Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ԿԱՏԱՐՈՒՄ «ՍԵՐԺԻ ԶԱԿԱԶՆԵՐԸ»

Մայիս 23,2006 00:00

Երեկ
ՕԵԿ-ի եւ «Ազգային միաբանության» միջեւ բանավեճերն ընթացան մի քանի ռաունդով, որոնցից
ներկայացնում ենք միայն դրվագներ: «Կարծում եմ, ընդդիմադիրների շարքը համալրող
բազմահազարանոց կուսակցությունն իր շարքերում կգտնի գոնե մի-երկու սնխչիների, որ
նախ եւ առաջ՝ իրենց վախը բռնի»,- ԱԺ նիստում այսպես արձագանքեց «Ազգային միաբանության»
նախագահ Արտաշես Գեղամյանը այն փաստին, որ Արթուր Բաղդասարյանը չի քննադատում Ռոբերտ
Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին՝ խոսելով ընտրակեղծիքների, սեփականաշնորհման ընթացքում
թույլ տրված չարաշահումների եւ դատական համակարգի կոռումպացվածության մասին: «Շատ
խելք պետք չի՝ հասկանալու համար, որ ՕԵԿ-ի վախը շատ շուտ ենք բռնել ու դատապարտել
ցմահ ազատազրկման»,- հակադարձեց ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը: Հաջորդ
ռաունդում պրն Գեղամյանը հռետորական հարց ուղղեց. «Երկրի երկրորդ դեմք եք փոխում՝
ի՞նչ է նշանակում դիմումը հարգել կամ չհարգել: Լրջագույն մեղադրանքներ են հնչեցվել
հենց նույն Արթուր Բաղդասարյանի կողմից: Եկեք տեսնենք, եթե նա ճիշտ է՝ ասենք, հալա՛լ
է քեզ: Իսկ եթե խաղեր եք խաղում՝ բավակա՛ն է: Ժողովուրդը հոգնել է ձեր խաղերից»:
Արթուր Բաղդասարյանը հրապարակավ խոստովանել էր, որ տեղի ունեցածն անձամբ իր համար
«մարդկային մեծ ողբերգություն էր: Տարիներ շարունակ մարդկանց հետ ընկերություն ենք
արել, աղուհաց կիսել», սակայն նրանցից շատերի հրաժարականի մասին տեղեկացել էր հեռուստատեսությամբ.
«Հիմա, եթե դա որոշ մարդկանց համար խաղ է, պատասխանը մեկն է. թող այդ խաղը ձեր գլխի՛ն
գա, թող այդ խաղը ձեր մերձավորների՛ գլխին գա»: «Ազգային միաբանության» առաջնորդը
սրան էլ արձագանքեց՝ խորհուրդ տալով չիջնել անեծքների մակարդակի. «Եթե ձայնը տղամարդու
չլիներ, կարող է մտածեի՝ ինչ-որ ջադու են գտել, բերել, այս մարդն էլ անեծքներ է տալիս,
թե ուղտը չգիտեմ որի դռանը չոքի, իրենց գլխին գա էն, ինչ մեր գլխին է եկել: Վերջին
հաշվով՝ քաղաքական գործիչներ ենք մենք՝ սատանայական օրդենի մասնակիցներ չենք»: ՕԵԿ-ից
մի քանիսն անմիջապես պատասխանեցին նրան: Ասենք, Վռամ Գյուլզադյանի հակադարձումն էր.
«Միաբանության փրկիչն ու իր առաքյալները թող իրենց մասին մտածեն: Իրենց կողմից անտերության
մատնված ընդդիմադիր դաշտն իրենց թվում է, թե դարձրել են դրախտավայր, ինքն էլ կառավարիչն
է, իսկ իր առաքյալները՝ դռնապահներ: Եվ չափորոշիչներ են սահմանում, թե ովքեր իրավունք
ունեն այդ դաշտում լինելու, ովքեր՝ ոչ»: Իսկ Հովհաննես Մարգարյանը նկատեց, թե «մեզանում
ձեւավորվել է մի մթնոլորտ, երբ սատանաներն են խոսում սրբերի մասին: Չգիտես ինչու՝
բամբասանքչի, Գյուլնազ տատի ոճով հանդես եկողները փորձում են խոսել բամբասանքներից
եւ անեծքներից»: Նաեւ մի ակնարկ արեց. «Պրոֆեսիոնալ խաղերի մեծ վարպետներ են սրանք,
ովքեր գիտեն, թե ինչպես պետք է պատեհ պահին հազարավոր դոլարներ վերցնեն եւ գցեն իրենց
գործընկերներին»: Արտաշես Գեղամյանը երկուսին էլ պատասխանեց. նախ, Վռամ Գյուլզադյանին.
«Երկիր, որտեղ դատախազը ծառատունկով է զբաղված, քաղաքականությունն էլ իրականացնելու
են կարտոֆիլագործները»: Հետո էլ՝ Հովհաննես Մարգարյանին. «Պառաշոկի՛ գործից խոսիր:
Կաթի պառաշոկի մասին եմ ասում»: Այս անգամ էլ ի պատասխան պրն Մարգարյանը Գեղամյանին
նետեց. «Պատրաստ եմ սատարել, եթե զրպարտություն չէ քո հասցեին, որ ասում են (քիչ
անց ճշգրտեց, թե նկատի ունի 2002-2003 թվականները. Ա. Ի.), թե ճարպիկ լինելով՝ շատ
էժան ծախվեցիր»: Այս ամենից հետո Արթուր Բաղդասարյանը, որ հրաժարականի ելույթ
ունենալուց հետո հեռացել էր նիստերի դահլիճից՝ վերադարձավ ու դարձյալ ելույթ ունեցավ՝
հայտարարելով, թե «Չասված խոսք չպիտի մնա»: Եվ Ռոբերտ Քոչարյանին պաշտպանելու կապակցությամբ
ասաց, թե 2003-ի ընտրություններում ՕԵԿ-ը «շիտա՛կ, տղամարդու պես» պաշտպանել է Քոչարյանի
թեկնածությունը. «Ի տարբերություն որոշ առաջնորդների, որոնք առաջին փուլից հետո լքեցին
ընդդիմադիր ճամբարը, որովհետեւ եթե նրանք չլքեին այդ ճամբարը՝ Հայաստանում բոլորովին
այլ քաղաքական իրավիճակ էր ստեղծվելու»: Այս անգամ չանդրադարձավ պատճառներին, թե
ինչու լքեցին՝ սահմանափակվելով դիտարկմամբ, թե «դրա մասին գրել են, դրա մասին խոսում
է ժողովուրդը»: «Ազգային միաբանությանը» նաեւ կշտամբեց. «Խոսում եք պաշտպանության
նախարար Սերժ Սարգսյանից: Բայց նույն պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանից ֆինանսական
աջակցություն եք ստանում՝ ստվերային խողովակներով»: Արտաշես Գեղամյանը տեղից նետեց.
թե «փա՛ստ ասեք, թե չէ հիմա Սերժի զակազն եք կատարում»: «Սերժի զակազը դո՛ւք եք կատարում՝
ապրանքներ մատակարարելով»,- հայտարարեց Արթուր Բաղդասարյանը: Նկատի ուներ մասնավորապես
այն, որ «Ազգային միաբանության» անդամ Գագիկ Կոստանդյանի ձեռնարկությունը կատարում
է պաշտպանության նախարարության պատվերները: Այս առնչությամբ Արթուր Բաղդասարյանն
ավելի վաղ հրապարակավ կասկած էր հայտնել, թե առանց առաջին դեմքերի հետ լուրջ կապերի
հնարավոր է նման բան: Եվ տարակուսելի համարել, որ Արտաշես Գեղամյանը խոսում է Սերժ
Սարգսյանի դեմ, իսկ նրա խմբակցության անդամն ապրանք է մատակարարում ՊՆ-ին: «Երկրորդ
դեմքն ես՝ դատի տուր. Սերժին՝ կաշառատվության, ինձ էլ՝ կաշառք վերցնելու համար»,-
տեղից վրդովված գոռաց պրն Գեղամյանը: Վահան Հովհաննիսյանը փորձում էր հանդարտեցնել
նրան: «Ես համբերություն ունեմ՝ ես կսպասեմ, ես ձեր նման հոգեվարքի մեջ չեմ»,- ասաց
Արթուր Բաղդասարյանը, եւ «Ազգային միաբանության» առաջնորդն ի պատասխան գոռաց, թե
իրականում ով է հոգեվարքի մեջ: Այս բանավեճը դեռ երկար կշարունակվեր: Ընդ
որում, պրն Գեղամյանի հակափաստարկները կարգին չէին լսվում, քանի որ նա դրանք շարադրում
էր առանց բարձրախոսի: Սակայն մի պահ ասաց. «Գնանք հեռուստաէկրանի առջեւ նստենք՝ դուք
ձերն ասեք, ես՝ իմը»: Եվ ՕԵԿ նախագահը պատասխանեց. «Հաճույքով ընդունում եմ մարտահրավերը,
եթե կա մի հեռուստաալիք, որ պատրաստ է տալ եթեր»: «Երկիր Մեդիան» ձեզ սպասում է»,-
անմիջապես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը: Իսկ երեկ դեռեւս «Երկիր
Մեդիա» հեռուստաընկերության լրատվական եւ քաղաքական ծրագրերի ղեկավար Գեղամ Մանուկյանը,
որն այսօրվանից պատգամավորի մանդատով կհետեւի խորհրդարանի աշխատանքներին՝ «Առավոտին»
հայտնեց, թե արդեն իսկ առաջարկներ արել են. «Պրն Գեղամյանը պատրաստակամություն հայտնեց
ուղիղ եթերում մասնակցել նման բանավեճի: Արթուր Բաղդասարյանին առաջարկ արվել է ԱԺ
հասարակայնության հետ կապերի վարչության միջոցով, եւ ակնկալում ենք պատասխան»: Այնպես
որ՝ շոուն դեռ շարունակվելու է, որի մի ռաունդն էլ կլինեն այսօր հնչելիք հայտարարությունները:
«Գողի ու էն մեկի օրը 40 է, եւ կյանքը ցույց կտա… ամեն ինչ ցույց կտա, ամեն մեկին
իր տեղը կդնի»,- ելույթն այսպես ավարտեց Արթուր Բաղդասարյանը: ԱՆՆԱ
ԻՍՐԱՅԵԼՅԱՆ Հ. Գ. ՕԵԿ նախագահի մի դիտարկում եւս. «Ընդդիմության
դաշտում, պատկերացրեք՝ 4 հոգով մի պարան են քաշում: Հիմա եկել են 5-6-ը, ասում են՝
տղերք, եկել ենք ձեր հետ էդ պարանը քաշենք: Ասում են՝ չէ, խի ես եկել… Խառնվել
են իրար»: Հավելեց. «Բոլորն էս ազգում առաջնորդ են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել