Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՆԱՀԱՆՋ՝

Մայիս 20,2006 00:00

ՆԱՀԱՆՋ՝ ԵՐԳՈՎ Խոսքն այս դեպքում ո՛չ Պարույր Սեւակի համանուն պոեմի մասին է, ո՛չ էլ Շահան Շահնուրի հանրահայտ վեպի: Պարզապես սա այն իրողության հակիրճ բանաձեւումն է, որում ակամա հայտնվել է մեր հանրությունը եւ որից դուրս գալու կամային ջանքեր կարծես թե չեն գործադրվում: Ավելին՝ երգոմանիան կամ, այլ կերպ ասած, երգախտը թափանցել է հանրային օրգանիզմի բոլոր հյուսվածքները եւ սպառնում է իր ճանապարհին ավերել ու ոչնչացնել դրանք: Երգը, ավելի ճիշտ՝ պայքարը, դրա հետագա տարածման ու խորացման դեմ այլեւս դարձել է ազգային անվտանգության խնդիր, որն անհետաձգելի եւ շուտափույթ լուծումներ է պահանջում: Այսօր երգում են բոլորը կամ գրեթե բոլորը՝ ջահել թե ահել, ձայն ունեցող թե չունեցող: Երգախտով վարակված պարման-պարմանուհիները հեռուստախցիկների առջեւ բարձրաձայն խոստովանում են, որ իրենց «կյանքը չեն պատկերացնում առանց բեմի» եւ հանուն դրա «պատրաստ են ամեն ինչի»: Տագնապահարույց այս հայտարարություններն ու դատողությունները, իրոք, խորհելու տեղիք են տալիս եւ պարտադրում բոլորիս որոնել ելքեր՝ մեղմելու մեր կյանքի համատարած այս «երգայնացումը»: «Ի՞նչ վատ բան կա դրանում»,- կհարցնեն ոմանք՝ մոռանալով, որ մարդկությունն իր գեղարվեստական գործունեության ընթացքում երգից բացի արվեստի նաեւ այլ տեսակներ է ստեղծել՝ գրականություն, գեղանկարչություն, քանդակագործություն, պար, թատրոն, կինո եւ այլն: Դրանց հավասարաչափ եւ համաչափ զարգացումն ու տարածումը յուրաքանչյուր քաղաքակիրթ հասարակության գոյության եւ կենսագործունեության բնականոն պայմաններից են: Մինչդեռ ի՞նչ է կատարվում մեզանում: Առաջնությունը տալով այդ տեսակներից միայն երաժշտությանը՝ վերջինիս բազմաթել հյուսվածքից առանձնացվում է լոկ երգը եւ հրամցվում որպես արվեստի միակ ու անփոխարինելի տեսակ: Այսօր «երգ» հասկացությունը դարձել է արվեստի հոմանիշ եւ արվեստ ասելով այլեւս միայն երգ է հասկացվում: Նկատենք, որ երգը ինքն ունի տարբեր դրսեւորումներ՝ ժողովրդական, գուսանական, հոգեւոր, հեղինակային, օպերային, ջազ, ռոք, ռեփ, փոփ եւ այլն: Փոփ երաժշտությանը կամ էստրադային երգին քաղաքացիության «հատուկ կարգավիճակ» եւ մենաշնորհային դիրք ապահովելու հանգամանքն է, որ մտահոգում է ինձ եւ, կարծում եմ, ոչ միայն ինձ: Զանգվածային լրատվամիջոցների մեծ մասի (թերթեր, ամսագրեր) եւ հատկապես ռադիո-հեռուստատեսության եթերի հպանցիկ քննությունն անգամ երեւան է հանում միակողմանի ու ուռճացված այն մոտեցումը, որ հանդես է բերվում մեզանում «նորին մեծություն» երգի հանդեպ: Ինչո՞վ, իրոք, երաժշտության այս թեթեւ ժանրն արժանացավ նման պատվի, գրավեց իր համար աննախադեպ ու ոչնչով չհիմնավորված տեղ ու դեր: Առաջ էլ էր, իհարկե, այն հնչում ռադիոյով ու հեռուստատեսությամբ, հնչում առանձին համերգներով ու հիշարժան կատարումներով, հնչում մյուս արվեստների հետ ներդաշնակ ու համահունչ: Անհարկի ուշադրությունն ու անհասկանալի (գուցեեւ հասկանալի) սեւեռումը գեղարվեստական այս երեւույթի վրա վկայում է հայ հանրության կյանքում առկա անառողջ, եթե չասենք՝ հիվանդագին միտումների մասին: Այս առումով նկատենք միայն, որ տեղի-անտեղի շատ է գրվում ու խոսվում մեր տնտեսության թռիչքային զարգացման, տնտեսական՝ երկնիշ թվերով չափվող աճի մասին, մինչդեռ երբեք չի խոսվում հասարակության հոգեւոր աճի, ներեցեք՝ հետաճի մասին, որն արտահայտելու համար արդեն ոչ թե երկնիշ, այլ եռանիշ թվեր են պետք: Երգը, նույնիսկ լավ երգը ժամանակավոր երեւույթ է: Թիթեռնիկի նման մի բան, որ կարճատեւ կյանք է ունենում: Այդպիսին է ժանրի բնույթը: Երեկ կամ դրան նախորդող օրը տարբեր ռադիոալիքներով սփռված եւ հաճախակի կատարվող երգերն այսօր, ավա՜ղ, էլ ոչ ոք չի լսում: Արժե՞ ուրեմն նման սեւեռում ու բեւեռում անցողիկ այս երեւույթի վրա, ջանքերի ու միջոցների այսչափ վատնում: Մի՞թե ժամանակը չէ մտածելու գեղարվեստական անանց արժեքների մասին, որոնք ապագա սերունդներին առավել ամբողջական պատկերացում կտան մեր ապրած օրերի ու մտորումների մասին, քան երգը: Դրանք կարող են լինել, ասենք, գրական երկը կամ սիմֆոնիան, թատերական պիեսը կամ գիտական մի ստեղծագործություն, որոնք գուցե եւ կան, ստեղծվում են մեր օրերում, որոնց մասին, սակայն, մենք ոչինչ չգիտենք: Ողջ եթերը, դրա լավագույն ժամերը տրված է միայն ու միայն երգին եւ համապատասխանաբար՝ երգիչներին: Կարծես ամլացել է հայ ժողովրդի արգանդը. ո՛չ գրող է ծնվում, ո՛չ դերասան, ո՛չ էլ նկարիչ: Տեղեկատվական հեղեղից կարծես միտումնավոր հենց այն լուրերն են ընտրվում, որոնք վերաբերում են շոու-բիզնեսին: Զվարճալի եւ ժամանցային ծրագրերի կողքին աններելիորեն քիչ են ուսուցողական եւ իմաստակիր հաղորդումները: Եթերում սփռվող լրատվական թողարկումները, որ հիմնականում խոսում են իշխանության քայլերի, երբեմն էլ ընդդիմության ձեռնարկած հակաքայլերի մասին, նվազագույն չափով են անդրադառնում մշակութային իրադարձություններին: Կարելի էր, օրինակ, այդ թողարկումները սկսել հենց մշակութային լուրերով եւ կարճ ժամանակ անց հանրային գիտակցության մեջ կտրուկ շրջադարձ ապահովել դեպի մշակույթն ու մնայուն արժեքները: Իսկ ի՞նչ է կատարվում իրականում: Գիշեր-ցերեկ քննարկման միեւնույն առարկան է. հիթ-շքերթն իր երգերի տասնյակով՝ հանրային ու ոչ հանրային, թեժ ու սովորական: Զանգում են, ճշտում ու ճշգրտում, թե ո՞ր երգն է իններորդ հորիզոնականում կամ ո՞րն է այդ շաբաթ հրաժեշտ տալու (ո՜վ մարդկային ողբերգություն) տասներորդ հորիզոնականին: Ապա լսվում է հաղորդավարի կոչ-հորդորը. «Զանգե՛ք մեզ, գրե՛ք, թելադրե՛ք ձեր ճաշակը» (իրականում, իհարկե, հակառակը պիտի լիներ): Տպավորություն է ստեղծվում, թե հայ հանրությունն այսօր երկու մասից է բաղկացած՝ երգիչներից եւ նրանց երկրպագուներից: Առաջինները զբաղված են երգելով, երկրորդները՝ «ԱրմենՏելին» հարստացնելով: Եվ պտտվում է կարուսելը՝ գծելով իր արատավոր շրջանը: Ու ելք չկա դրանից. հրամցվում է էստրադային երգը, որին անպայման հաջորդում է տեսահոլովակը, ապա էկրանին հայտնվում է դեռահաս երգիչը կամ երգչուհին, որը, որպես կանոն, ե՛ւ տեքստի, ե՛ւ մեղեդու հեղինակն է: Նա լուրջ-լուրջ պատմում է իր ստեղծագործական հաջողությունների, տեսահոլովակի ստեղծման տառապալից պատմության, աշնանը թողարկվելիք խտասալիկի եւ ձմռանը սպասվող ամերիկյան հյուրախաղերի մասին: Դե ե՛կ, հեռուստադիտող ու դիմացիր: Նման գայթակղությանն անկարող է դիմանալ մանավանդ երիտասարդությունը. բոլորն են ուզում միանգամից, առանց չարչարվելու եւ մասնագիտական լուրջ կրթություն ստանալու հայտնի դառնալ, հայտնվել Լոս Անջելեսի «Ալեքս» թատրոնում, ապա հարստացած վերադառնալ տուն: Ու ավելանում է երգել ցանկացողների թիվը: Երգողները, այո՛, շատ են, երգիչներն են քիչ: Թիվ կա երկնքի աստղերին, թիվ չկա երկրի «աստղերին»: Եթե մեր սերունդը աստղագետ էր ուզում դառնալ, ապա ներկա սերունդը գերադասում է միայն ու միայն «աստղ» լինել: Այն էլ ոչ սովորական, այլ ոսկյա ու ադամանդյա: Այսքանից հետո էլ ո՞վ կկամենա տքնել գրադարանում կամ կրծել գիտության կարծր գրանիտը: Երգելու մոլուցքը մթագնել է մեր հազարավոր պարման-պարմանուհիների գիտակցությունը՝ ետ պահելով նրանց մարդկային գործունեության այլ բնագավառներում իրենց ուժերը փորձելու եւ դրսեւորվելու հեռանկարից: Ճիշտ է, տաղանդավոր նորանոր երգիչներ են ի հայտ գալիս, բայց ո՞վ է ասում, որ նրանք լավ ուսուցիչներ չէին դառնա. նրանց ուղղորդել է պետք այլ ոլորտներ, վերջիններիս հանդեպ եւս հետաքրքրություն ու սեր առաջացնել: Ես բնավ էլ այն կարծիքին չեմ, թե մարդիկ գիշերները չեն քնում էստրադա կամ փոփ երաժշտություն լսելու ցանկությունից. սերն այդ ժանրի հանդեպ այսօր ուղղակի արհեստականորեն պարտադրվում է, հետեւողականորեն սերմանվում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: Խնդիրը հենց այստեղ է: Հույն փիլիսոփա Պլատոնը իդեալական պետության իր տեսության մեջ հասարակական կառավարման մի ողջ համակարգ է ներկայացնում՝ խորհուրդ տալով ի շարս այլեւայլ հարցերի՝ զգույշ լինել հատկապես մեղեդիների ու երաժշտական լադերի ընտրության հարցում. չէ՞ որ դրանք ի զորու են ամրացնելու կամ հակառակը, քայքայելու հասարակության, նաեւ պետության հիմքերը: Ամենից շատ նա զգուշացնում էր զերծ մնալ քաղցր-մեղցր մեղեդիներից՝ կարծես կանխատեսելով ռաբիսի մերօրյա հաղթարշավը: Այսօր երաժշտության այս տեսակը դուրս է եկել իր բնական հանգրվանից՝ ռեստորաններից ու զվարճանքի այլ վայրերից, եւ հեղեղել հասարակական բոլոր վայրերն ու բեմահարթակները, ներխուժել եթեր ու դրա միջոցով բոլորիս տները: Հեռու եմ այն մտքից, թե ամեն կերպ պետք է պայքար մղել ռաբիս երաժշտության ու դրա ծավալման դեմ: Այն, իմ խորին համոզմամբ, անմեղ երեւույթ է եւ չարժե դրանից «բոբո» սարքել: Ռաբիս երաժշտությունն այլ բան չէ, քան մեր ռաբիսացած կյանքի երաժշտական արտահայտություն: Եթե ուզում ենք այդօրինակ երաժշտության տիրույթները սահմանափակել, պետք է, իրոք, անհաշտ պայքարել նախ եւ առաջ կյանքի ռաբիսացման դեմ, որն առկա է ամեն քայլափոխի՝ կենցաղից մինչեւ քաղաքականություն: Ռաբիսը լայն հասկացություն է: Ռաբիս մարդը միայն նա չէ, ով առավոտից իրիկուն ռաբիս երաժշտություն է լսում: Նաեւ նա է, ով աղավաղում է ոսկեղենիկ հայերենը եւ ժարգոնով է խոսում, ով իր մարտնչող անգրագիտությամբ ավերներ է գործում, ով հայրենասիրությունը վերածում է իր հիմնական մասնագիտության եւ այլն: Այսինքն՝ ռաբիսը մտածողություն է, կենսակերպ եւ ապրելաձեւ: Շուկայական կոչվող մերօրյա «բազարային» հարաբերություններում, երբ տպավորություն է ստեղծվում, թե ապրում ենք բացօթյա տոնավաճառում կամ սրճարանում, բնականաբար, չի կարող Հայդն կամ Մոցարտ, Կոմիտաս ու Խաչատրյան հնչել: Սպառողական բնույթի հասարակություններում սպառողական արվեստն է ծաղկում՝ ներառյալ ռաբիսը եւ չի կարող տեղ լինել լուրջ արվեստի համար: Ելք, իհարկե, կա: Այն քայլ առ քայլ ինքնամաքրվելն է, ինքներս մեզ մոտենալը, վերադարձը ոգեղեն ու դասական արժեքներին: Սա գեղագիտականից առաջ բարոյական անհրաժեշտություն է: Գաղտնիք չէ, որ մաքուր երաժշտությունը, իսկական գեղարվեստը մաքուր զգացմունքներ են առաջ բերում, սեր ու հանդուրժողականություն սերմանում, կանխում հանցավոր ամեն միտք ու մտադրություն, առողջացնում հասարակական մթնոլորտը (հիշեցման կարգով ասեմ, որ դասական երաժշտությունը միայն սգո օրերին հաղորդելու համար չէ): Դարձյալ նույն Պլատոնի խորհրդով արժե կարգադրիչ-խորհրդատվական մի մարմին ստեղծել՝ օժտված լայն լիազորություններով եւ բաղկացած իմաստուն ու հարգված այրերից, որն իր վերահսկողության տակ կառներ ինքնահոսի մատնված գեղարվեստական կյանքի ընթացքը եւ կուղղորդեր այն դեպի առողջ հուն: Մշակութային հստակ քաղաքականություն մշակելուց եւ դրա իրագործումը վերահսկելուց զատ, այն կարող էր եւ պետք է զբաղվի հանրային ճաշակի բարձրացման, գեղագիտական պատշաճ գիտելիքների տարածման, լուրջ արվեստի հանդեպ հասարակական պահանջի ձեւավորման, ճշմարիտ արվեստասեր դաստիարակելու եւ բազմաթիվ նմանօրինակ հարցերով: Թե չէ կունենանք այն, ինչ ունենք: Իսկ արդեն ունենք մի սերունդ, որն Իրինա Ալեգրովային ու Շակիրային ավելի լավ գիտի, քան, ասենք, Հակոբ Պարոնյանին ու Վահան Տերյանին (օրինակներն ամեն օր կարելի է քաղել «Կենտրոն» հեռուստատեսությամբ հեռարձակվող «Արդյոք ովքե՞ր են» հաղորդաշարից): Կամ ունենք մի հասարակություն, որը կարեւորագույն շատ խնդիրներ թողած՝ զբաղված է, ասենք, Անդրեի անգլերեն երգի գեղարվեստական առանձնահատկությունների քննությամբ: Ընդ որում, այս «գերխնդրի» շուրջ իրենց կարծիքներն են հայտնում թե՛ մանկապարտեզի դայակները, թե՛ ԱԺ պատգամավորները: Համեմատության համար նկատենք, որ եթե Անդրեի երգը ժամը մեկ հնչում է տարբեր ռադիո եւ հեռուստաալիքներով, ապա Տիգրան Մանսուրյանի՝ անցյալ տարվա «Գրեմմիի» մրցանակաբաշխությանը (սա իր վարկանիշով հաստատ չի զիջում «Եվրատեսիլին») ներկայացված ստեղծագործությունը գոնե մեկ անգամ չհնչեց եթերում: Հարաբերական լռություն է նաեւ «Armenian Navy Band» խմբի շուրջ, որն այս տարի արժանացավ BBC-ի երաժշտական գլխավոր մրցանակին: Հիշո՞ւմ եք. մի ժամանակ ո՛ր բնակարանը մտնեիր, պատերին կամ գրադարակների վրա Պարույր Սեւակի կամ Հովհաննես Շիրազի (երբեմն էլ՝ Հեմինգուեյի) դիմանկարները կտեսնեիր: Այսօր պատկերը բոլորովին այլ է: Մեր երեխաներն արդեն «երկրպագում» են Էնրիկե Իգլեսիասին ու Ջենիֆեր Լոպեսին, պատերից կախում «ԽՏՐվՌ» կամ «ՀցՍՌ ՉՉպՐւ» խմբերի նկարները: Իրոք որ, ՐցՍՌ ՉՉպՐւ: ՀՀ մշակույթի նախկին նախարարներից մեկը տարիներ առաջ մի առիթով նկատեց, թե համաշխարհայնացումը չի սպառնում հայերիս եւ այն կշրջանցի մեզ, որովհետեւ մեր երիտասարդները հայերեն երգեր են լսում: Մի կողմից՝ դա այնքան էլ այդպես չէ. մեր երիտասարդները ոչ պակաս նաեւ ռուսերեն ու անգլերեն երգեր են լսում ու նաեւ կատարում: Մյուս կողմից էլ միմիայն երգ լսելը, թեկուզ՝ հայերեն, արդեն համաշխարհայնացում է, դրա մեկ այլ տարատեսակ, որ խոշոր հաշվով մշակութային նահանջ է նշանակում, նահանջ՝ երգով: ԼԵՎՈՆ ԼԱՃԻԿՅԱՆ գեղագետ, մշակութային մեկնաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել