Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԵՂԱՆԱԿԻ

Մայիս 20,2006 00:00

ԵՂԱՆԱԿԻ ՎՐԱ ԳՑԵԼՆ ԱՄԵՆԱՁԵՌՆՏՈՒ ՏԱՐԲԵՐԱԿՆ Է Ավիավթարի մյուս ամենահավանական վարկածները ծանր տնտեսական հետեւանքներ կունենային թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմի համար: Քանի գնում՝ ավելի ու ավելի է հաստատվում, որ A320 ինքնաթիռի վթարի պատճառը, այնուամենայնիվ, «թուղթ ու գիրն» է, որովհետեւ մնացած բոլոր վարկածները մեկ առ մեկ քննարկվել են ու «100 տոկոսանոց մերժում» ստացել: Միջպետական ավիացիոն կոմիտեի աղետի հետաքննությամբ զբաղվող հանձնաժողովը օրերս հայտարարել էր, թե «մինչեւ պաշտոնական հետաքննության ավարտը՝ աղետի հնարավոր պատճառների մասին ցանկացած հայտարարություն անբարոյական է, անթույլատրելի եւ հակասում է ավիապատահարների հետաքննության միջազգային պրակտիկային»: Ավիավթարից անցել է 2 շաբաթից ավելի, ու հետաքննության այդ «պրակտիկան» մեզ ոչինչ չի տվել, ուստի «անբարոյականությամբ» զբաղվելուց բացի՝ այլ տարբերակ, փաստացիորեն, չունենք: Շրջանառվող վարկածներից ամեն մեկն ունի իր յուրահատկությունն ու հավանականության տոկոսը: Այս վարկածների մի մասը գուցեեւ չառաջանար, եթե գործին խառնված պաշտոնյաները նախօրոք որեւէ հայտարարություն անելուց, որեւէ տարբերակ մերժելուց առաջ խոսքները մեկ անեին: Այնպես ստացվեց, որ հայկական կողմը արագ արձագանքեց ու մերժեց իրեն որեւէ կերպ վնասող վարկածները, ռուսական կողմն էլ իր մասով հերքեց ռուս դիսպետչերի սխալի, Մոսկվայում ավիավառելիք չվերցնելու, բայց սուտ թվերով փաստաթղթեր կազմելու հետ կապված բոլոր վարկածները: Նրանցից ոչ մեկը չարտահայտվեց մյուսին վնասող որեւէ վարկածի մասին: Այսինքն՝ ամեն մեկն իր գլուխն ազատեց ու պոչը քաշեց: Ինչո՞ւ են պաշտոնական աղբյուրները մինչ օրս լռում ավիավթարի պատճառների մասին՝ ձեռքի տակ ունենալով դիսպետչերների ձայնագրությունները: Ավիավթարի առաջին օրերին դրանց վերծանման հետ էր կապվում բոլոր մանրամասների բացահայտման հույսը: Մինչդեռ պարզվեց՝ ձայնագրություններում, ըստ էության, ոչինչ էլ չկար՝ դատարկ խոսակցություններ էին: Ինչ մնում է սեւ արկղին, չի բացառվում, որ այսքան «չարչարանքներով», Սեւ ծովի մրրիկների, քամիների ու տիղմերի հետ կռիվ տալով այն հանելուց հետո պարզվի, որ ուշացրել են, պահպանված տեղեկության կարեւոր մասերը ծծմբաջրածնից քայքայվել են ու ոչինչ լսելի չէ, միայն հաստատվել է, որ ինքնաթիռը, այնուամենայնիվ, երկրորդ պտույտն արել է: Այս ամենը տանում է նրան, որ ավիավթարի պատճառն ինչ-որ մեկին խիստ ձեռնտու չէ: Այդ դեպքում հարց է առաջանում՝ եթե մերոնց մեղքն է՝ ինչո՞ւ են ռուսներն ու վրացիները լռում, կամ հակառակը: Ամբողջ խնդիրն այն է, որ, ակնհայտորեն, ավիավթարի պատճառը մեկը, երկուսը չէ: Կան մի քանի գործոններ, գուցեեւ իրականում բոլոր վարկածներն էլ ճիշտ են, այսինքն՝ ե՛ւ ինքնաթիռում եղել են խմած ուղեւորներ, որոնք թույլ չեն տվել օդաչուին ետ վերադառնալ Երեւան, ե՛ւ դիսպետչերն է ապակողմնորոշել, ե՛ւ ավիավառելիքն է քիչ եղել, մի քիչ էլ եղանակն է վատ եղել եւ այլն: Սրանցից ոչ մեկն իրար չեն հակասում, ավելին՝ լրացնում են ու տալիս աղետի ամբողջական պատկերը: Սկսենք առաջինից՝ ավելի պարզ պատկերացնելու համար, թե ով եւ ինչու հերքեց այս կամ այն վարկածը եւ դրանցից ամեն մեկը ինչով կարող էր վնասել իրեն: Վարկած N1Ահաբեկչություն Այս տարբերակն առաջինն էր, որ սկսեց քննարկվել եւ ամենաարագն էլ մերժվեց: Հավանականությունը, որ իսկապես ահաբեկչությունն է եղել ավիավթարի պատճառը, այսօր գնահատվում է 0.001 տոկոս, քանի որ նախ պայթյուն չի եղել (սա հաստատեցին նաեւ սոչիաբնակները՝ վստահեցնելով, որ միայն ջրի ուժեղ հարվածի ձայն են լսել), բացի այդ, ինքնաթիռի բեկորներն այրված չեն եղել: Եթե կատարվածն ահաբեկչության հետեւանք լիներ, արդեն «պահանջատերերը» պետք է որ հայտնված լինեին ու հայտարարեին, թե որ սխալի համար են ինքնաթիռը պայթեցրել, ումից են ստանալիք ունեցել եւ այլն, ինչը չի եղել: Հարցին ոնց էլ նայում ենք՝ այս վարկածը ոչ մերոնց կարող էր վնասել, ոչ ռուսներին, ոչ էլ վրացիներին, ուստի ենթադրվում է, որ այն իսկապես ճիշտ չէ: Ահաբեկչության մասին առաջինը խոսեցին ռուսները, ու նրանք էլ միանգամից մերժեցին: Ամեն դեպքում, մի փոքր կասկածի տեղիք է տալիս այն, որ ծովից հայտնաբերված դիակները տկլոր էին. նման բան կարող է լինել այն դեպքում, երբ ինքնաթիռում օդ լցվի, իսկ օդ կլցվի այն դեպքում, երբ մի տեղից ծակվի. այսինքն՝ հնարավոր է, որ ինքնաթիռում եղել են կրակոցներ, ինչ-որ կռիվ, խուճապ, որի հետեւանքով ինքնաթիռը վնասվել է, դուրս եկել ռադարների էկրանից ու կորցրել կառավարումը: Վարկած N2 Վառելիքի պակաս Որքան էլ պաշտոնյաներն իրենց «ճղում» են՝ համոզելու համար, որ ավիավթարի պատճառը հաստատ վառելիքը չէ, որ այդ վարկածն առաջ քաշողն աշխարհի ամենալկտի ու ամենաանբարոյական մարդն է, քանի որ ուրիշների ողբերգության մեջ էլ կեղտ են փնտրում, ուզում են առիթից օգտվել ու «Արմավիայի» բարի համբավի վրա ցեխ շպրտել, միեւնույն է, օրեցօր այդ «անբարոյականների» բանակը մեծանում է: «Առավոտն» արդեն անդրադարձել է վառելիքի վարկածը հերքող պաշտոնական տարբեր մարմինների հայտարարություններին: Բացի այն, որ այդ հայտարարությունները խիստ հակասական էին ու իրարամերժ, եթե դրանք եւս մեկ անգամ ուշադիր աչքի անցկացնենք, կտեսնենք, որ իրականում դրանք վարկածը ոչ թե հերքող, այլ հաստատող բովանդակություն ունեն: Այսպես, վթարի արդեն 2-րդ օրը, երբ սկսեց շրջանառվել, որ ինքնաթիռի վառելիքն է վերջացել ու քանի որ մի քանի անգամ ետ է գնացել, չի կարողացել վայրէջք կատարել Ադլերի օդանավակայանում, գլխավոր դատախազությունը, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ու «Արմավիայի» սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը միաբերան հայտարարեցին, թե «վթարի ենթարկված ինքնաթիռն ուներ այնքան վառելիք, որ կարող էր 3-4 անգամ մեկնել Սոչի ու վերադառնալ. լիցքավորել էր 10 տոննա եւ Երեւանից Սոչի հասնելու համար կարող էր ծախսել 3 տոննա»: Այստեղ ուշագրավ է հատկապես «10 տոննա» արտահայտությունը: Հայտնի է, որ Սոչիի օդանավակայանում ավիավառելիքը գրեթե կրկնակի էժան է: Օդանավակայանի աշխատակիցներից մեկն էլ «Առավոտին» պատմեց, որ շատ է պատահում, երբ ինքնաթիռները վերալիցքավորվում են հենց իրենց մոտ՝ «բոլոր ավիաընկերություններն էլ այդպես են անում»: Ուստի այս համատեքստում խիստ կասկածելի է թվում՝ ինչո՞ւ պետք է «Արմավիան» իր ինքնաթիռը վերալիցքավորեր կրկնակի թանկ գներով՝ Մոսկվայում, երբ սովորաբար այլ երկրներ մեկնելիս էլ հաճախ «չերեզ» Ադլեր էին մեկնում՝ էժան վառելիք ձեռք բերելու համար: Եթե ասեին 4-5 տոննա, դա հասկանալի է, բայց այստեղ խոսք է գնում 10 տոննայի մասին, այսինքն՝ մերոնք ինքնաթիռը ամենաթանկ գներով են լիցքավորել՝ մեծաքանակ «հոգեպահուստն» էլ հետը, ինչը խիստ կասկածելի է: «Օդանավի փորձառու հրամանատարը պետք է կամիկաձե լիներ՝ առանց վառելիքի թռիչք կատարելու համար»,- ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանն այսպես է բացատրում վառելիքի բացակայության անհավանականությունը: Նույն պատասխանը տալիս է նաեւ Մ. Բաղդասարովը: Մինչդեռ ոչ ոք չի ասում, թե ինքնաթիռում ընդհանրապես վառելիք չի եղել, բնականաբար որոշակի քանակությամբ այն լիցքավորվել է, բայց այնքան՝ որ հասնի տեղ: Եվ քանի որ անկանխատեսելիորեն եղանակը վատացել է, դիսպետչերը մեկ անգամ ետ է ուղարկել. այստեղ է, որ վառելիքի պակասն իրեն զգացնել է տվել: Մասնագետներն ասում են, որ երբ վառելիքը ինքնաթիռում վերջանում է, այն երկնքից միանգամից վայրկենական չի ընկնում, քիչ-քիչ վթարային վայրէջք է կատարում, ինչը տվյալ դեպքում չի եղել: Բացի այդ, դիսպետչերական վահանակի վրա նշվում է վառելիքի չափը, եւ շատերը շահարկում են հենց դա՝ թե ո՞նց կարող է այդ ինֆորմացիան կեղծեն: Բայց չկա մեկը, որը պաշտոնապես կասի՝ դիսպետչերի վահանակի վրա նշված է եղել այսինչ թիվը: Իսկ ինքը՝ ռուս դիսպետչերը մեջտեղում ընդհանրապես չկա: Վառելիքի պակասը, թերեւս, վթարի ամենահավանական եւ ամենաշատ շահարկվող վարկածներից է: Եթե այն հաստատվի՝ դա խայտառակություն կլինի թե՛ ընկերության, թե՛ ամբողջ ազգի համար, որովհետեւ տասնյակ մարդկանց կյանքի հաշվին «փափախներ» անելու հանգամանքն իսկապես մի այնպիսի սեւ բիծ կդնի մեր ճակատին: Վարկած N3 Ինքնաթիռ, օդաչու, դիսպետչեր «Ադլերի օդանավակայանի դիսպետչերի խոսակցության ձայնագրությունն ապացուցում է, որ վթարի ենթարկված A320 ինքնաթիռի կապիտանը գործել է օրինակելի կերպով, ինչը չի կարելի ասել դիսպետչերի մասին»,- այսպիսի հայտարարություն էր արել Միխայիլ Բաղդասարովը՝ նշելով, որ եթե օդաչուի եւ դիսպետչերի խոսակցության ձայնագրության ամբողջական տարբերակը լսեք՝ կհամոզվեք: Խոսքն այն մասին է, որ դիսպետչերը երկրորդ պտույտի է ուղարկել օդանավի հրամանատարին՝ այն ժամանակ, երբ այն արդեն վայրէջք կատարելիս է եղել: Մ. Բաղդասարովը մանրամասն ներկայացրել է, թե ինչ սխալ է թույլ տվել ռուսը՝ ասելով՝ «մինչ թռիչքուղի մնացել էր շուրջ 200 մետր, երբ դիսպետչերը նրան ուղարկեց երկրորդ պտույտի, եւ դա այն ժամանակ, երբ դիսպետչերը իրավունք չուներ հրամայելու, նա միայն կարող էր խորհուրդ տալ»: Ինչ վերաբերում է մերոնց սխալներին, ըստ նրա, «դեռեւս որեւէ հիմքեր չկան օդաչուին մեղադրելու համար. նա փորձառու, բարձրակարգ օդաչու էր, որը, կարելի է ասել, լավագույններից մեկն էր»: Ի դեպ, որպես վթարի ենթարկված հրամանատար օդաչուի՝ Գրիշա Գրիգորյանի բարձրակարգ լինելու ապացույց, ընկերությունն ասում է, որ նա իրականացրել է 5.5 հազար ժամ թռիչք, որից 1400-ը՝ A320-ով: Սակայն որոշ մասնագետների կարծիքով, դա այնքան էլ լավ ցուցանիշ չէ, այսինքն՝ ընդամենը 5.5 հազար ժամ թռիչք ունեցող օդաչուն չի կարող բարձրակարգ ու հմուտ համարվել: Եթե նույնիսկ այնպես դուրս գար, որ մեղավորը օդաչուն է եղել, առաջին հայացքից Մ. Բաղդասարովը հակառակը պնդելու ոչ մի շահ չուներ: Սակայն իրականում միջազգային շուկայում դա կլիներ «Արմավիայի», մեղմ ասած՝ «թայմ աութը», որովհետեւ կհաստատվեր, որ եթե մեր բարձրակարգ՝ «s» կլասի օդաչուն նման կոպիտ խախտումներ է անում ու միանգամից 113 մարդու կյանք խլում, էլ դժվար թե որեւէ կարգին երկրի ուղեւոր համաձայներ մեկնել «Արմավիայի» ինքնաթիռներով ու վստահել իրենց կյանքը ընկերության՝ թղթի վրա «կլասներ» նկարած օդաչուներին: Նույնը կլիներ նաեւ ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառի դեպքում: Թեեւ այս օրերին բազմաթիվ ուղեւորներ են զանգահարում խմբագրություն ու ասում, որ «այդ նույն A320-ը Մոսկվայում վազքուղուց էր դուրս եկել, պոչի հատվածը վերջերս է վերանորոգվել, այսինքն տեխնիկական խնդիրներ է ունեցել», ընկերությունից շարունակում են պնդել, որ մեր ինքնաթիռը ոսկի էր, ոսկի: Ըստ Մ. Բաղդասարովի, նույնիսկ եղանակային վատ պայմաններում այն կարող էր Ադլերի օդանավակայանում հանգիստ վայրէջք կատարել առաջին իսկ փորձից. «Airbus օդանավը, ի տարբերություն խորհրդային հին մոդելների ինքնաթիռների, ընդունակ է վայրէջք կատարել վատ տեսանելիության պայմաններում՝ առանց որեւէ խնդիրների»: Մերոնց պատասխանները լսելով՝ հստակ գալիս ես այն եզրակացության, որ «ռուս դիսպետչերն է համը հանել», պարզապես, քանի որ ռուսները մեր բարեկամներն են, չենք ասում, որ իրենց վատ չզգան: Ռուսական կողմն էլ իր հերթին է հերքում իրենց օդանավակայանի՝ միջազգային նորմերին չհամապատասխանելու, մասնագետների անփութությանն ու թերացումներին վերաբերող ցանկացած վարկած: Օրինակ՝ Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովը բացառեց, որ հայկական A320 ինքնաթիռի վթարը տեղի է ունեցել օդանավակայանի ծառայությունների մեղքով: Չնայած սրան, Սոչիի օդանավակայանը դեպքից հետո արդեն հայտնվել է «սեւ ցուցակում» ու հոգեբանորեն զբոսաշրջիկների համար ասոցացվում է աղետի ու դժբախտության հետ: Նախորդ ամռանը Հայաստանից հանգստանալու նպատակով բավական շատ զբոսաշրջիկ է մեկնել Սոչի: Կասկածից վեր է, որ այս տարի այդ թիվը ակնհայտորեն կնվազի: Եթե նույնիսկ Սոչիի օդանավակայանի սեփականատերը կաշվից դուրս գա՝ այդ «կառույցը» միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, նոր համակարգեր ներդնելու համար, միեւնույն է, աղետը լուրջ տնտեսական հետեւանքներ է թողնելու Սոչիի վրա: Իսկ հայաստանյան ավիացիայի մասին պատկերացում կազմելու համար բավական է միայն այն, որ վթարի անմիջապես հաջորդ օրը թե՛ Մ. Բաղդասարովը, թե՛ Քաղաքացիական ավիացիայի վարչությունից ասացին, որ ինքնաթիռը տեխզննում է անցել Բելգիայում, որ այն թռիչքից առաջ մանրամասն հետազոտվել է, որ անսարքության մասին խոսք անգամ լինել չի կարող: Հետո, «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը պարզել էր, որ A320-ը Բելգիայում ոչ մի տեխզննում էլ չի անցել, Բաղդասարովը վերաձեւակերպեց պատասխանը. «Բելգիական «Սաբենա Տեքնիկ» ընկերության մասնագետները եկել են Հայաստան եւ ինքնաթիռը տեխզննել»: Ավելի ուշ՝ ամսի 16-ին, Մ. Բաղդասարովը ճշտեց, որ «սկզբնական վարկածն այն մասին, թե ինքնաթիռը տեխզննում է անցել Բելգիայում, հասարակ խառնաշփոթություն է: Իրականում այն տեխզննում է անցել Բուդապեշտում»: Սա արդեն իսկ թույլ է տալիս եզրակացնել, որ մերոնք իրարից ընդհանրապես խաբար չեն, որովհետեւ խառնել Բուդապեշտը Բելգիայի հետ՝ կարող էին իրենց թույլ տալ միայն Հայաստանում: Ամենաանշառ տարբերակը վթարի առաջին իսկ օրերից եղել եւ մնում է եղանակային վատ պայմանները: Թեեւ հենց միայն այն, որ սեւ արկղի հետ կապված այնքան տարան-բերեցին, մեկ՝ հայտնաբերեցին, մեկ՝ կորցրին, մեկ՝ 5 մետր ճշգրտությամբ նորից հայտնաբերեցին, որոշակի կասկածներ է առաջացնում, որ պատճառը միայն եղանակը չէ: Որքան էլ մենք ցանկանանք, որ հայկական ընկերությունը սուտ դուրս չգա, որ շառը մեզնից հեռու լինի, կան փաստեր, որոնք հերքելը բացառվում է. դրանք կամ պետք է մեջտեղ չհանել, կամ ասել ճշմարտությունը: Այդ փաստերից է սեւ արկղը, որը առայժմ մեջտեղ չի հանվել: ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել