Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻ

Մայիս 20,2006 00:00

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է Այսօր Իտալիայի Թուրին քաղաքում հանդիսավոր պայմաններում կկատարվի շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայի բացումը, իսկ վաղը ժամացույցները գործի կդրվեն առաջին տուրում: Տղամարդկանց մրցաշարում խաղատախտակների առջեւ հարաբերություններն են որոշելու 139 երկրների 820 շախմատիստներ, որոնցից 243-ը կրում են գրոսմայստերի կոչում, իսկ կանանց պայքարում հանդես են գալու 100 երկրների 398 շախմատիստուհիներ: Խաղացվելու է 13 տուր եւ թե որո՞նք են ընթացիկ տարվա տղամարդկանց եւ կանանց շախմատային ամենաուժեղ երկրները, հայտնի կդառնա հունիսի 4-ին: Այդ ընթացքում երկու օր՝ մայիսի 26-ին եւ հունիսի 1-ին նրանց հանգստանալու հնարավորություն կընձեռվի: Հայաստանը մրցավայր է մեկնել տղամարդկանց եւ կանանց ամբողջական կազմ ունեցող հավաքականներով: Տղամարդկանց մեր ընտրանին գլխավորում է ՖԻԴԵ-ի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Թուրինում նրան ընկերակցելու են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Սմբատ Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը: Իսկ աղջիկներից մեր երկրի շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդիկ երեք անգամ նվաճել են շախմատային համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալներ. 1992 թվականին՝ Մանիլայում (102 երկիր), 2002-ին՝ Բլեդում (135) եւ 2004-ին՝ Կալվիայում (129): Ընդ որում, վերջին օլիմպիադայում մեր թիմը հավասար՝ 36,5 միավոր էր վաստակել Ռուսաստանի անչափ ուժեղ թիմի հետ եւ միայն լրացուցիչ գործակիցներով «արծաթը» զիջեց նրան: Հուսանք, որ Թուրինը հաջողակ կլինի հայաստանցիների համար եւ նրանք այնտեղից տուն կվերադառնան ավելի ազնիվ ձուլվածքի մեդալներով: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել