Դատական
քաշքշուկը շարունակվում է 2006թ. մարտի 4-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական
կոմեդիայի պետական թատրոնի ղեկավարության հրահանգով կնքվել էր (դեռեւս 1994-ից) թատրոնի
տարածքում գործող «Ժառանգություն» կուսակցության գրասենյակը՝ պատճառաբանելով, որ
իրենց միջեւ նոտարով կնքված պայմանագիր չկա, եւ պահանջել էին, որ «Ժառանգությունն»
ազատի զբաղեցրած տարածքը: Այդ օրից ի վեր նշված հասցեում գրանցված ու գործող «Ժառանգություն»
կուսակցության կենտրոնական գրասենյակի աշխատակազմի եւ Րաֆֆի Հովհաննիսյանի գրասենյակային
ու անձնական իրերը փաստացի գտնվում են թատրոնի ղեկավարության տնօրինության տակ: Դեպքի
առթիվ դեռ այն ժամանակ կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն անմիջապես դիմել
էր ՀՀ ոստիկանություն եւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ քրեական գործ հարուցելու հայտարարությամբ,
սակայն վերջիններս պատասխանել էին, թե թատրոնի տնօրինության ու Հովհաննիսյանի միջեւ
ծագած վեճը քաղաքացիաիրավական դաշտում է եւ գտնվում է դատարանի իրավասության ներքո:
Արդեն ապրիլի 11-ին կուսակցությունը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին
ատյանի դատարան հայց էր ներկայացրել՝ ընդդեմ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի
պետական թատրոն պետական ոչ առեւտրային կազմակերպության, որով պահանջվում էր վերացնել
գույքի տիրապետման եւ օգտագործման իրավունքի խախտումները: Նույն օրը թատրոնի ղեկավարության
կողմից իր տնօրինության տակ հայտնված գույքի նկատմամբ որոշակի գործողություններ կատարելն
արգելելու նկատառումով հայցվորի կողմից միջնորդություն էր ներկայացվել` իբրեւ հայցի
կատարման միջոց վերացնել Ր. Հովհաննիսյանի ու «Ժառանգություն» կուսակցության գույքի
նկատմամբ դրված արգելքը: Ու թեեւ այն ժամանակ դատարանի որոշմամբ հայցը բավարարվել
եւ ուղարկվել էր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման
(ԴԱՀԿ) ծառայություն, բայց վերջինս ինչ-ինչ պատճառաբանությամբ վերադարձրել էր դատարանի
այդ որոշումն ու կատարողական թերթը: Դատարանը մայիսի 19-ին նույն որոշումը երկրորդ
անգամ էր ուղարկել ԴԱՀԿ: Նույն օրը նշանակված դատական նիստը Կենտրոն եւ Նորք-Մարաշ
համայնքների առաջին ատյանի դատարանում բացվեց պատասխանողի բացակայությամբ, թեեւ կողմերը
պատշաճ կարգով տեղեկացված էին դատական նիստի մասին: Սակայն պատասխանողը վաղօրոք գրավոր
տեղեկացրել էր հայցի վերաբերյալ իր «դիրքորոշման ու պահանջի» մասին, ըստ որի, թատրոնի
տնօրինության ու վարձակալի միջեւ կնքված վարձակալության պայմանագիրը նոտարական կարգով
վավերացված չէ, հետեւաբար առ ոչինչ է, իսկ հայցն անհիմն է եւ ենթակա է մերժման: Թատրոնի
այս «առարկությունը» հիմք էր դարձել, որպեսզի Հովհաննիսյանի շահերի ներկայացուցիչ,
փաստաբան Վահագն Գրիգորյանը հանդես գա հայցային պահանջներն ավելացնելու մասին միջնորդությամբ`
այդ կապակցությամբ ներկայացնելով համապատասխան ապացույցներ: Ավելացված հայցապահանջներով
պահանջվում է կիրառել առ ոչինչ գործարքների անվավերության հետեւանքները: Դատարանը
երեկ որոշում է կայացրել գործի քննությունը հետաձգել: Դատական հաջորդ նիստը նշանակված
է ս.թ. հունիսի 1-ին: «Իրավական, իսկ ավելի ստույգ՝ քաղաքական այս քաշքշուկի ավարտն
ու արդար ելքը տակավին տեսանելի չեն»,- ստեղծված իրավիճակն այսպես է գնահատել «Ժառանգություն»
կուսակցությունը: Սեփ. լր.