Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Շեյխերը ընդդեմ պատերազմի

Մայիս 23,2006 00:00

Շեյխերը
ընդդեմ պատերազմի Իրանի նախագահ Ահմադինեջադի ջանքերը՝ Իրան-ԱՄՆ
հակամարտությունն ամեն կերպ աշխարհին ու, մասնավորաբար՝ մուսուլմանական աշխարհին
մատուցել իբրեւ քաղաքակրթությունների բախում, կարծես հաջողությամբ չեն պսակվում:
Համենայնդեպս, Պարսից ծոցի արաբական երկրներին ակնհայտորեն դուր չեն գալիս
իրանական ճգնաժամի հետագա խորացումն ու հավանական պատերազմի սանձազերծումը՝ իրենց
սահմաններից հաշված կիլոմետրերի վրա: Արաբ միլիարդատերերը, ըստ ամենայնի, թքած ունեն
իրենց հավատակից Ահմադինեջադի կրոնական դեմագոգիայի վրա եւ մտադիր են իրենց մասնակցությունը
բերել տարածաշրջանում նոր՝ ավերիչ պատերազմի կանխմանն ուղղված միջազգային ջանքերին:
Արժե հիշատակել, որ, օրինակ՝ Իրանում կառուցվող Բուշերի ատոմակայանի եւ Էլ-Քուվեյթի
միջեւ ընկած հեռավորությունը կազմում է ընդամենը 100 կմ: Ծոցի արաբ միապետները միանգամայն
արդարացված մտավախություն ունեն, որ հարեւան Իրանի տարածքի ինտենսիվ հրթիռակոծումը
գերժամանակակից հզոր հրթիռներով՝ կարող է բացասաբար անդրադառնալ ինչպես իրենց երկրների
նավթային ինդուստրիայի, այնպես էլ առհասարակ բնականոն կենսագործունեության վրա: Ուստի,
արաբական աշխարհի առաջնորդները եւս որոշել են ակտիվացնել անմիջական դիվանագիտական
շփումները Թեհրանի հետ եւ բանակցությունների միջոցով փորձել հնարավորինս մեղմել իրանական
ճգնաժամի հետագա սրումը: Իսկ մինչ այդ, պաշտոնը ստանձնելուց ի վեր առաջին
անգամ այցով ԱՄՆ-ում գտնվող Իսրայելի նորընտիր վարչապետ Էհուդ Օլմերտը CNN հեռուստաընկերությանը
տված հարցազրույցում սենսացիոն հայտարարություն է արել՝ պնդելով, թե «մինչ իրանական
ռումբի ստեղծումը հաշված ամիսներ են մնացել»: «Էականն այն չէ, թե Իրանը երբ ատոմային
ռումբ կպատրաստի, էականն այն հարցն է, թե երբ Իրանն այդ բանն անելու համար բավարար
գիտելիքներ եւ հնարավորություններ կկուտակի, իսկ այդ փուլը շատ ավելի մոտ է, քան
մենք նախկինում կարծում էինք»,- ասել է Իրանի կողմից հրթիռակոծվելու վտանգին ամենից
շատ ենթակա երկրի՝ Իսրայելի վարչապետը: Ըստ այդմ, Օլմերտն ուշադրություն է հրավիրել
այն հանգամանքի վրա, որ վերջին շրջանում Իսրայելը ոչնչացնելու մասին Իրանի նախագահի
հաճախակի դարձած հայտարարությունները ոչ մի կերպ չեն համատեղվում միջուկային ոլորտում
կատարվող աշխատանքները բացառապես խաղաղ նպատակների ծառայեցնելու՝ Թեհրանի հավաստիացումների
հետ: Միեւնույն ժամանակ, Օլմերտը հայտարարել է, որ Իսրայելում ցայժմ չեն քննարկել
Իրանին կանխարգելիչ հարվածներ հասցնելու, ինչպես նաեւ ինքնուրույնաբար Իրանի դեմ
պատերազմական գործողություններ վարելու հետ կապված հարցեր: Իրանի միջուկային
ծրագրի շուրջ առաջացած ճգնաժամի միջազգայնացման խորացող ընթացքը հարցի լրջության
խոսուն ապացույցն է: Վերջին շրջանում իրենց զանազան այցերի ժամանակ առաջին հերթին
Իրանի հարցն են քննարկում ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի,
եվրոպական մնացյալ գերտերությունների ղեկավարները: Տ. ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել