարականներ ունեք, պարոն նախարար:
Քաջատեղյա՛կ ենք»: Սամվել Բալասանյան /ՕԵԿ/. «Հմայակ Հովհաննիսյանն այսօր
չգիտեմ ինչից է խոսում: Ես էս դժբախտությունը համարում եմ ռուսական հեքիաթի միջի
Ալյոնկային, որը խեղդվում էր: Սիրելի Ալյոնկա, Ալյոնուշկա, երեւի դու քո տերերին
ես կորցրել /«Ոչխա՛ր»,- տեղից գոռաց Հմայակ Հովհաննիսյանը.- Ա. Ի./: Մենք ընդդիմություն
դառնալով քննադատվում ենք Հմայակի կողմից, իշխանություն եղած ժամանակ նույնպես քննադատվում
էինք: Հմայակ Հովհաննիսյանն ուներ արթուրացա՛վ, բաղդասարյանարթուրացա՛վ… Նոր տերեր
ես փնտրում, քո բնապահպանական կերակրատաշտից արդեն չեն թողնո՞ւմ օգտվես երեւի, եւ
փորձում ես տեղափոխվել քաղաքաշինական հարթությո՞ւն: Զգույշ եղիր այդ հարթությունից՝
նա քայքայեց «Օրինաց երկիրը» եւ վտանգավոր է: Նոր տերեր փնտրիր եւ հեռու մնա «Օրինաց
երկրից» /«Հմայակ, արի ստեղ նստի»,- ծիծաղելով առաջարկեց «Միավորում հանուն Հայաստանի»
կուսակցության նախաձեռնող խմբի անդամներից մեկը՝ «Ժողպատգամավոր» խմբի քարտուղար
Վահրամ Բաղդասարյանը.- Ա. Ի./: Գագիկ Կոստանդյան /«Ազգային միաբանություն»/.
«1998-ին քեզ ծնող ՀՀՇ-ին ու Լեւոն Տեր-Պետրոսյանին դավաճանեցիր, 2006-ին կոալիցիային
դավաճանեցիր: Բա կոալիցիա կազմելու ժամանակ շամպայնի գավաթները խփելը, Ռոբերտ Քոչարյանին
երդումներ տալն ո՞ւր մնացին։ Եթե ասեն՝ դավաճանության համար փող ես վերցրել, սա մի
խնդիր է, բայց եթե սկզբունքային դավաճան ես՝ դա արդեն ուրիշ հարց է։ Հայտարարում
եք, որ Ռոբերտ Քոչարյանին առաջին եւ երկրորդ փուլերում տղամարդու պես պաշտպանել եք.
բա էս փուլում, որ վրից թռնում եք, ո՞նց հասկանանք՝ դավաճանությո՞ւն է, թե՞ իշխանությունների
հերթական խաղը կեղծ րնդդիմություն ստեղծելու: Երբ որ կոալիցիա էիք մտնում՝ չգիտեի՞ք,
թե ում հետ եք ճանապարհ գնալու: Ձեր գործընկեր քաղաքական ուժերն ինչպիսին եղել են՝
այնպիսին էլ մնացել են. խոստովանեք, որ պաշտոննե՛րը հրապուրեցին ձեզ: Եվ ընտրությունների
նախաշեմին հանկարծ սթափվեցիք, որ ճիշտ ուղու վրա չեք, որ կոալիցիան ձեզ շեղել է ձեր
մոլուցքից՝ հանրապետության նախագահ դառնալուց, որի համար ամեն մի սրբություն կորցնում
եք: 8 տարեկանից շուրջ 17 տարի բռնցքամարտի ռինգում եմ եղել, գոտկատեղից ցածր շատ
հարվածներ եմ տեսել. այդ մարզիկներին համարում էինք անբարոյականի որդի։ Քաղաքականության
մեջ չեմ տեսել մի քաղաքական ուժ, որ գոտկատեղից ներքեւ խփի, այն է՝ արդարացի քննադատությանը
չդիմանալով, քաղաքական ընդդիմախոսի զավակներին ներքաշի քաղաքականության մեջ… Ձեր
այն հայտարարությունը, որ մենք Սերժ Սարգսյանից անուղղակի ֆինանսավորվում ենք եւ
զբաղվում ենք մատակարարումներով՝ ասեմ, որ ձեր ինֆորմացիան կեղծ է եւ հին: Իհարկե,
մեր հարազատները հնարավորություն չունեն հասարակաց տներ կամ ռեստորաններ ունենալու՝
ընդամենը արտադրություն ունեն, որ ազատ մրցակցություն լիներ, արտադրեին ու մատակարարեին՝
վատ չէր լինի: Բայց, ավա՜ղ, մենք ընդդիմություն ենք: Եվ ասենք ձեր պառավական անեծքով.
էն՝ ինչ որ մատակարարումների գործում մե՛ր գլխին են դնում՝ ձեր եւ ձեր մերձավորների
գլխի՛ն գա»։ Արտաշես Գեղամյան /«Ազգային միաբանություն»/. «Գովելու եմ Արթուր
Բաղդասարյանին: Նա չափազանց հեռատես է: Այստեղ ասաց, որ ստի, կեղծիքի ճանապարհը՝
գողի եւ մյուս մարդու նման, կարճ է, 40 օր է: Ա՛յ մարդ, մարդը ոնց որ այս օրը տեսներ:
Իրենն ընդամենը 1 օր էր /եւ կարդաց 2003-ի փետրվարի 19-ին նաեւ իր ստորագրած հայտարարությունը,
ըստ որի՝ ընտրությունների արդյունքները չեն կարող ճանաչվել օրինական.- Ա. Ի./: Հիմա
թե ինքը ո՞ր կատեգորիան է՝ գո՞ղն է, թե՞ մյուսը՝ արդեն թող ժողովուրդը որոշի: Բարձր
եմ գնահատում իր հումորը. այս ամբիոնից պաշտպանության նախարարին, ըստ էության՝ մի
կողմից հիմար հանեց, մյուս կողմից՝ սրիկա: Հիմար՝ այն պարագայում, որ նա ինձ փող
է տալիս, որ ես իրեն քննադատեմ: Սրիկա, որ ինձ փող է տալիս, որ Ռոբերտ Քոչարյանին
քննադատեմ: Կարծում եմ, ՊՆ նախարարը կգտնի պատասխանները: Բայց հետն էլ կրկին դրսեւորեց
ազնվություն եւ ինքնախոստովանեց իր կողմից հանցագործություն կատարելը, այն է՝ այսքան
տարիներ իմացել է, որ Սերժ Սարգսյանը զբաղված է կաշառատվությամբ եւ լռել է՝ դառնալով
նրա մեղսակիցը: Այ-այ-այ-այ: Ամո՛թ»: Ստեփան Զաքարյան /«Արդարություն»/. «Եթե
առողջ հասարակություն լիներ՝ առաջին հերթին ոչ թե պետք է հետաքրքրվեր՝ դա այդպե՞ս
է, թե՞ չէ, այլ, թե որտեղի՞ց պաշտպանության նախարարին այդքան փող, որ կարող է թե՛
քաղաքական գործիչ գնել, թե՛ կուսակցություն… Կարծում եմ, որ ԱԺ նախագահին այդ մասին
ասել խանգարեց վախի այն մթնոլորտը, որի մասին ինքը շեշտում էր»: Ալեքսան Կարապետյան
/«Ազգային միաբանություն»/. «Հովհաննես Մարգարյա՛ն, դու հո շատ լավ գիտես, որ Արտաշես
Գեղամյանը ո՜ր փռշտա՝ 10 հատ քո եւ քո քաղաքական «պապաների» նման մարդիկ կթռնեն:
Մինչեւ մի բան ասելը՝ ավելի լավ կլինի՝ մտածեք /«Ձեզանի՛ց դուրս եկավ»,- տեղից գոռաց
Սամվել Բալասանյանը.- Ա. Ի./: Ճիշտ են ասում, որ մարդու գիտելիքներն ունեն սահման,
բայց հիմարությունն ու ղամազությունն անսահման են»: Վռամ Գյուլզադյան /ՕԵԿ/.
«Գեղամյանն ասում է, որ երկրում, ուր դատախազը ծառատունկով է զբաղված՝ քաղաքականությունից
էլ կարտոֆիլագործը պիտի խոսի: Ինձ համար մեծ պատիվ է կարտոֆիլագործ կոչվելը: Եվ իմ
հարյուր-հազարավոր ֆերմեր գործընկերների աշխատանքի շնորհիվ է, որ ցրտի եւ սովի տարիներին
մեր երկրում գոնե կարտոֆիլ կար, եւ շատերը փրկվեցին սովամահությունից: Իսկ ձեր վերամբարձ
ու ամպագոռգոռ խոսելուց գոնե մի մարդու վիճակն այս երկրում լավացե՞լ է, թե՞ ոչ: Վերջապես,
գյուղատնտեսության դաշտում ես գործիչ եմ եղել, ոչ թե գործիք: Քաղաքական դաշտում ո՛չ
գործիչ եմ, ո՛չ էլ՝ գործիք: Դուք քաղաքական դաշտում ե՛ւ գործիչ եք, ե՛ւ գործիք՝ նայած
ո՛ր պահին ո՛րն է շահութաբեր: Ձեր այդ ոճն այս երկրին ու ժողովրդին ավելի մեծ վնաս
է հասցրել, քան ձեր գնահատմամբ՝ այս կոռումպացված ու ապաշնորհ իշխանությունների գործելաոճը»:
Նշենք, որ այդպես էլ անարձագանք մնացին նիստը վարող Վահան Հովհաննիսյանի բազմակի
կոչերը՝ հիշել, որ խորհրդարանում են, վերջ տալ փոխադարձ վիրավորանքներին: Ի վերջո,
ԱԺ փոխնախագահն ուղղակի գլխին խփեց եւ գործընկերներին հիշեցրեց, որ այս ամենը հրապարակվելու
է: Նշենք, որ մենք դեռ չենք հրապարակել հնչած հայհոյանքները: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. Վահան Հովհաննիսյանը նաեւ հայտնեց, որ ԱԺ
ղեկավարությունը լրջորեն քննարկում է լավագույն հայտարարության համար մրցանակ սահմանելու
հարցը: