Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Փարիսեցիություն»

Մայիս 23,2006 00:00

«Փարիսեցիություն» Ընդդիմադիրներն այսպես որակեցին այն, որ նախկին կոալիցիայի անդամներն իրարից բաժանվելիս երեկ ասում էին. «Շնորհակալություն»: «Սույնով տեղեկացնում եմ, որ հրաժարվում եմ ԱԺ նախագահի պաշտոնից»,- Արթուր Բաղդասարյանի այս հրաժարականը երեկ խորհրդարանի նիստում ընթերցեց նիստը վարող Տիգրան Թորոսյանը: Հետո ելույթ ունեցավ պրն Բաղդասարյանը եւ շնորհակալություն հայտնեց գործընկերներին 3 տարիների համատեղ աշխատանքի համար: Այս ելույթի ընթացքում նաեւ նշեց, որ անցած 3 տարիների ընթացքում ՕԵԿ-ն ԱԺ դահլիճում «ժողովրդի շահերին հակասող յուրաքանչյուր նախագծի դեպքում» փորձել է հանդես գալ, ներկայացնել իր մոտեցումներն ու դիրքորոշումները: Ապագայի համար էլ խոստացավ. «Ամենաարմատական դիրքերից քննադատելու ենք ցանկացած բացթողում ու սխալ քայլ՝ ում կողմից էլ ուզում է արված լինի՝ ՀՀ նախագահի, կառավարության, ցանկացած քաղաքական ուժի եւ կառույցի: Միեւնույն ժամանակ՝ իշխանությունը կլինի, թե ընդդիմությունը. լավ բան կանեք՝ ձեր կողքին կլինենք»: Հրաժարականներ ներկայացրեցին նաեւ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը եւ սոցիալական, առողջապահության եւ բնապահպանության հանձնաժողովի նախագահ Գագիկ Մխեյանը: Նրանք էլ շնորհակալություն հայտնեցին խորհրդարանին համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն հայտնեց նաեւ ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը: Ու թեեւ ծափեր չհնչեցին՝ այս արտաքուստ ջերմ ու քաղաքակիրթ մթնոլորտում էլ կավարտվեր ամեն ինչ, եթե ընդդիմադիրներն օգտագործելով օրակարգի շուրջ ելույթ ունենալու հնարավորությունը՝ քննարկում չսկսեին ԱԺ նախագահի հրաժարականի շուրջ: ԱԺ կանոնակարգով նախատեսված չէ խորհրդարանի նախագահի հրաժարականի քննարկում: Եվ ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը նշեց, թե կանոնակարգը չի համապատասխանում այն իրավիճակներին, որոնք կարող են ստեղծվել Հայաստանում. «Եթե երկրի երկրորդ դեմքը հրաժարական է տալիս՝ ներկայացնելով շատ լուրջ մեղադրանքներ ԱԺ-ին այն առումով, որ ընդունվել են հակաժողովրդավարական օրենքներ, ապա այս պարագայում քննարկելու հնարավորություն չունենալը նշանակում է, որ կանոնակարգը կատարում է միայն մեկ գործառույթ՝ թույլ չտալ, որ քաղաքական ուժերը կարողանան այսպիսի իրավիճակներում անցկացնել նորմալ քննարկում»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նշեց, թե գործադիր իշխանության կողմից ՕԵԿ խմբակցությունը «ներսից պայթեցնելու» նախադեպը «չափազանց վտանգավոր է». ուստի օրենսդիր իշխանությունը պետք է գնահատական տա այդ երեւույթին: Իսկ Հմայակ Հովհաննիսյանը դժգոհեց. «Արթուր Բաղդասարյանն ասում է, որ երկրում վախի մթնոլորտ է, դուք իրար շնորհակալություն եք հայտնում: Չեմ հասկանում՝ սա ի՜նչ փարիսեցիական մթնոլորտ է»: Քիչ անց նաեւ հավելեց, թե «խորհրդարանն ազնվական օրիորդների հավաքածու չէ»: ԱԺ կանոնակարգը խախտելու փորձերին սկզբում ապարդյուն փորձեց ընդդիմանալ Տիգրան Թորոսյանը. «Վստահ եմ, ՕԵԿ-ը արժանապատիվ քայլ է արել: Եվ այժմ արժանապատիվ ու զուսպ եւ քաղաքական համակարգին պատշաճ դիրքորոշում պահանջվում է յուրաքանչյուրիցս»: Ավելորդ համարեց քննարկումները՝ նշելով, թե դրանք չեն ունենա որեւէ ազդեցություն. «Վստահ եմ, որ ՕԵԿ-ը ոչ մեկի պաշտպանության կարիքը չունի: Եվ փարիսեցիություն է ճիշտ հակառակը՝ փորձել պաշտպանել, ինչ-որ բաներ ասել: «Օրինաց երկիրը» միշտ ինչ ասելիք ունեցել է` ասել է, ուղիղ եւ շիտակ»: Գործընկերների նկատմամբ բարոյական վերաբերմունքի տարրական կանոն համարեց այն, որ «մարդիկ համատեղ աշխատանքի համար, անկախ տարբեր տեսակետներից՝ անպայման պետք է միմյանց շնորհակալություն հայտնեն»: Նաեւ նկատեց, թե այս փորձությանը շատերն իսկապես չդիմացան: «Դո՛ւք պիտի դիմանաք՝ մե՞զ ինչ»,- տեղից նետեց ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանը: Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել