Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԱ-Ն ՓՈՇԻԱՑՐԵ՞Լ Է ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ

Մայիս 23,2006 00:00

«Ազգ»-ի շաբաթ օրվա համարում
տպագրված է «Գ. Գյուլբենկյան» հիմնադրամի հայկական բաժանմունքի հայտարարությունը:
Դրանից առաջ մեր աղբյուրներից ստացել եւ գրել էինք տեղեկատվություն այն մասին, որ
հիմնադրամը դժգոհ է իր տրամադրած գումարները ոչ նպատակային ծախսելու համար: Հայտարարության
մեջ էլ հիմնադրամի հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանը մասնավորապես հիշեցնում
է, որ ըստ հիմնադրամի հաստատած կանոնադրության, բարեգործական միջոցներով ստեղծված
ցանկացած կենտրոն պետք է գործի առանց շահույթ հետապնդելու եւ ենթակա չէ սեփականաշնորհման,
սակայն՝ «Ցավոք, վերջին տարիներին երբեմն կոպիտ կերպով խախտվում են վերոնշյալ սկզբունքները
եւ օրենքները: Օրինակ, իրենց կոչմանը չեն ծառայում ՀՀ ԳԱԱ գունավոր տպարանը, համակարգչային
կենտրոնը, գիտահետազոտական աշխատանքների նպատակային ֆինանսավորումը…»: Մեր
ձեռքի տակ կան փաստաթղթեր, որոնք ներկայացրել է ակադեմիկոս Անրի Ներսիսյանը: Դրանք
վկայում են այն մասին, որ ԳԱԱ նախկին նախագահ Ֆադեյ Սարգսյանի օրոք չարաշահումներ
են թույլ տրված՝ կապված հիմնադրամի տրամադրած գումարների հետ: Ակադեմիկոսը
հայտնեց, որ այդ փաստաթղթերը հիմնադրամը ժամանակին ներկայացրել է իր խնդրանքով եւ
միայն հիմա է նա իրավունք ստացել դրանք հրապարակել: Եվ այսպես: 2000-ի սեպտեմբերին
Գյուլբենկյանի ժառանգը՝ Միքայել Եսայանը Ֆ. Սարգսյանին նամակ է ուղարկում, որում
նշում է, որ հիմնադրամը քննարկել է ԳԱԱ 1999 թ. հաշվետվությունը՝ իր ենթակայության
տակ գտնվող ինստիտուտների պլանավորված գիտահետազոտական ծրագրերի վերաբերյալ եւ որոշել
է տրամադրել 110 հազար ԱՄՆ դոլար՝ հետազոտություններին աջակցելու համար: Գումարն
ուղարկվել է նպատակային, 4 թեմաների համար, որոնց ղեկավարներն են Ա. Փանոսյանը եւ
Մ. Բադալյանը, Ա. Մանթաշյանը, Ս. Մայրապետյանը, Է. ԱՖրիկյանը: Այդ գումարի
հետագա ճակատագիրը պարզապես զավեշտ է: 2000-ի դեկտեմբերին Ֆ. Տաճատիչը շնորհակալական
նամակ է հղում պրն Եսայանին՝ նվիրաբերած գումարի համար, իսկ 2001-ի մարտին ներկայացնում
հաշվետվություն այդ գումարի ծախսման վերաբերյալ, որը ոչ մի հեռավոր աղերս չունի վերոնշյալ
4 թեմաների հետ: Ըստ համապատասխան փաստաթղթերի, 28950 ԱՄՆ դոլարը հատկացվել է ԳԱԱ
գրքերի եւ պարբերականների պատրաստմանն ու հրապարակմանը, 37 000-ը պարզապես տրվել
է ԳԱԱ 37 ինստիտուտներին՝ յուրաքանչյուրին 1000-ական դոլար, հետազոտությունների օժանդակության
համար: 10 000 դոլարը ծախսվել է «խրախուսում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականներին» հոդվածի
տակ, 5000 դոլարը տրամադրվել է հիմնարար գրադարանին: Կոմպյուտերային ցանցի օժանդակ
ծախսերին բաժին է հասել 4000 դոլար, իսկ 5050 դոլարով Հնդկաստան գործուղման են մեկնել
Ֆ. Սարգսյանը, փոխնախագահ Յու. Շուքուրյանը եւ արտասահմանյան բաժնի վարիչ Գագիկ Էվոյանը,
ինչպես նաեւ մուծվել է Միջազգային գիտական կազմակերպությունների միության անդամավճարը:
Վերջապես, 20 հազար դոլարը հատկացվել է ԳԱԱ համալիրի ջեռուցման «վթարված» մասի կարգավորմանը:
Այս 20 հազար դոլարի ճակատագրով հետաքրքրվել է անձամբ ակադեմիկոս Անրի Ներսիսյանը՝
դիմելով ԳԱԱ գործերի կառավարչին: Վերջինից նա պարզաբանում է ստացել, ըստ որի, 99-ին
ակադեմիան նորագույն ջեռուցման համակարգով ապահովված է եղել նույն Գյուլբենկյանի
շնորհիվ, իսկ վթար այդ համակարգում եղել է միայն 2004-2005թթ.: Սակայն այդ 20 հազարը
տրվել էր Ֆ. Սարգսյանի սիրելի «Ակունքշին» կազմակերպությանը (որ իրականացնում է ԳԱԱ
բոլոր շինարարական գործերը)՝ իբր վթարը վերականգնելու համար: Ծախսերի մեջ
մի հանելուկ էլ կա. «Գիտությունը Հայաստանում» աշխատության հրատարակման համար ԳԱԱ
2001թ. «բյուրոյի» 7 անդամներ (Ֆ. Սարգսյանը, Ս. Համբարձումյանը, Գ. Բրուտյանը, Յու.
Շուքուրյանը, Է. Գաբրիելյանը, Վ. Բարխուդարյանը եւ Գ. Գալոյանը), ինչպես նաեւ վերոհիշյալ
Գ. Էվոյանը, ստացել են 1000-ական դոլար: Սակայն Անրի Ներսիսյանը, լինելով ԳԱԱ հիմնարար
գրադարանի տնօրեն, այդպես էլ չի հայտնաբերել այդպիսի աշխատության հետք: Նմանատիպ
փաստերի շարքը կարելի է շարունակել: Դրանք հաստատող բոլոր փաստաթղթերը կան: Բայց
հետաքրքիրն այն է, որ մի քանի օր առաջ, երբ մենք Ֆադեյ Սարգսյանին դիմեցինք՝ պարզաբանում
ստանալու այս հարցի շուրջ, նա մեզ ասաց. «Ամեն ինչ նորմալ է, կարգավորվել է, նա (Զ.
Եկավյանը- Հ. Բ.) նամակ է գրել… տպարանի հարցն էլ է փակված, մենք կշարունակենք
այդ հիմնադրամի հետ աշխատել»: Երեկ մեզ հետ զրույցում ԳԱԱ նորընտիր նախագահ Ռադիկ
Մարտիրոսյանն ասաց, որ նման նամակ ԳԱԱ-ում չկա: Նա էլ իր հերթին հիշեց, որ հիմնադրամի
դժգոհությունների մասին ինքն էլ է լսել՝ հատկապես կապված որոշ բուժհաստատություններում
սարքավորումների սեփականաշնորհման հետ: Այս մասին եւս հիմնադրամի տնօրենն իր հայտարարության
մեջ նշել է եւ հույս է հայտնել, որ վերահսկողական մարմիններն անհրաժեշտ միջոցներ
կձեռնարկեն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ.
Մի կարեւոր հանգամանք եւս. Ֆ. Սարգսյանի՝ «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամին ուղղված
մեզ հայտնի եւ ոչ մի նամակում ելքի թիվ նշված չէ, ինչը նշանակում է, որ ԳԱԱ նախկին
նախագահը «տնական» ձեւով է մոտեցել իր հարաբերություններին այդ հիմնադրամի հետ՝ շրջանցելով
ԳԱԱ ընդհանուր բաժինը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել