«ԲԱ ԱՄՈԹ ՉԻ՞, ԴՆԵՆ ԹԵՐԹԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ ԻՆՉ ԱՍԵՍ՝ ԱՍԵՆ» Վրդովված հարցնում է ՕԵԿ-ից դուրս եկած գործարար պատգամավոր Գրիգոր Մարգարյանը – Պարոն Մարգարյան, ըստ լուրերի, ՕԵԿ-ից դուրս եկած գործարար պատգամավորները պատրաստվում են առանձին խումբ ստեղծել, որը դուք եք ղեկավարելու, ի՞նչ խնդիրներ է լուծելու այդ խումբը: – Սկսենք նրանից, որ ձեր հարցն արդեն սկսեցիք ոչ ճիշտ՝ էդ խումբը, որ ստեղծվում է եւ դուք ղեկավարելու եք: Եթե այդքանն ասացիք, ուրեմն, ինձ թվում է, էլ ինձ հարցեր տալու կարիք էլ չկա: Ուրեմն, խմբի ստեղծումը դեռ ընթացքում է, այդ թեմաները դեռ քննարկվում են, կարող է ստեղծվի, կարող է՝ չստեղծվի, ինչ վերաբերում է խմբի ղեկավար լինելուն, ապա, եթե ինձ առաջարկեն խմբի ղեկավար լինել, ես կմտածեմ, դեռ այդպիսի առաջարկներ էլ չեն եղել: Ասում եմ, ամեն ինչ այն փուլում է, որ դրա մասին ավելորդ է խոսել: – Մոտավորապես ե՞րբ կստեղծվի խումբը: – Մոտավորապես մոտ ապագայում, ես նկատի ունեմ կլուծվի այն հարցը՝ խումբը ստեղծվո՞ւմ է, թե՞ ոչ: Մոտ ապագան կարող է լինել մինչեւ տարվա վերջ, մինչեւ երեք օր հետո, տասնհինգ օր հետո: – Ինչո՞վ եք բացատրում ՕԵԿ խմբակցությունից ձեր դուրս գալը: – ՕԵԿ-ը քաղաքական լուրջ կուսակցություն է, ինքը որոշել է քաղաքական դաշտը փոխել: Այդ կուսակցության խմբակցության մեջ եղել են մարդիկ, ովքեր չեն ուզել քաղաքական դաշտ փոխել: Մի՞թե սա այդքան զարմանալի բան է. թերթերում ինչ ասես՝ չգրեցին: – Գիտե՞ք, ավանդույթ կա, գործարարները սովորաբար ստիպված են դուրս գալիս այս կամ այն քաղաքական ուժի կազմից կամ խմբակցությունից՝ իրենց բիզնեսը չվնասելու նպատակով: Թերեւս դուք ե՞ւս այդ պատճառով եք դուրս եկել: – Ընդհանրապես ասեմ, որ իմանաք: Այն մարդը, ով ունի ֆինանսական աղբյուրներ, նախկինում գործարար է եղել, այսօր եկել է Ազգային ժողով եւ որոշել է տեղափոխվել քաղաքական դաշտ, ուրեմն՝ էլ ավելի անկախ է, որովհետեւ հնարավորություններ ունի, որ կարող է ինչ-որ մեկին մի բան ասել, ասեն՝ ստոպ, ես էլ իմ հնարավորություններն ունեմ: Ինչ վերաբերում է նրան, որ ասում են, թե ուժ է գործադրվել եւ այլն: Ուժը ո՞րն է, փաստորեն այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ գործարարները ո՛չ իրենց անձնական կարծիքն ունեն, ո՛չ խելք ունեն: Փաստորեն, այդ տպավորությո՞ւնն է ձեզ մոտ ստեղծվել, ես չեմ հասկանում, բա ամո՞թ չի: – Բայց երբ ժամանակին դուք մտաք ՕԵԿ խմբակցություն, կիսո՞ւմ էիք այդ կուսակցության գաղափարախոսությունը, ծանո՞թ էիք նրա ծրագրերին: – Գաղափարախոսությունը կիսել եմ, այո: – Ուրեմն ի՞նչ պատահեց, ՕԵԿ-ն իր գաղափարախոսությունը կարծես չի փոխել: – Ասում եք՝ ի՞նչ պատահեց, գաղափարախոսությունը չի փոխել, քաղաքական դաշտն է փոխել, կոնկրետ հենց նոր ելույթ էր ունենում ՕԵԿ ղեկավարը՝ Արթուր Բաղդասարյանը եւ ինքը ասաց՝ այո, 2002-ից նախագահի կողքին ենք կանգնած եղել, այո, 2002 թվականից այդ թիմը ամբողջ ուժով եղել է նախագահի կողմը: Հիմա քաղաքական ուժը որոշում է կայացրել իր քաղաքական դաշտը փոխելու մասին: Ինչ վերաբերում է ներսի մարդկանց, կապ չունի գործարար է, թե ոչ: Իսկ ձեր կարծիքով ինչո՞ւ, միայն բիզնեսմե՞ն է դուրս եկել: Կա մարդ, որ ինքը քաղաքական դաշտում չի կարողանում իրեն պատկերացնել: Հնարավոր չի՞, որ այդ մարդը իր սեփական կարծիքն ունենա: Դնեն թերթերում ինչ ասես՝ ասեն այդ մարդուն, բա ամոթ չի՞: Վերջապես ե՞րբ ենք մենք կարողանալու գնահատել մեր այն բաները, որ ամեն ինչ չի, որ կարելի է վրայով անցնել: Արժեքներ վերջապես մենք ունենք, չէ՞, ընդունված բաներ կան, չի կարելի այդպես: Վերջապես, մարդիկ պետք է դաստիարակություն ունենան: – Այդ դեպքում բացատրեք, թե ինչո՞ւ են գործարարները շարունակ փորձում կպչել այս կամ այն իշխանական կուսակցությանը, ի՞նչն է պատճառը, որ գործարարները ձգտում են դեպի քաղաքական ուժեր: – Ես գործարար եմ եղել, այսօր եկել ենք քաղաքական դաշտ, եւ համարում եմ, որ տնտեսական քաղաքականությունն էլ է քաղաքականություն: Ով մտածում է, որ մտել է Ազգային ժողով եւ քաղաքական դաշտից հեռու է, դա արդեն երազ է, դու արդեն քաղաքական դաշտում ես: Բայց հիմնականում մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում գործարարությանը, բիզնեսին վերաբերող օրենքներին, թե հարկային, թե մաքսային քաղաքականությանը, սոցիալական հարցերին եւ այլն: Ինչ վերաբերում է ձեր հարցին, ասեմ. ԱԺ-ում կան գործարարներ, ովքեր որեւէ կուսակցություն կամ խմբակցություն չեն մտել; Հիմա խնդիր չկա, մենք խմբակցությունից դուրս ենք եկել, եւ ես չեմ տեսնում շատ կարեւորություն, որ պարտադիր է լինել որեւէ կուսակցության անդամ: Ես տեսնում եմ, որ եթե մարդ որոշել է դառնալ պատգամավոր, մտածելով, որ կարող է օգտակար լինել ժողովրդին: Եվ դա իրավունք չի տալիս ոչ մեկին, ոչ մեկին, դա կլինի պատգամավոր թե լրագրող, կանգնել ասել, թե սա ո՞նց է դարձել պատգամավոր: Պատգամավորին ընտրել են 40 հազար ընտրող, ուրեմն, եկեք հարգենք գոնե այդ ժողովրդի կարծիքը: Ոչ մեկի անձնական գործը չի, թե էս մարդուն ինչո՞ւ ընտրեցին պատգամավոր: Ժողովուրդը եկել եւ ընտրել է, դա ձեր գործը չի, ժողովրդի անունից մի խոսեք, ամեն մեկը թող խոսի իր անունից: – Մամուլում լուրեր տարածվեցին, որ ՕԵԿ ղեկավարը իր խմբակցության անդամ գործարար պատգամավորներից շարունակ ֆինանսական միջոցներ է պահանջել: Ձեզնից ե՞ւս պահանջել է: – Դա սուտ է, իրականությանը չի համապատասխանում, հերյուրանքներ են: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ