Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԲԱ ԱՄՈԹ ՉԻ՞, ԴՆԵՆ ԹԵՐԹԵՐՈՒՄ ՄԱՐԴՈՒՆ ԻՆՉ ԱՍԵՍ՝ ԱՍԵՆ»

Մայիս 23,2006 00:00

Վրդովված
հարցնում է ՕԵԿ-ից դուրս եկած գործարար պատգամավոր Գրիգոր Մարգարյանը – Պարոն
Մարգարյան, ըստ լուրերի, ՕԵԿ-ից դուրս եկած գործարար պատգամավորները պատրաստվում
են առանձին խումբ ստեղծել, որը դուք եք ղեկավարելու, ի՞նչ խնդիրներ է լուծելու այդ
խումբը: – Սկսենք նրանից, որ ձեր հարցն արդեն սկսեցիք ոչ ճիշտ՝ էդ խումբը,
որ ստեղծվում է եւ դուք ղեկավարելու եք: Եթե այդքանն ասացիք, ուրեմն, ինձ թվում է,
էլ ինձ հարցեր տալու կարիք էլ չկա: Ուրեմն, խմբի ստեղծումը դեռ ընթացքում է, այդ
թեմաները դեռ քննարկվում են, կարող է ստեղծվի, կարող է՝ չստեղծվի, ինչ վերաբերում
է խմբի ղեկավար լինելուն, ապա, եթե ինձ առաջարկեն խմբի ղեկավար լինել, ես կմտածեմ,
դեռ այդպիսի առաջարկներ էլ չեն եղել: Ասում եմ, ամեն ինչ այն փուլում է, որ դրա մասին
ավելորդ է խոսել: – Մոտավորապես ե՞րբ կստեղծվի խումբը: – Մոտավորապես
մոտ ապագայում, ես նկատի ունեմ կլուծվի այն հարցը՝ խումբը ստեղծվո՞ւմ է, թե՞ ոչ:
Մոտ ապագան կարող է լինել մինչեւ տարվա վերջ, մինչեւ երեք օր հետո, տասնհինգ օր հետո:
– Ինչո՞վ եք բացատրում ՕԵԿ խմբակցությունից ձեր դուրս գալը: – ՕԵԿ-ը
քաղաքական լուրջ կուսակցություն է, ինքը որոշել է քաղաքական դաշտը փոխել: Այդ կուսակցության
խմբակցության մեջ եղել են մարդիկ, ովքեր չեն ուզել քաղաքական դաշտ փոխել: Մի՞թե սա
այդքան զարմանալի բան է. թերթերում ինչ ասես՝ չգրեցին: – Գիտե՞ք, ավանդույթ
կա, գործարարները սովորաբար ստիպված են դուրս գալիս այս կամ այն քաղաքական ուժի կազմից
կամ խմբակցությունից՝ իրենց բիզնեսը չվնասելու նպատակով: Թերեւս դուք ե՞ւս այդ պատճառով
եք դուրս եկել: – Ընդհանրապես ասեմ, որ իմանաք: Այն մարդը, ով ունի ֆինանսական
աղբյուրներ, նախկինում գործարար է եղել, այսօր եկել է Ազգային ժողով եւ որոշել է
տեղափոխվել քաղաքական դաշտ, ուրեմն՝ էլ ավելի անկախ է, որովհետեւ հնարավորություններ
ունի, որ կարող է ինչ-որ մեկին մի բան ասել, ասեն՝ ստոպ, ես էլ իմ հնարավորություններն
ունեմ: Ինչ վերաբերում է նրան, որ ասում են, թե ուժ է գործադրվել եւ այլն: Ուժը ո՞րն
է, փաստորեն այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ գործարարները ո՛չ իրենց անձնական
կարծիքն ունեն, ո՛չ խելք ունեն: Փաստորեն, այդ տպավորությո՞ւնն է ձեզ մոտ ստեղծվել,
ես չեմ հասկանում, բա ամո՞թ չի: – Բայց երբ ժամանակին դուք մտաք ՕԵԿ խմբակցություն,
կիսո՞ւմ էիք այդ կուսակցության գաղափարախոսությունը, ծանո՞թ էիք նրա ծրագրերին: –
Գաղափարախոսությունը կիսել եմ, այո: – Ուրեմն ի՞նչ պատահեց, ՕԵԿ-ն իր գաղափարախոսությունը
կարծես չի փոխել: – Ասում եք՝ ի՞նչ պատահեց, գաղափարախոսությունը չի փոխել,
քաղաքական դաշտն է փոխել, կոնկրետ հենց նոր ելույթ էր ունենում ՕԵԿ ղեկավարը՝ Արթուր
Բաղդասարյանը եւ ինքը ասաց՝ այո, 2002-ից նախագահի կողքին ենք կանգնած եղել, այո,
2002 թվականից այդ թիմը ամբողջ ուժով եղել է նախագահի կողմը: Հիմա քաղաքական ուժը
որոշում է կայացրել իր քաղաքական դաշտը փոխելու մասին: Ինչ վերաբերում է ներսի մարդկանց,
կապ չունի գործարար է, թե ոչ: Իսկ ձեր կարծիքով ինչո՞ւ, միայն բիզնեսմե՞ն է դուրս
եկել: Կա մարդ, որ ինքը քաղաքական դաշտում չի կարողանում իրեն պատկերացնել: Հնարավոր
չի՞, որ այդ մարդը իր սեփական կարծիքն ունենա: Դնեն թերթերում ինչ ասես՝ ասեն այդ
մարդուն, բա ամոթ չի՞: Վերջապես ե՞րբ ենք մենք կարողանալու գնահատել մեր այն բաները,
որ ամեն ինչ չի, որ կարելի է վրայով անցնել: Արժեքներ վերջապես մենք ունենք, չէ՞,
ընդունված բաներ կան, չի կարելի այդպես: Վերջապես, մարդիկ պետք է դաստիարակություն
ունենան: – Այդ դեպքում բացատրեք, թե ինչո՞ւ են գործարարները շարունակ փորձում
կպչել այս կամ այն իշխանական կուսակցությանը, ի՞նչն է պատճառը, որ գործարարները ձգտում
են դեպի քաղաքական ուժեր: – Ես գործարար եմ եղել, այսօր եկել ենք քաղաքական
դաշտ, եւ համարում եմ, որ տնտեսական քաղաքականությունն էլ է քաղաքականություն: Ով
մտածում է, որ մտել է Ազգային ժողով եւ քաղաքական դաշտից հեռու է, դա արդեն երազ
է, դու արդեն քաղաքական դաշտում ես: Բայց հիմնականում մենք ավելի շատ ուշադրություն
ենք դարձնում գործարարությանը, բիզնեսին վերաբերող օրենքներին, թե հարկային, թե մաքսային
քաղաքականությանը, սոցիալական հարցերին եւ այլն: Ինչ վերաբերում է ձեր հարցին,
ասեմ. ԱԺ-ում կան գործարարներ, ովքեր որեւէ կուսակցություն կամ խմբակցություն չեն
մտել; Հիմա խնդիր չկա, մենք խմբակցությունից դուրս ենք եկել, եւ ես չեմ տեսնում շատ
կարեւորություն, որ պարտադիր է լինել որեւէ կուսակցության անդամ: Ես տեսնում եմ,
որ եթե մարդ որոշել է դառնալ պատգամավոր, մտածելով, որ կարող է օգտակար լինել ժողովրդին:
Եվ դա իրավունք չի տալիս ոչ մեկին, ոչ մեկին, դա կլինի պատգամավոր թե լրագրող, կանգնել
ասել, թե սա ո՞նց է դարձել պատգամավոր: Պատգամավորին ընտրել են 40 հազար ընտրող,
ուրեմն, եկեք հարգենք գոնե այդ ժողովրդի կարծիքը: Ոչ մեկի անձնական գործը չի, թե
էս մարդուն ինչո՞ւ ընտրեցին պատգամավոր: Ժողովուրդը եկել եւ ընտրել է, դա ձեր գործը
չի, ժողովրդի անունից մի խոսեք, ամեն մեկը թող խոսի իր անունից: – Մամուլում
լուրեր տարածվեցին, որ ՕԵԿ ղեկավարը իր խմբակցության անդամ գործարար պատգամավորներից
շարունակ ֆինանսական միջոցներ է պահանջել: Ձեզնից ե՞ւս պահանջել է: – Դա սուտ
է, իրականությանը չի համապատասխանում, հերյուրանքներ են: ՄԱՐԳԱՐԻՏ
ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել