Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օլիգարխներին էլի դոլար է պետք

Մայիս 20,2006 00:00

Օլիգարխներին էլի դոլար է պետք Ըստ տնտեսագետ Էդուարդ Աղաջանովի, հավանաբար դա է պատճառը, որ դոլարի կուրսն իջեցրել են «Մեր Կենտրոնական բանկի նախագահը Հռոմի պապից ավելի կաթոլիկ է, գլուխը մտցրել է մի բան, որ ինքը գնաճի զսպման քաղաքականություն է վարում ու ոչինչ լսել չի ուզում, երկրի տնտեսության մասին ընդհանրապես չի մտածում»,- երեկ դրամի փոխարժեքի նկատմամբ դոլարի վերջին շրջանի «վայրիվերումների» մասին «Փաստարկ» ակումբում կազմակերպված քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց տնտեսագետ Էդուարդ Աղաջանովը: Նրա խոսքերով՝ Տիգրան Սարգսյանը ներմուծողներին երեւի շա՜տ-շատ է սիրում կամ էլ իրենցից ավելի մեծ փայ ունի, քան արտահանողներից: Բացի այդ, ըստ նրա, փոխարժեքի տատանումները ազգային արտահանողներին գցել են բավականին ծանր վիճակի մեջ, իսկ ներմուծողները ԿԲ նախագահի վարած դրամավարկային քաղաքականության շնորհիվ հայտնվել են ավելի նպաստավոր պայմաններում: «Հիմա կասեք՝ էս Աղաջանովը ինչո՞ւ է անընդհատ արտահանողների համար պայքարում. բանն այն է, որ մեր տիպի փոքր երկրներն ի վիճակի չեն միայն ներքին սպառումով բավարարվել, մեր միակ հույսն արտահանումն է, մինչդեռ փոխանակ արտահանմանը նպաստելու, Կենտրոնական բանկը հակառակն է անում: Ճիշտ է, իրենք ասում են՝ մենք դրա հետ կապ չունենք, մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն, բայց դա այդպես չէ: Բոլորս էլ գիտենք, որ շուտով ընտրություններն են, եւ փող է պետք գալու, շատ հավանական է, որ մեր օլիգարխ տղաները հիմիկվանից սկսել են հավաքել այդ փողը, որպեսզի շռայլորեն ծախսեն 2007-ին: Եթե մեզ մոտ որոշ օլիգարխներ պրոբլեմ ունեն, ասենք, բյուջեի հետ, իրենց դրամ է պետք, միանգամից դրամի կուրսը գցում են, դրամը հավաքում-հանձնում են բյուջե: Եթե իրենց դոլար է պետք՝ դոլարի կուրսն են գցում, դրանով հարցերը լուծում»,- նշեց Է. Աղաջանովը: Տնտեսագետի հաշվարկներով՝ ԿԲ-ի վարած նման քաղաքականության պատճառով արտաքին առեւտրի դեֆիցիտը 817 մլն դոլարի է հասնում, որը կազմում է մեր ՀՆԱ-ի 17%-ը: Մինչդեռ, երբ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը դարձավ ՀՆԱ-ի 5%-ի չափով, իրենք սկսեցին վարել դոլարի արհեստական ցածր կուրսի քաղաքականություն: Ըստ բանախոսի, մեր տնտեսության միակ փրկությունն այն կլինի, որ Տ. Սարգսյանը «փեշից» քարերը թափի ու սկսի հակառակ քաղաքականությունը վարել, քանի որ արտահանողների համար ստեղծված այսպիսի պայմաններում «ներմուծողներն այնպիսի գերշահույթ են ստանում, որ նույնիսկ իրենք են ամաչում իրենց գերշահույթներից»: Այն, որ 2005-ին տնտեսության մեջ այդքան «աճեր» ենք ունեցել, պարոն Աղաջանովի աչքին չի գալիս, քանի որ, ըստ նրա՝ «դրանք անորակ աճեր են». արտահանման 235 մլն-ից 175 մլն-ը բաժին է ընկնում պղնձին եւ մոլիբդենին, մնացածն էլ ադամանդին, սննդին ու խմիչքին: «Բա լավ, էդ թվերը վարչապետի, նախագահի սեղանին ոչ մեկը չի՞ դնում,- ինքն իրեն հարց է տալիս Աղաջանովն ու շարունակում,- հսկա Ամերիկան չունի էկոնոմիկայի նախարարություն, իսկ Հայաստանն ունի երկու հատ՝ մեկի տեղը. ֆինանսների եւ էկոնոմիկայի, առեւտրի ու տնտեսական զարգացման: Եվ ոչ մեկը էս թվերը չի դնում վարչապետի, նախագահի առաջ, ասի՝ եղբայր, տեսեք ինչ վիճակում է երկիրը, մենք հետ ենք գնում, մեր դեֆիցիտն անընդհատ աճում է, մենք անկում ունենք, մեր արտադրանքը մրցունակ չէ: Միայն զեկուցում են լավ բաների մասին, ֆիլտրած ինֆորմացիա են տալիս»: Էդուարդ Աղաջանովը նաեւ կանխատեսեց, որ 2006-ին արտաքին առեւտրի դեֆիցիտը կաճի եւս 22 տոկոսով եւ կհատի 1 միլիարդ դոլարի սահմանը. «Ես անցյալ տարի 800 մլն էի կանխատեսել, եղավ 817 մլն»: Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել