Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԵԼԻՔՆԵՐ ԴԵՌ ՇԱՏ ԿԱՆ

Մայիս 23,2006 00:00

Սան
Մարինոյում տեղի իրենց հասակակիցներին 2:1 հաշվով հաղթելուց հետո տուն վերադառնալով՝
Հայաստանի երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Սամվել Պետրոսյանը շաբաթ օրը հանդիպեց
մարզական լրագրողներին եւ պատմեց այդ հանդիպման ու հավաքականի խնդիրների մասին: «Մրցավայր
հասանք երկու օր առաջ,- ասաց նա:- Տղաները հասցրին հարմարվել Երեւանի հետ եղած 3
ժամվա տարբերությանը: Հանդիպման առաջին խաղակեսում մենք խաղային մեծ առավելություն
ունեինք եւ ընդմիջման կարող էինք գնալ ոչ թե երկու, այլ երեք կամ չորս գնդակի առավելությամբ,
եթե մի քանի դրվագներում մեր ֆուտբոլիստների վճռական հարվածները դիպուկ լինեին: Երկրորդ
կեսը հանգիստ էր ընթանում մինչեւ 70-րդ րոպեն, երբ մեր պաշտպանը կոպիտ սխալ թույլ
տվեց՝ գնդակը պարզապես նվիրելով մրցակցի հարձակվողին, որն էլ կրճատեց հաշվի տարբերությունը:
Դրանից հետո մեր թիմի գործողություններում մի տեսակ շփոթություն առաջացավ, բայց բարեբախտաբար
ամեն բան հաջող ավարտվեց»: Այդուհանդերձ, մարզիչը բավարարված էր արդյունքով, քանի
որ Սան Մարինոյի կազմում խաղում էին ֆուտբոլիստներ, ովքեր տարբեր ակումբներից հանդես
են գալիս Իտալիայի առաջնություններում: Հունիսի 9-ին «Հանրապետական» ստադիոնում
կայանալիք պատասխան հանդիպումում մեր հավաքականի կազմում հնարավոր փոփոխությունների
մասին հարցին Ս. Պետրոսյանը նկատեց, որ դա քիչ հավանական է, քանի որ հավաքականի թեկնածու
լեգեոներականների անձնագրի հետ կապված չլուծված խնդիրներ կան: Այնպես որ, հավանաբար,
Երեւանում էլ խաղադաշտ կմտնեն նրանք, ովքեր մեկնել են Սան Մարինո: Մարզիչը չցանկացավ
առանձնացնել ոչ մի ֆուտբոլիստի՝ մեկնաբանելով, որ ֆուտբոլը կոլեկտիվ խաղ է ու հաղթանակը
կռում է ամբողջ թիմը: Անդրադառնալով թիմի եւ ֆուտբոլիստների ընդհանուր խաղամակարդակին՝
Սամվել Պետրոսյանը նշեց, որ անելիքներ դեռ շատ կան: Տղաների մեծ մասը դեռ մրցափորձի
կուտակման կարիք ունի: Դրա համար էլ ինքը կարեւորում է թեկուզ ներքին առաջնությունում
նրանց հանդես գալը: Նա խոսեց նաեւ հաջորդ մրցակիցների՝ Բոսնիա եւ Հերցեգովինայի ու
Նորվեգիայի հետ կայանալիք խաղերում հավաքականի հնարավորությունների մասին: «Մեր խաղը
դիտելու՝ Սան Մարինո էր եկել Նորվեգիայի երիտասարդականի մարզիչներից մեկը, որը նաեւ
տեսագրությունը վերցրեց: Հավանաբար, ես էլ կմեկնեմ Նորվեգիա՝ նայելու նրանց եւ Իսպանիայի
միջեւ կայանալիք խաղը: Բայց նախ պետք է հաղթահարել դեռ բոսնիացիների արգելքը: Իսկ
դա հնարավոր կլինի, եթե մինչ այդ կարողանանք լուծել մեր ութ լեգեոներականների անձնագրերի
հարցը»,- եզրափակեց Սամվել Պետրոսյանը: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել