Կ.
Կարապետյանը չի ուզում, Ա. Սադոյանը չի կարող Արթուր Բաղդասարյանի հրաժարականի
կրկնությունից հետո (իսկ դա պետք է լինի երկուշաբթի, ժամը 12-ից ոչ ուշ) խորհրդարանը
ձեռնամուխ կլինի նոր խոսնակի թեկնածությունների առաջադրմանը եւ ընտրությանը: ՀՀԿ-ն
եւ ՀՅԴ-ն առաջարկելու են ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանի թեկնածությունը, ընդդիմությունը
չի մասնակցելու այս գործընթացին, իսկ «Ժողպատգամավորը» արդեն հայտարարել է, որ որեւէ
պաշտոն չի ցանկանում վերցնել: Մնում է ՄԱԿ-ի հարցը, եւ դատելով պաշտոններ ստանձնելու
այս խմբակցության ակտիվությունից, հնարավոր է՝ ՄԱԿ-ի անդամներն արդեն իրենց բավարարված
են զգում: Չի բացառվում, որ կգտնվի նաեւ Արշակ Սադոյանին կատակի համար առաջադրող
մի պատգամավոր: Եթե դեպքերն այսպես զարգանան, ապա առիթ կունենանք հերթական «կինոն»
դիտել Ազգային ժողովի դահլիճում: Սակայն ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ
Սահակյանը վստահ է. «Երբ ԱԺ այսօրվա նախագահը վերահաստատի իր հրաժարականը, կլինեն
քաղաքական քննարկումներ, եւ դրանց արդյունքում, կարծում եմ, կոալիցիոն ուժերը եւ
նաեւ այն ուժերը, որոնց հետ կհամագործակցի կոալիցիան, հանդես կգան մեկ թեկնածուով,
եւ այդ թեկնածուն կլինի Տիգրան Թորոսյանը: Իմ խորին համոզմամբ, մեր կողմից կառաջադրվի
Տիգրան Թորոսյանը. հաշվի առնելով պատասխանատվությունը, որ եղել է մինչ այսօր, կարծում
եմ, որ նա է ամենանորմալ թեկնածուն ԱԺ նախագահի պաշտոնի համար»: Արդեն գաղտնիք
չէ, որ Արշակ Սադոյանը եւս հավակնում է դառնալ թեկնածու, եւ երեկ մեզ հետ զրույցում
նա հաստատեց դա, բայց ասաց, որ չի ինքնաառաջադրվի. «Ես չեմ ինքնաառաջադրվի, բայց
չասացի, որ ինձ չեն առաջադրի: Եթե ինձ առաջադրեն, ես դեմ չեմ լինի: Եվ գտնում եմ,
որ այլընտրանքային թեկնածուի առաջադրումը խիստ կարեւոր է, որպեսզի պարզ դառնա, թե
ինչ է նշանակում ՀՀ նախագահի բոլոր կարգադրությունները կատարող դակիչ մեքենա»: Արշակ
Սադոյանը ասաց նաեւ, որ որպես Ազգային ժողովի նախագահի արժանի թեկնածու՝ ինքը տեսնում
է «Ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանին: Իսկ Կարեն Կարապետյանը հրաժարվում
է իրեն արված բոլոր առաջարկներից եւ իր այդ որոշումը բացատրեց այսպես. «Քաղաքական
վերջին տեղաշարժերի արդյունքում ինձ եւ «Ժողպատգամավոր» խմբին նույնպես պաշտոններ
են առաջարկվել, սակայն, կարծում եմ, պաշտոն ձեռք բերելը ինքնանպատակ չէ, այլ միջոց
է նպատակները իրականացնելու համար: Թող ամպագոռգոռ չլինի, բայց իմ մոտեցումը դա է:
Մեկ տարի ժամանակ է մնացել խորհրդարանական ընտրություններին, եւ քաղաքական դաշտում
գտնվող ուժերը մտել են նախընտրական փուլ: Այս ընթացքում փորձելու են ժողովրդի աչքին
գեղեցիկ երեւալ եւ շոյել մարդկանց ականջները՝ համապատասխան ձայներ ստանալու նպատակով:
Բայց այդ գործելաոճով արդյունքների հասնելը, կարծում եմ, դժվար կլինի»: «Ժողպատգամավոր»
խմբի ղեկավարը «Առավոտի» հետ զրույցում շեշտեց, որ կարեւորում է երկրում քաղաքական
հավասարակշռության ապահովումը. «Մեր խմբի քաղաքական վարքագիծը այս տարիների ընթացքում
հստակ է եղել՝ նպաստել երկրում քաղաքական հավասարակշռության ապահովմանը, քանի որ
մեր պետությունը գտնվելով քաղաքակրթությունների խաչմերուկում, անկայուն իրավիճակում՝
արտաքին ուժերի կողմից դառնում է խոցելի: Մյուս կողմից, նաեւ ներքաղաքական անհավասարակշիռ
մթնոլորտը տնտեսական դաշտի համար կարող է լուրջ ցնցումներ առաջացնել: Մենք պետք է
մեծացնենք մեր աջակցությունը գործող իշխանություններին քաղաքական հավասարակշռություն
հաստատելու գործում, եւ պարտադիր չէ, որ դրա դիմաց մեզ ինչ-որ բան տան: Այո, արժանապատվությունը
պետք է առաջնային տեղ գրավի քաղաքական դաշտում գործող մարդու համար: Մենք չենք ուզում
որեւէ մեկին վիրավորել, յուրաքանչյուր քաղաքական ուժ իր մոտեցումներն ունի, բայց
մենք մտածում ենք, որ կարելի է աջակցել նաեւ առանց պաշտոններ ստանալու»: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ