Հրանուշ Խառատյանը՝ Ստարովոյտովայի մասին
Մեր զրույցը ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ Գալինա Ստարովոյտովայի մասին էր, ով 1989թ. ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր ընտրվեց Հայաստանի 393-րդ ազգային ընտրատարածքից: Հիշեցնենք, որ օրերս միջոցառումներ էին կազմակերպվել հայ ազգի բարեկամի հիշատակին ու ծննդյան 60-ամյակին նվիրված:
«Այն մարդիկ, ովքեր նրա համար պայքարում էին եւ ապահովում էին այդ ընտրությունը, գիտեին, թե Գալինան ինչ պետք է անի իր մանդատով Հայաստանի համար: Դեռ այն ժամանակ մեծ էր Գալինայի ցանկությունը Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում»,- նկատեց տիկ. Խառատյանը: Իսկ ինչպե՞ս է սկսվել համագործակցությունը հայերի հետ: Ազգագրագետի խոսքով. «Գալինան իր գիտական գործունեության ընթացքում համագործակցում էր Սանկտ Պետերբուրգում հայկական համայնքների հետ եւ որպես գիտական խնդիր՝ հետազոտում մեծ քաղաքներում էթնիկ փոքրամասնությունների պրոբլեմները: Գուցե սա առիթ հանդիսացավ, երբ նա մեկ անգամ այցելեց Ղարաբաղ՝ Լենինգրադի արեւելագիտության ինստիտուտի գիտաշխատող Կարեն Յուզբաշյանի հետ եւ դրանից հետո առանձին հետազոտության խնդիր դարձրեց Ղարաբաղի պրոբլեմները: Նրա գիտնական ընկերների մեջ էլ մեծ թվով հայեր կային, այդ թվում՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ահարոն Ադիբեկյանը, Ալեքսան Հակոբյանը: Նա եղել է Արթուր Մկրտչյանի՝ Ղարաբաղի էթնոդեմոգրաֆիկ խնդիրների մասին գիտական թեզի ընդդիմախոսը: Երբ Արթուր Մկրտչյանը պաշտպանեց թեկնածուականը, արդեն սկսվել էր ղարաբաղյան շարժումը: Գալինան այն քչերից էր, որ օբյեկտիվորեն եւ ռիսկով համաձայնեց գրախոսել եւ ընդդիմախոսը լինել այդ աշխատանքի»:
Հայկական քաղաքական դաշտում Գ. Ստարովոյտովայի դերը Հ. Խառատյանը բացատրեց այսպես. «Ղարաբաղյան խնդիրների հետ կապված նրա առաջին քայլը եղել է բաց նամակը՝ ուղղված հայերին, որոնք այն ժամանակ Օպերայի մոտ էին հավաքվում: Այդ նամակով նա շեշտակիորեն ասում էր՝ լիովին միանում եմ ձեր պահանջին, քանի որ պատմականորեն ճիշտ է, մարդկայնորեն՝ օբյեկտիվ եւ իրավաբանորեն՝ ժողովուրդն ինքնորոշման այդ իրավունքն ունի: Այդ նամակը այցեքարտն էր, որով կամրջվեց հայ քաղաքական ուժերի հետ՝ այն ժամանակ «Ղարաբաղ» կոմիտեի հետ»:
Մեր՝ արդյոք պատվիրվա՞ծ էր Գ. Ստարովոյտովայի սպանությունը, ո՞ւմ էր ձեռնտու նրա բացակայությունը հարցին ի պատասխան, տիկին Խառատյանն ասաց. «Տարակույս անգամ չկա, որ դա պատվիրված սպանություն էր: Ոչ ոք չի հավատում այն դատավարությանը, որ ընթացավ այդ սպանության շուրջ: Վերջերս ռուսական մամուլից տեղեկացանք, որ գործը վերստին կենդանանում է եւ նոր քննության է ուղարկվում: Իսկ դա նշանակում է՝ անպայման փորձել պարզել իրականությունը: Այսօրվա քաղաքական շոուների մեջ դժվար է հասկանալ որոշ տրամաբանություն կամ դա կարող է հասկանալի լինել շատ ուշ… Գալինան կարող էր շատերին խանգարել եւ դա մի կոնկրետ խումբ չէր, որ միանգամից հստակ երեւար. ում եւ ինչու պիտի պետք գար այդ սպանությունը: Ինքը ճշմարտությունը վերլուծող եւ բացահայտող մարդ էր, որի արդյունքը մարդկանց համար ճակատագրական կլիներ»:
ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ