Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ԵՍ ԼԻՏՎԱ ՉԵՄ ԶԱՆԳԵԼ»

Մայիս 20,2006 00:00

«ԵՍ ԼԻՏՎԱ ՉԵՄ ԶԱՆԳԵԼ» «ԱրմենՏելից» տուժած բաժանորդները սեփական հետաքննություն են սկսում՝ պարզելու Մոզամբիկում, Սոմալիում կամ Լիտվայում բարեկամ, խնամի, ծանոթ ունե՞ն, թե՞ ոչ: Միջազգային զանգեր չկատարած, բայց հսկայական պարտքեր կուտակած «ԱրմենՏելի» բաժանորդների թիվը օր օրի ավելանում է: Նրանց մի մասն արդեն դիմել է դատարան՝ աստղաբաշխական պարտքն իրենց վրայից հանելու պահանջով: Ընկերությունից տուժած բաժանորդները դատարանում կաշվից դուրս էին գալիս «ԱրմենՏելի» տնօրեն Վասիլիս Ֆետսիսին ապացուցելու, որ իրենք Արեւելյան Թիմոր, Գվինեա Բիսաու եւ Նիդեռլանդներ չեն զանգել եւ պարտավոր չեն չկատարած զանգերի համար վճարել: Այս բաժանորդների դեպքում ընկերության ներկայացուցիչները դատավորին փորձում էին համոզել, որ վերջիններս միջազգային զանգեր կարող էին կատարել իրենց կամքից անկախ՝ ինտերնետի միջոցով միանալով վիրուս պարունակող պոռնոսայթերի: Մինչդեռ կան բաժանորդներ, որոնք տանը ինտերնետ չունեն, բայց, չգիտես ինչպես, լարային հեռախոսով իրենց կամքից անկախ միջազգային զանգեր են կատարել ու պարտքեր կուտակել: Վանաձորի բնակիչ Աշոտ Պետրոսյանը «ԱրմենՏելի» տուժած բաժանորդներից է: Ըստ ընկերության հրամցրած խոսելավարձի ցուցակի, նա այս տարվա հունվարի 21-ից մինչեւ մարտի 14-ն ընկած ժամանակահատվածում «6. 10. 20» հեռախոսահամարից ամեն օր մի քանի ժամ անընդմեջ 281 հազար դրամի միջազգային զանգ է կատարել Լիտվա: Մինչդեռ, Ա. Պետրոսյանի հավաստմամբ, այդ պետությունում ոչ մի ծանոթ-բարեկամ չունի: Ըստ ցուցակի, կես ժամանոց ընդհատումներով, օրվա ընթացքում բաժանորդը միջինը 5-7 ժամ խոսել է: Ընդ որում, ժամերով հեռախոսային խոսակցությունների մի մասը եղել է գիշերվա կեսին: Թյուրիմացությունը պարզելու համար Ա. Պետրոսյանը դիմել է «ԱրմենՏելին», որն էլ հետաքննություն անցկացնելուց հետո եկել է այն եզրակացության, որ բաժանորդը ուզած-չուզած պետք է վճարի: Ընկերությունը տուժած բաժանորդին նույնիսկ մի քանի մասնագիտական խորհուրդներ է տվել. «Եթե ձեր խոսափողը շարժական է, հնարավոր է, որ ավելի մեծ հզորություն ունեցող հեռախոսներից առանց մալուխը վնասելու գիծ մտնեն»: Փաստորեն, լարային հեռախոսակապի շուկայում գերիշխող դիրք ունեցող ընկերությունը մի բան էլ բաժանորդների առաջ պայման է դնում, թե որ հեռախոսային ապարատից օգտվեն, որպեսզի նման խնդիրների առաջ չկանգնեն: Մինչդեռ բաժանորդի հետ կնքած պայմանագրի համաձայն, «ԱրմենՏելը» պարտավոր է անկախ հեռախոսի ապարատից՝ մատուցել այնպիսի ծառայություն, որը սպառողին հնարավորինս զերծ կպահի անկախ իր կամքից զանգեր կատարելու հնարքներից: Ընկերությունում Ա. Պետրոսյանը պարզել է, որ բացի իրենից, Երեւանի եւս 4 բաժանորդ Լիտվայի այդ նույն բաժանորդին զանգելու համար նորից հսկայական պարտքեր է կուտակել: Երեւանցի բախտակիցներն էլ հավաստիացրել են, որ Լիտվայում ոչ մի ծանոթ չունեն եւ հետեւաբար չեն էլ զանգել: Մի 300 հազար դրամ էլ նրանց հաշվին է գրանցվել: Տեսնելով, որ «ԱրմենՏելի» հետաքննությունից խեր չկա, Ա. Պետրոսյանը սեփական հետաքննությունն է սկսել եւ այս անգամ իսկապես զանգահարել Լիտվա՝ «68 14 74 83» հեռախոսահամարի տիրոջից հետաքրքրվելու՝ «կարող ա՞ ծանոթ ենք»: Բաժանորդը, պարզվել է, մի կին է, որը վստահեցրել է, որ ինքը Հայաստանում ծանոթներ չունի, Վանաձորի տեղն էլ չգիտի եւ անունն էլ առաջին անգամ է լսում: Ա. Պետրոսյանը ձեռքի հետ էլ Երեւանից կատարած զանգերի համար է ճշտումներ արել: Ի պատասխան լիտվացին ասել է, որ վերջին ամիսներին ինքն ընդհանրապես արտասահմանից զանգ չի ընդունել: Ինչ վերաբերում է «ԱրմենՏելի» առաջ քաշած այն վարկածներին, թե հնարավոր է, որ բաժանորդի հաշվին գիծ են մտել ընկերության Վանաձորի աշխատակիցները, Ա. Պետրոսյանի խոսքերով, իր գիծը մանրազնին ստուգել են եւ այդ տարբերակը բացառել: ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել