«Եվրատեսիլ
2006»-ը ցույց տվեց, որ Եվրոպան եւս հոգնել է փոփ արվեստի միօրինակությունից: Ասվածի
վառ ապացույցն էր ֆիննական «Lordi» ռոք խմբի հաջողությունը, թեեւ վերջինս, մասնագետների
կարծիքով, չէր էլ համապատասխանում տվյալ մրցույթի ֆորմատին: Ի դեպ, սարսափ-ֆիլմերի
հերոսներին մարմնավորող խումբը «Եվրատեսիլի» ուղեգրի համար իր երկրում անցկացված
մրցույթում բաց քվեարկության արդյունքում հավաքել էր ձայների 42%-ը: Ինչ վերաբերում
է «Եվրատեսիլին», ապա այստեղ հաղթողներին ընտրում է հեռուստադիտողը: Եվ լավագույնների
թվում հայտնվածներից ոմանք պրոֆեսիոնալ ժյուրիի ընտրության դեպքում գուցեեւ «հանգրվանեին»
վերջին հորիզոնականներում: Ռուսաստանը ներկայացնող Դիմա Բիլանը «Never let you go»
երգով հայտնվեց 2-րդ տեղում, թեեւ Ռուսական առաջին ալիքի երաժշտական ծրագրերի տնօրենը
համոզված է, որ իրենց երգիչը պիտի լիներ «Lordi»-ի տեղում: Երրորդ տեղում «Hari Mata
Hari» խումբն էր՝ Բոսնիա-Հերցեգովինայից: Շվեդիան ներկայացնում էր ոչ միայն իր երկրում
հայտնի Կարոլլան, որի ձայնը նմանեցնում են Սելին Դիոնի եւ Բարբարա Սթրեյզանդի ձայնին:
40-ի սահմանագիծը վաղուց հատած, կայացած երգչուհին մրցում էր երգարվեստ նոր ոտք դրած
երիտասարդների հետ, ինչը, թերեւս, այնքան էլ արդարացի չէ: 5-րդ տեղում լայն ձայնածավալ
ունեցող Միխայ Տրայստարիուն էր՝ «Tornero» կոմպոզիցիայով, 6-րդում՝ լատվիական «Կոսմոս»
արական խմբի ջազային կոմպոզիցիան՝ այն էլ ակապելլա, որը չնայած բարձրակարգ կատարմանը,
եվրոպական հեռուստադիտողների քիմքը չշոյեց: 7-րդ տեղում ուկրաինուհի Թինա Կարոլն
էր՝ իր «Show me your love» կրակոտ երգով: 8-րդը մեր երկիրը ներկայացնող Անդրեն էր՝
Հայաստանում բուռն բանավեճերի տեղիք տված «Առանց քո սիրո» երգով, որը, ի դեպ, կիսաեզրափակիչում
«ֆալշերով» մատուցվեց, ինչի մեղքը Հայաստանում բարդեցին տեխնիկական խոտանի վրա: 9-րդում
Հունաստանն էր. այն ներկայացնում էր ճանաչված երգչուհի Աննա Վիսին: Նրա համարի պարային
մասը համեմված էր ֆոլքով, ինչը առկա էր Բոսնիա-Հերցեգովինայի, Ուկրաինայի, Խորվաթիայի,
Մակեդոնիայի, Թուրքիայի եւ այլ մասնակիցների կատարումներում: Տասնյակը եզրափակում
է մասնագետների կարծիքով այդ շարքում բավական հաջող հանդես եկած իռլանդացի Բրայան
Քենեդին: «Առավոտի» հետ զրույցում բեմի հետ առնչվող լուսային ինժեներներն
ու այլ մասնագետները (խնդրեցին այս պահին ձեռնպահ մնանք իրենց անունները հրապարակելուց)
նշեցին աթենքյան «Եվրատեսիլում» հատկապես լուսային էֆեկտների չարաշահումը, որը միգուցե
լավ էր ներկա հանդիսատեսի, բայց ոչ՝ հեռուստադիտողի համար: Լույսերի չափազանց առատությունից,
մասնագետների խոսքով, «կադրը վառվում էր» եւ հեռուստադիտողին շոուի ողջ հմայքը հասանելի
չէր լինում: Բոսնիա- Հերցեգովինան ներկայացնող «Hari Mata Hari» խմբի «Layla» (թարգմանաբար՝
«Չափազանց մութ գիշեր») երգի մատուցման ժամանակ պահանջվում էր քիչ լուսավորություն՝
աստղալից երկինք ստանալու համար: Այնպես որ, վերջինս մյուս մասնակիցների նման չտուժեց
լուսային էֆեկտների չարաշահումից, եւ նրա կատարումը՝ լավ մեկնաբանման հետ միասին
երգի հաջողության գրավականը դարձավ: Ինչպես բազմիցս նշվել է, «Եվրատեսիլում»
կոնկրետ չափանիշներ չկան: Հեռուստադիտողին ավելի շատ հետաքրքրում է ոչ թե բարձրարվեստ
երգը կամ ճանաչված երգչին բեմում տեսնելը, այլ ակնահաճո եւ ունկնահաճո շոուն: Պատահական
չէր, որ ֆիննական «հրեշները» դարձան հաղթողներ, Բիլանը սպիտակ ռոյալով օրիգինալ բեմադրության
շնորհիվ երկրորդ տեղը գրավեց, կամ տասնյակում չհայտնված, թույլ կատարումով հանդես
եկած հանրահայտ «Լաս Կետչուպը» (Իսպանիա) հաջողացրեց միավորներ կորզել քիչ թե շատ
հաջող բեմադրության ու սափրագլուխ պարուհու շնորհիվ: Նկատենք, որ Իգոր Դրուժինինի
բեմադրությունը պարախեղդ էր արել Անդրեին, ինչը բացասաբար անդրադարձավ կիսաեզրափակչի
նրա ելույթին: Եվ այդ էր պատճառը, որ եզրափակիչ փուլում ակնհայտորեն «բեռնաթափվել»
էին երգչի շարժումները: Մինչեւ այսօր էլ չի հրապարակվել, թե ով է Անդրեի եվրատեսիլյան
իմիջմեյքերը: Ինչ վերաբերում է հայաստանյան իմիջմեյքերին, բազմաթիվ միջազգային մրցույթների
հաղթող Արամ Նիկոլյանին, վերջինս գոհ չէր Անդրեի հագուկապից: Ավելի քան 100
մլն հեռուստադիտող 38 երկրներից քվեարկեցին «Եվրատեսիլի» մասնակիցների օգտին: Անդրեի
միավորները հետեւյալ կերպ բաշխվեցին՝ Ռումինիա՝ 1, Լիտվա՝ 2, Գերմանիա՝ 3, Լեհաստան՝
5, Կիպրոս եւ Մոլդովա՝ 7-ական միավոր, Ուկրաինա, Իսպանիա, Իսրայել, Բուլղարիա եւ
Բելառուս՝ 8-ական միավոր, Թուրքիա, Հունաստան, Նիդեռլանդներ, Ֆրանսիա՝ 10-ական, Բելգիա
եւ ՌԴ՝ 12-ական միավոր: Մի կարեւոր հանգամանք՝ Հարավսլավիայի մաս կազմող երկրները
միմյանց էին բարձր միավորներ տվել, մերձբալթյան հանրապետությունները՝ իրար, նույնը
վերաբերում էր սկանդինավյան երկրներին եւ ԽՍՀՄ նախկին հանրապետություններին: Իհարկե՝
Անդրեի բարձր միավորների մեջ ամենամեծ դերն ուներ հայկական լոբբին: ԳՈՀԱՐ
ՀԱԿՈԲՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ