Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴԸ

Մայիս 20,2006 00:00

ՀԵՌՈՒՍՏԱԳՈՎԱԶԴԸ ՉԻ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի 5 տարվա գործը 5 րոպեում կարելի է անել Հայաստանում գովազդն ամենաանվերահսկելի ոլորտներից է: Որքան էլ օրենքը լրամշակվում ու խստացվում է՝ գովազդային աշխարհում որեւէ փոփոխություն չի լինում, պարզապես արդյունքում ավելի շատ խախտումներ են լինում, քան օրենքի չխստացված տարբերակի դեպքում: Պարզելու համար, թե մեր հեռուստաընկերությունները գովազդի ոլորտում օրական քանի չարաշահում են թույլ տալիս, հիմնականում «Գովազդի մասին» օրենքի որ հոդվածներն են խախտում եւ մոտավոր հաշվարկներով՝ որքան շահույթ են այդ գովազդների հեռարձակումից ստանում, մենք փետրվարից սկսած 3 ամիս տեւողությամբ ուսումնասիրություններ կատարեցինք հեռուստատեսության գովազդային շուկայում եւ կետ առ կետ կարող ենք ներկայացնել, թե որ հեռուստաընկերությունը օրվա որ ժամին քանի գովազդ է հեռարձակել ու դրանցում որքան խախտում է եղել: Արդյունքների մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար ասենք, որ գովազդային 5 րոպե ժամանակահատվածում բոլոր մասնավոր հեռուստաընկերությունները միասին միջին հաշվով թույլ են տալիս 40-60 խախտում: Այս թիվը առաջին հայացքից կարող է խելքին մոտ չթվալ, բայց իրականում եթե օրենքից տեղյակ մեկը մանրամասնորեն զննի եթեր հեռարձակվող գովազդային բոլոր հոլովակները, կգա այն եզրակացության, որ գրեթե բոլոր գովազդներում օրենքի գոնե 1 խախտում կա: Այսինքն՝ մեզ մոտ հատուկենտ գովազդներ են, որ ոչ մի կետով չեն խախտում օրենքը: Մինչդեռ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը, որը մեր երկրում վերահսկում է հեռուստառադիոգովազդի ոլորտը, մեր տեղեկություններով՝ իր գործունեության 5 տարիների ընթացքում կարողացել է հայտնաբերել ընդամենը 2 տասնյակի էլ չհասնող խախտում (խախտումների մասին պաշտոնական տեղեկատվությունը հանձնաժողովը խոստացավ տրամադրել առաջիկայում): Այս դեպքում հայտնաբերել ասվածը փոքր-ինչ հարաբերական է, քանի որ իրականում խախտումներն այնքան ակնառու են, որ հանձնաժողովի մասնագետներին մնում է պարզապես հեռուստացույցը միացնել եւ մի քանի րոպե գովազդ դիտել: Հաշվի առնելով, որ հանձնաժողովը հայտնաբերած խախտումների դեպքում հեռուստառադիոընկերություններին տուգանում է միջինը 100-200 հազար դրամով, կարելի է ասել, որ եթե ՀՌԱՀ-ի մասնագետներից գոնե մեկը ընդամենը 5 րոպե գովազդ դիտեր՝ բյուջե կհարստացներ առնվազն 2-3 մլն դրամով (սա՝ կրկնվող խախտումների դեպքում): Ինչ վերաբերում է հեռուստաընկերությունների ստացած եկամուտներին, նկատի ունենալով, որ մասնավոր հեռուստաընկերություններում 1 րոպե գովազդի հեռարձակման միջին գինը 55-150 դոլարին համարժեք դրամ է, իսկ 1 ժամվա ընթացքում առնվազն 15 րոպե գովազդ ենք դիտում, կարելի է հասկանալ, թե գովազդներից նրանք օրական որքան եկամուտ են ունենում՝ հեռուստադիտողների եւ գովազդի սպառողների նյարդերի, ինչու չէ՝ առողջության, երբեմն նույնիսկ նրանց մոլորեցման հաշվին: Ամենակոպիտ հաշվարկներով՝ այդ թիվը ամսական կտրվածքով կազմում է 300.000-500.000 դոլարին համարժեք դրամ: Այս ցուցանիշով մերոնք, ճիշտ է, զիջում են վրացական հեռուստաընկերություններին, բայց նրանք չեն աշխատում քանակի վրա, պարզապես այնտեղ գները բարձր են: Անցյալ տարի, պաշտոնական տվյալներով, վրացական գովազդային շուկայում ողջ տարում շրջանառվել է մոտ 35 մլն դոլար: Մինչդեռ Հայաստանում հեռուստագովազդի եկամտի մեծ մասը ստանում են օդ վաճառելու հաշվին: Մեզ մոտ գովազդի գները արհեստականորեն ցածր են, ուստի հեռուստաեթերում հայտնվելը մատչելի է գրեթե բոլոր ընկերություններին, այստեղից էլ գալիս են գովազդի առատության խնդիրն ու ժամանակային խախտումները: Հիշեցնենք, որ «Սինեմաքս» հեռուստաընկերությունն իր եթերային ժամանակը վաճառում էր նույնիսկ 2 դոլարով, մի թիվ, որը միջազգային շուկայում ավելի շուտ ասոցացվում է «պոնչիկի ու պերաշկու» գնի հետ: Այժմ էլ որոշ հեռուստաընկերությունների 1 գովազդային բլոկում 7-30 գովազդ է ընդգրկվում: Ալկոհոլային խմիչքների գովազդը՝ հեռուստաեթերում Մեր մոնիտորինգի արդյունքներով՝ ամենահաճախ հանդիպող խախտումը վերաբերում է «Գովազդի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ կետին, որը սահմանում է. «Արգելվում է զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային (սպիրտի պարունակությունը 20 եւ ավելի ծավալային տոկոս) խմիչքների (բացառությամբ կոնյակի) եւ ծխախոտի գովազդը»: Նախ, առանց այդ էլ, օրենքը գովազդատուներին տուգանքից սողոսկելու տեղ է թողել՝ նշելով 20 տոկոս թնդության մասին: Մեր վերահսկողները չեն նկատում ամենաակնհայտ ու ցցուն խախտումները, առավել եւս չեն փորձի պարզել, թե գովազդվող ալկոհոլային խմիչքն իրականում քանի՞ տոկոս թնդություն ունի. պատվիրատուն կասի՝ 15 եւ վերջ: Առանց այն էլ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովն առանձնապես հակված չէ գոնե երբեմն կատարել իր պարտականությունները, իսկ այս փոփոխությունն էլ նրա համար արդարանալու լավ հնարավորություն է ստեղծում: Հանձնաժողովը, օրինակ, կարող է պարզաբանել, որ, ասենք, «Վեդի ալկոյի» այս կամ այն գինու, Ավշարի գինու գործարանի կամ թեկուզ ներկրվող օղիների թնդությունը չի գերազանցում 20 տոկոսը (ինչին ոչ մի միամիտ չի հավատա): Երբ ԱԺ-ն հաստատեց ալկոհոլային խմիչքների հեռարձակման հետ կապված այդ փոփոխությունները, զուտ աղմուկից խուսափելու համար սկզբնական շրջանում, իրոք, հեռուստաընկերություններում ալկոհոլային խմիչքի գովազդ չէր լինում: Բայց դա տեւեց ընդամենը մի քանի օր: Պատվիրատուների խաթրին չկպչելու համար հեռուստաընկերությունները նորանոր տարբերակներ են գտնում եւ, անկախ օրենքի պահանջից, իրենց ֆինանսական աղբյուրից չզրկվելու համար շարունակում են օղի գովազդել՝ ապրանքանիշ, սեղանի կամ գազավորված ջուր անվան տակ: «Արգո» օղու գովազդում, թեեւ օղու շիշը չի ցուցադրվում, խմելու ընթացքը՝ նույնպես, բայց առավոտյան քնից արթնացած «օյաղացած» տղամարդը, որը անմիջապես դուրս է գալիս պատշգամբ ու ի լուր աշխարհի գոռում, թե «ժողովուուուու՜րդ, չի ցավում, գլուխս չի ցավում», հեռուստադիտողին ուրիշ ոչինչ մտածել չի տալիս, քան այն, որ խոսքը օղու մասին է: Ընդհանրապես խմիչքների գովազդ ցուցադրելու համար երբ հեռուստաընկերություններին մեղադրում են, վերջիններս արդարանում են, թե «սա ապրանքանիշի գովազդ է, մենք խախտում չենք արել», մինչդեռ գովազդային հոլովակը ակնհայտորեն խոսում է ոչ թե ընկերության, այլ օղու առավելությունների մասին: Բացի վերը նշվածից, ալկոհոլային խմիչքի գովազդներում եւս մի կոպիտ խախտում է նկատվում. օղի խմելը հիմնականում հոլովակներում կապվում է տղամարդկության հետ: Մոտ 2 տարի առաջ ցուցադրվող «Մուժիկ» օղու գովազդում «ժելեած» մազերով, վերնաշապիկի երկու կոճակներն արձակած մի երիտասարդ հեռուստադիտողներին փորձում էր համոզել, որ «Մուժիկը» տղամարդուն վայել օղի է: Այնպիսի տպավորություն էր, թե այդուհետ հայ ազգի տղամարդկությունը «Մուժիկով» էր որոշվելու: Հիմա էլ հեռուստատեսությամբ մի 15-16-ամյա պատանի, գովազդում օղի խմելուց հետո սկսում է «գազեր» անել ու տղայական այնպիսի հարցեր լուծել, որոնք ի վիճակի չէր անել մինչեւ օղուց կում անելը: «Սլավյանսկայա-Կրիստալնայա» օղին նույնպես գովազդվում է՝ իբրեւ խմելու ջուր: Ընդ որում, այդ գովազդում ռուսական էստրադայի երգիչ Միխայիլ Շուֆուտինսկին հավատացնում է, որ այս օղին հնարավորություն է տալիս իրեն լինել ընկերական շրջապատում: «Սլավյանսկայա-Կրիստալնայա» ընկերությունն իրեն նույնկերպ է ներկայացրել նաեւ ռուսաստանյան հեռուստադիտողներին, որտեղ նույնպես արգելվում է թունդ ալկոհոլային խմիչքների հեռուստատեսային գովազդը: Սակայն մեկ-երկու՝ ՌԴ Հակամենաշնորհային հանձնաժողովը, որը հանդիսանում է գովազդի վերահսկողը (Հայաստանում դեռեւս որոշված չէ, թե որ գերատեսչությունն է ամբողջ ոլորտը վերահսկում. օրենքում կան հոդվածներ, որոնց վերահսկելու լիազորությունը ոչ ոք իր վրա չի վերցրել), 2005 թվականի օգոստոսի 15-ին դատարան էր հրավիրել «Սլավյանսկայա-Կրիստալնայա» խմելու ջուր գովազդող բոլոր լրատվամիջոցներին ու արտադրողին եւ արդեն ավելորդ է ասել, որ գործն այնտեղ ավարտվել էր խոշոր չափերի հասնող տուգանքներով: Իսկ մեզ մոտ այն եղել եւ մնում է սովորական «սեղանի ջուր»: Անչափահասները՝ գովազդում Մեր հեռուստագովազդ պատրաստողները հատկապես վերջին շրջանում ոչ թե հոլովակներում անչափահասներին սկսել են շատ օգտագործել, այլ արդեն չարաշահել են այդ օգտագործումը: «Գովազդի մասին» օրենքի համաձայն, արգելվում է անչափահասների կերպարների տեսաձայնային կամ այլ ձեւով օգտագործումը գովազդում, եթե այն չի վերաբերում անչափահասների համար նախատեսված ապրանքներին: Հայաստան ներկրվող ու այստեղ արտադրվող բոլոր յուղերն ու ձեթերը հավանաբար նախատեսված են հենց երեխաների համար, որովհետեւ նույնիսկ տղամարդկանց համար նախատեսված արտադրատեսակների գովազդներում երեխաներն անպակաս են: «Հեփի դենթ» մաստակի գովազդում մոտ մի տարեկան երեխայի են օգտագործել, որը հազիվ կարողանում է արտաբերել սովորեցրած արտահայտությունը՝ «Հեփի դենթը համով ա»: Թեեւ մաստակ օգտագործելու համար տարիքային սահմանափակում չկա եւ երեխան մնում է երեխա, սակայն ակնհայտորեն մաստակը նախատեսված չէ ատամ չունեցող, բարուրից նոր դուրս եկած ու բառերը հազիվ իրար միացնող երեխաների համար, որոնք ծամոնը կուլ կտան: Եթե օրենքն ասում է, որ երեխաները կարող են օգտագործվել իրենց համար նախատեսված ապրանքների գովազդներում, խոսքը ոչ թե վաֆլի, կոնֆետ, պաղպաղակ, շոկոլադե կրեմ, լվացքի փոշի եւ նման արտադրանքների մասին է, այլ, ասենք, «փամփերսի» կամ հատուկ իրենց խնամքի համար նախատեսված շամպունի: Հայաստանում շոկոլադների ու ընդհանրապես ուտելիքների բոլոր գովազդներում կան երեխաներ: Բնականաբար, նրանք նույնպես ունեն բերան եւ կարող են ուտել, ուստի ստացվում է, որ օրենքը սահմանափակում է դնում միայն ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտի գովազդներում նրանց օգտագործելու վրա, մինչդեռ լվացքի փոշին հաստատ երեխաների համար չէ: Սրանք ամենահաճախ կրկնվող խախտումներն էին, իսկ ընդհանուր առմամբ խախտվում է «Գովազդի մասին» օրենքի առաջին գովազդի առաջին կետից մինչեւ վերջինը. եթերում լինում են ռուսերեն տեքստերով հոլովակներ, խախտվում են բարոյականության չափանիշները, մինչեւ 20 րոպե տեւողությամբ հեռուստահաղորդումներում ոչ թե 1, այլ 2 անգամ գովազդային ընդմիջում է լինում, գովազդները տեղադրվում են անգամ պաշտոնական լրատվական թողարկումներում ու սպառողներին ներկայացվում՝ իբրեւ սովորական լրատվական ռեպորտաժ եւ այսպես շարունակ: Միայն մենք չենք, որ ուսումնասիրել ենք հեռուստատեսային գովազդը եւ եկել նման եզրակացության: Մեր ունեցած տեղեկություններով՝ նման մոնիտորինգ պարբերաբար ու պատահական օրերին անցկացնում է նաեւ միջազգային «IREX» ընկերությունը, որի արդյունքներով՝ մեր հեռուստաընկերությունները թույլ են տվել տարբեր տիպի բազմաթիվ խախտումներ: Ընկերության գրասենյակից հաստատեցին այդ տեղեկատվությունը՝ խոստանալով այդ մասին որոշակի տեղեկություններ տրամադրել առաջիկայում: Ըստ մեր տեղեկությունների, «IREX»-ի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ գրեթե բոլոր հեռուստաընկերություններում ալկոհոլային խմիչք հեռարձակվել է, որից օղու մասնաբաժինը բավականին լուրջ տոկոս է կազմում: Այսինքն՝ խախտում արել են գրեթե բոլորը, իսկ գովազդի առատության առումով առաջին տեղերում գտնվողները ապահովել են տասնյակ հազարավոր դոլարի եկամուտ: Հայաստանում «Գովազդի մասին» օրենքը գործում է դեռեւս 1996-ից, բայց մինչ օրս չունի կիրառման մեխանիզմներ, քանի որ չի ձեւավորվել մի առանձին մարմին, որը լրջորեն կզբաղվեր ոչ թե հաճախականություններով ու լիցենզիաներից զրկելով, այլ՝ կհետեւեր հենց գովազդների վերահսկմանը: Այն մարմինը, այն առանձին օղակը, որը մեզ պետք է, ոչնչով կապ չունի Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի հետ: Օրենքում ամրագրված է, որ գովազդային գործունեության նկատմամբ պետական վերահսկողություն պարտավոր է իրականացնել ՀՀ լիազորված մարմինը: Իսկ թե որ կամ ինչ մարմնի մասին է խոսքը, միանգամայն անհասկանալի է: Ավելի քան տարօրինակ է, որ 1996-ին ընդունվել է պետության համար կարեւոր մի օրենք, որի կատարման ապահովման եւ վերահսկողական իրավասություններով օժտված պետական կառավարման լիազոր մարմին ստեղծելու մասին այդպես էլ չեն մտածել: Արդյունքում՝ 10 տարի շարունակ գովազդի ոլորտն այդպես էլ մնում է անվերահսկելի: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել