Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Գտեք ապացույցը, հետո մարդուն ազատազրկեք»

Մայիս 23,2006 00:00

«Գտեք ապացույցը, հետո մարդուն ազատազրկեք» Հորդորում է դատական պրակտիկայի եւ վիճակագրության վարչության պետ Վահագն Թորոսյանը: Դատական պրակտիկայի եւ դատական վիճակագրության վարչությունը զբաղվում է այդ պրակտիկայի ուսումնասիրմամբ եւ դատարաններում գործերի շարժի արձանագրմամբ: Վարչության պետը՝ Վահագն Թորոսյանը չկիսեց «Առավոտի» այն մտավախությունը, որ մարզերում, մայրաքաղաքից հեռու հնարավոր կլինի «գործավարություն թաքցնելու» դեպքեր: Նա ասաց, որ ուսումնասիրությունների համար իրենք լինում են տեղերում: Երեկ, օրինակ, վարչության մասնագետները գործուղվեցին Արմավիր եւ Լոռի: Նախորդ տարիների համեմատ, վիճակագրական տվյալներում տեղ են գտել որոշ հանցատեսակներ: Նշվեց, օրինակ, թրաֆիքինգը: Զրուցակցիս տեղեկացմամբ, իրենց գործունեության առյուծի բաժինը դատական պրակտիկայի ուսումնասիրությունն է, որով պարզ է դառնում, թե նույնաբովանդակ գործերի համար արդյոք դատարաններում տարաբնույթ, հակասական վճիռներ չեն կայացվում: Զրուցակիցս տեղեկացրեց, որ 2005թ-ին վճռաբեկ դատարանի նախագահի հրամանով ամփոփվեց կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատական պրակտիկան. «2005թ. ՀՀ առաջին ատյանի դատարաններում հարուցվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին 6228 միջնորդություն (որից՝ Երեւանում 2229): 6120 միջնորդություն բավարարվել է, 108-ը՝ մերժվել»,- շարունակում է Վ. Թորոսյանը, որի կարծիքով, «կալանավորումը կիրառվում է համատարած, շարքային, բայց ոչ որպես բացառիկ խափանման միջոց»: Վ. Թորոսյանը գտնում է, որ նախաքննությունն իրականացնող մարմինը գործում է հին մեթոդներով եւ դատարան է մտնում «նախ մարդը, հետո ապացույցները» մոտեցումներով: Փոխանակ հակառակը լիներ. ձեռք բերեին ապացույցները, ապա հիմնավորեին բացառիկ պատժամիջոցը՝ ազատազրկման ձեւով: «Քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից հարուցված միջնորդությունների առավել տարածված թերությունը՝ դրանց ոչ բավարար պատճառաբանված եւ հիմնավորված լինելն է, հիմնականում միջնորդությունների հիմքում դրված են անհիմն ենթադրություններ»,- ասում է վարչության պետը: Վանաձորցի, ոստիկանության կապիտան, 4 երեխայի մոր նկատմամբ ընտրվել էր կալանքը: Նա 3000 դրամ կաշառք ստանալու մեջ էր մեղադրվել: Վ. Թորոսյանը գտնում էր, որ կալանքը այս դեպքում չափազանցված էր, իսկ քննիչի միջնորդության պատճառաբանական մասն էլ՝ ոչ հիմնավոր. «Նկատի ունենալով, որ նա (ոստիկանը) կատարել է ծանր հանցագործություն, որի համար որպես պատիժ միայն ազատազրկում է նախատեսվում, որի առավելագույն ժամկետը մեկ տարուց ավելի է, ազատության մեջ մնալով կթաքնվի քննությունից եւ կխոչընդոտի այն», դատարանը «դակել» էր նախաքննության ենթադրությունը: Դատարաններ-դատախազություն չխոստովանված վեճի արդյունքում հաճախ տուժում են քաղաքացիները: Կալանք են ընտրել նաեւ մի քաղաքացու նկատմամբ, որը Երեւանի բենզալցակայաններից մեկից գնել է 2 հատ կեղծ ԱՄՆ դոլարանոց: «Քննիչի կողմից հարուցված միջնորդությունը պատճառաբանվել էր այսպես. նկատի ունենալով, որ մեղադրյալի կողմից կատարված հանցանքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նա մնալով ազատության մեջ, կարող է խոչընդոտել նախաքննությանը: Հաշվի առնելով հասարակական վտանգավորության աստիճանը, դատարանը բավարարել է միջնորդությունը»,- պատմում է Վ. Թորոսյանը: Վերջինս գտնում է, որ նախաքննությունը պետք է իրականացնի մի մարմին, իսկ հսկի՝ մեկ ուրիշը: Թե չէ իրականացնողն ու հսկողը նույնն են: Հետաքրքիր նմուշներից է նաեւ այն, որ կալանք է ընտրվել հետեւյալ միջնորդությամբ. «Նկատի ունենալով արարքի բնույթը եւ այն, որ քաղաքացին չունի մշտական բնակության վայր եւ կարող է թաքնվել»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել