Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Մայիս 20,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդ Գլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդ Գլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդԳլուխ երեսուներեքերորդ ՆԱՀԱՆՋ ՊԱՐՈՎ – Կարծում եմ՝ ձեր այդ Նորան, այնուամենայնիվ, Սեւակի հետ առնչություններ ունեցած կլինի,- ասաց Լիզան: – Ի՞նչ առնչություններ,- հարցրեց Թամրազյանը: – Միանգամայն անձնական,- ասաց Լիզան: – Չեմ կարծում,- ասաց Թամրազյանը: – Ձեր կարծիքով, այդ կինը քիչ առաջ հանուն Սեւակի պոեզիայի՞ էր արցունք թափում,- հարցրեց Լիզան: – Մարդկային գործոնն իզուր ես բացառում,- ասաց Թամրազյանը.- Պարույրը բացառիկ մարդ էր եւ, բացի այդ, Նորային էլ շատ լավ էր վերաբերվում: – Իմ ասա՛ծն եք հաստատում,- ասաց Լիզան: – Դու էլ ի՛մ ասածն ես հաստատում,- ասաց Թամրազյանը: – Ձեր ասածը ո՞րն է,- հարցրեց Լիզան: – Իմ ասածն այն է, որ այլեւս չպիտի՛ խմես,- ասաց Թամրազյանը: – Խմելն ի՞նչ կապ ունի,- ասաց Լիզան: – Որ խմում ես՝ շատ ես չարանում,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- ես մտածում էի՝ ձեզ հետ մարդավարի քեֆ կանեմ, բայց հիմա նստած՝ մատուցողուհու բարոյական կերպարն ենք քննարկում: – Քեֆ անենք,- ասաց Լիզան: – Սեւակի՛ կենացը,- բաժակս բարձրացնելով՝ ասացի ես:- Ձեր սերնդի՛ կենացը, ընկե՛ր Թամրազյան: – Մատուցողուհիներին մոռանա՛նք,- ասաց Թամրազյանը:- Ես է՛լ եմ իմ սերնդի կենացը խմում: Ես հպարտ եմ, որ այդ սերնդից եմ: – Ձեր սերնդի՛ կենացը,- կրկնեցի ես: – Պարույրի գլխավորությա՛մբ,- ասաց Թամրազյանը: – Ձեր սերնդի՛ կենացը, ընկե՛ր Թամրազյան,- բաժակը բարձրացնելով՝ ասաց Լիզան: – Էդ բաժակդ ե՞րբ լցրիր, ա՛յ Լիզա,- զարմացավ Թամրազյանը։- Էլի խմելու ե՞ս: – Չխկացնելու համար եմ լցրել,- ասաց Լիզան.- դատարկ բաժակով ո՞նց չխկացնեմ: – Էլ չխմե՛ս,- Լիզային ասաց Թամրազյանը: – Եթե արգելում եք՝ չեմ խմի,- ասաց Լիզան ու ավելացրեց.- բա նոր ասում էիք՝ քեֆ անենք: – Դու էս կենացն արդեն խմել ես,- ասաց Թամրազյանը: – Ես Սեւակի՛ կենացն եմ խմել,- ասաց Լիզան.- հիմա ձեր ամբողջ սերնդի կենացն եմ ուզում խմել: – Հետո առանձին-առանձին կխմի,- ասացի ես: – Չեմ հասկանում,- զարմացավ Լիզան.- չեք ուզո՞ւմ քեֆ անենք: – Հի՛ն խմող ես երեւում, Լի՛զըչկա,- ժպտաց Թամրազյանը: – Պապայի արեւ՝ կյանքումս առաջին անգամ եմ օղի խմում,- ասաց Լիզան: – Հեչ չի՛ զգացվում,- ասաց Թամրազյանը: – Պարզվում է՝ էնքան է՛լ սարսափելի չի,- ասաց Լիզան: – Մի՛ խմիր,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- քե՛ֆ անենք: – Առանց խմելու ո՞նց քեֆ անենք,- զարմացավ Լիզան: – Տղե՛րք ջան, մի հատ շախով պարեղանա՛կ,- շրջվելով ու երաժիշտներին դիմելով՝ ասաց Թամրազյանը: Երաժիշտները կարծես Թամրազյանի խոսքին էին սպասում եւ անմիջապես անցան իրենց բուն պարտականություններին, եւ Թամրազյանը Լիզայի ձեռքից բռնելով ու բարձրացնելով՝ հասցրեց դահլիճի կենտրոնն ու նախ ի՛նքը սկսեց պարել, հետո նոր Լիզայի ձեռքերը բարձրացնելով՝ սկսեց Լիզայի՛ն պարացնել, եւ դահլիճում նստածներից մի քանիսը կարծես իրե՛նց էին սպասում, ու քիչ անց պարողները բազմացան, եւ, հիշում եմ, Լիզայից բացի՝ աղջիկ ու կին պարողներ էլի՛ կային՝ երեք թե չորս հոգի: Սկզբում Լիզան մի քանի կաշկանդված շարժումներ արեց, հետո լավագույնս հարմարվելով պարեղանակին՝ ի՛նքը սկսեց տոն տալ եւ պարացնել Թամրազյանին: Ինչպես ասացի՝ աղջիկ ու կին ուրիշ պարողներ է՛լ կային, բայց Լիզան պարելու իմաստով ակնհայտորեն գերազանցում էր եղածներին, ու էդ պահերին հենց ի՛նքն էր չպարողներիս ուշադրության հիմնական առարկան, ու չնայած Լիզան արտաքինով է՛լ չէր զիջում իգական սեռի մյուս պարողներին, բայց իր պարն իրեն առավե՛լ էր գեղեցկացնում ու նշանավորում, ու ծանրումեծ Լիզայի արդեն փետուրի պես թեթեւ մարմինը երաժշտության հետ միանգամայն ի մի էր, ու պարից հոգնած Թամրազյանն արդեն կանգ էր առել ու ծափ զարկելով հիանում էր իր ուսանողուհու անծանոթ ու անակնկալ տարերքով, ու չնայած պարեղանակն, ըստ էության, մի քանի անգամ արդեն ավարտվել էր, բայց ոչ մի կերպ չէր սպառվում ու բնականորեն շարունակվում էր, որովհետեւ Լիզայի պարն էնքա՛ն էր կյանքով լցրել մինչ այդ կիսամեռ էդ դահլիճը, որ երաժիշտներն իրենց իրավունք չէին վերապահում դադարեցնել հանկարծակի ու անակնկալ դահլիճ հորդած էդ, ուրեմն, կյանքը, եւ Լիզան ստիպված էր ի՛նքն այդ անել, որովհետեւ Լիզան հանկարծակի սթափվելով ու իր իսկ տարերքից թոթափվելով՝ նայեց ու տեսավ, որ բոլոր պարողներն արդեն վերադարձած ու իրենց սեղանների շուրջ արդեն տեղավորված են, եւ պարատեղում միայն ինքն էր մնացել եւ ոգեւորված ծափ զարկող պրոֆեսորը, եւ միայն այդ ժամանակ Լիզան երաժիշտներին գլխով անելով եւ ըստ երեւույթին էդ ձեւով իր երախտագիտությունը հայտնելով՝ թեւանցուկ արեց ապշահար Թամրազյանին, ու երկուսով վերադարձան մեր սեղան: – Էս պարելդ էլ ե՞ս արձակուրդի ընթացքում սովորել, Լի՛զըչկա,- հիացած հարցրեց Թամրազյանը: – Պարելս արդեմ մոռացել եմ,- ժպտաց Լիզան.- պարելս մի քանի տարի առաջ պիտի տեսնեիք: – Որտե՞ղ պիտի տեսնեինք,- հարցրեց Թամրազյանը: – Մեր շրջանի պարի անսամբլում,- ասաց Լիզան.- իններորդ դասարանից սկսած՝ արդեն մեծերի մեջ էի պարում: – Այսինքն, պարի՞ ես գնացել,- հարցրեց Թամրազյանը: – Չի զգացվո՞ւմ,- հարցրեց Լիզան: – Էն էլ ո՜նց է զգացվում,- ասաց Թամրազյանը:- Ես որ իմանայի՝ պարելու էսպիսի շնորհք ունես, քեզ բանասիրական չէի ընդունի: – Քիչ առաջ ասում էիք, որ ի մ ուժերով եմ ընդունվել,- ժպտաց Լիզան: – Իզուր ես պարելը թողել,- ասաց Թամրազյանը.- միանգամայն լուրջ եմ ասում: – Էս ջանիս որտե՞ղ պիտի պարեի,- ծիծաղեց Լիզան: – Քիչ առաջ որտե՞ղ էիր պարում,- հարցրեց Թամրազյանը: – Էս քաշովս միայն ռեստորանում կարող եմ պարել,- ասաց Լիզան: – Էդ քաշովդ շատ լավ էլ պարում էիր,- ասաց Թամրազյանը: – Պրոֆեսիոնալ պարը միանգամայն այլ բան է,- ասաց Լիզան: – Լավ էլ պրոֆեսիոնալ էիր պար գալի,- ասաց Թամրազյանը: – Իններորդ դասարանում քաշս միանգամից ավելացավ,- ասաց Լիզան: – Որ քեզ եմ նայում՝ մարդավարի ուտող է՛լ չես,- ասաց Թամրազյանը: – Ուտելո՛ւց չի,- ասաց Լիզան.- մերը ցեղական է: – Ի՞նչն է ցեղական,- զարմացավ Թամրազյանը.- Սրապը մեր կուրսի ամենանիհարն էր: Մայրդ էլ, ինչքան հիշում եմ, առանձնապես չաղ չէր: – Մաման շատ չաղ չի, բայց մամայենց կողմը հիմնականում խոշոր են: Ես ու քույրերս մամայենց ենք քաշել. մենակ ամենամեծ քույրս է նորմալ,- ասաց Լիզան: – Դու չե՞ս նորմալ,- զարմացավ Թամրազյանը.- պարով էիր տարված, դրա համար էլ չես նկատել, որ էս ամբողջ ժողովուրդը քեզ է նայում: – Որ նորմալ լինեի՝ դժվար թե նայեին. նորմալներին առանձնապես չեն նայում,- ասաց Լիզան: – Նորմալներին չեն նայում, բայց նորմալից ավելի լավերին առանձնապես են նայում,- ասացի ես: – Ինձ ե՞ք մխիթարում,- ժպտաց Լիզան.- ես ինձանից առանձնապես դժգոհ չեմ: – Համենայնդեպս, կոմպլեքսավորված ես,- ասաց Թամրազյանը: – Ես է՛լ եմ ափսոսում, որ չաղությանս պատճառով պարելը թողեցի,- ասաց Լիզան: – Էս խորովածին ձեռք չես տալիս, որ ավելի՞ չչաղանաս,- հարցրեց Թամրազյանը: – Ես ձեզանից շատ կերա,- ասաց Լիզան: – Դու էլ ե՞ս չաղանալուց վախենում,- ինձ նայեց Թամրազյանը: – Չէ,- ասացի ես: – Բա ինչո՞ւ խորոված չես ուտում,- հարցրեց Թամրազյանը: – Իշխանին եմ սպասում,- ասացի ես.- ախորժակ եմ պահում: – Բարձր ճաշակ ունես,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- բարձր ճաշակ ունես, դրա համար էլ մեր Լիզըչկայի հետ ես ընկերություն անում: – Մենք ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան: – Կապ չունի,- ասաց Թամրազյանը.- բոլոր ծանոթություններն էլ սկզբում մի քանի ժամվա են լինում, հետո նոր հնանում են, ու ամենաքաղցրը հենց էդ առաջին ժամերն են: Կարեւորն այն է, որ քո էս մի քանի ժամվա ընկերը շատ բարձր ճաշակ ունի, Լի՛զըչկա: – Ինչի՞ց է զգացվում, որ բարձր ճաշակ ունի,- հարցրեց Լիզան: – Ինքը կարող էր, չէ՞, որիշ մեկին հավանել եւ ո՛չ թե՝ քեզ,- ասաց Թամրազյանը: – Բայց ինչի՞ց եք ենթադրում, որ ինձ հավանել է,- կարմրեց Լիզան: – Ի՛նքն է ասում,- ասաց Թամրազյանը: – Ե՞րբ է ասել,- զարմացավ Լիզան.- այդ ե՞րբ է ասել, որ ես չեմ լսել: – Հեչ պարտադիր չի, որ բառացի ասի. իր հայացքի մեջ ամեն ինչ գրված է,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչ է գրված,- ծիծաղեց Լիզան եւ ուշադիր նայեց աչքերիս մեջ: – Գրված է, որ քեզ շատ է հավանում,- ասաց Թամրազյանը: – Բա ես ո՞նց չեմ կարողանում կարդալ,- կարմրեց Լիզան: – Որովհետեւ տառերը չգիտես,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչ տառեր,- հարցրեց Լիզան: – Սիրո այբուբենը չգիտես,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչ սիրո այբուբեն,- ավելի կարմրեց Լիզան.- մենք ընդամենը մի քանի ժամվա ծանոթներ ենք, ընկե՛ր Թամրազյան: – Էս անտեր կյանքի ողջ քաղցրությունն էդ առաջին մի քանի ժամերի մեջ է,- ծիծաղեց Թամրազյանն ու շարունակեց.- հետագա բոլոր ժամերն էդ առաջին մի քանի ժամերի թույլ կրկնությունն են, Լի՛զըչկա: Կարելի՞ է մի կենաց առաջարկել: – Առաջարկեք,- ասաց Լիզան: – Ես ուզում եմ խմել մեր Արմենի ճաշակի՛ կենացը,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչ առումով,- հարցրեց Լիզան: – Բոլո՛ր առումներով. Եսենինի թարգմանությա՛ն առումով, իշխան ձկա՛ն առումով եւ, վերջապես, քո՛ առումով, Լի՛զըչկա: Կարող էր, չէ՞, Արմենը ճլեզ ու նվազ մեկին հավանել. լինում են, չէ՞, էնպիսի աղջիկներ ու կանայք, որոնց վրա մսի կտոր անգամ չկա՝ ասես կմախք լինեն: – Արմենին նեղացնում եք, ընկե՛ր Թամրազյան. ինքը կմախքների գծով հատուկ թուլություն ունի,- ծիծաղեց Լիզան: – Մինչեւ տառերը լրիվ չսովորես, չես իմանա՝ ով ինչ թուլություն ունի,- ասաց Թամրազյանն ու բաժակը բաժակիս խփելով՝ ավելացրեց.- ճաշակի՛դ կենացը, Արմե՛ն ջան: – Փաստորեն, Լիզայի կենացն է,- ասացի ես: – Ինչո՞ւ միայն իմ,- ժպտաց Լիզան.- նաեւ Եսենինի՛, իշխան ձկան եւ, վերջապես, կմախքների՛ կենացն է: – Կմախքներին հանգիստ թող,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- կենա՛ցդ, Լի՛զըչկա: – Բա Եսենի՞նը,- ժպտաց Լիզան: – Եսենինի կենացը մեր տանը՝ Հրաչոյիս հետ միասին կխմենք,- ասաց Թամրազյանը: – Բա իշխան ձո՞ւկը,- հարցրեց Լիզան: – Իշխանի կենացը մենք հոտնկայս կխմենք, երբ այն մեր սեղանին կլինի,- ասաց Թամրազյանը: – Բա իշխան Համլե՞տը,- ծիծաղեց Լիզան: – Մի՛ անլրջացրու,- ասաց Թամրազյանը.- շատ լուրջ կենաց ենք խմում: – Բերե՜ց,- հանկարծակի ճչաց Լիզան: – Քեզ ի՞նչ պատահեց,- զարմացավ Թամրազյանը: – Ոտքի՛. իշխա՛նն է գալիս,- աղաղակեց Լիզան, եւ այդ պահին Նորան ձկով լի սկուտեղով մոտեցավ մեզ: – Էս խորովածին համարյա ձեռ չեք տվել,- մեր սեղանը զննելով՝ ասաց Նորան: – Մենք բարձրաճաշակ մարդիկ ենք. ձկա՛նն էինք սպասում,- ասաց Լիզան: – Երեւակայի՝ չեք սխալվել,- ասաց Նորան.- ձուկը շատ լավ ա ստացվել: – Մեզ հետ մի բաժակ է՛լ պիտի խմես, Նո՛րըչկա,- ասաց Թամրազյանը: – Աշխատանքի մեջ եմ, Թամրազյա՛ն ջան,- ասաց Նորան: – Սամսոնի՞ց ես վախենում,- հարցրեց Թամրազյանը: – Չէ. Սամսոնը գնաց,- ասաց Նորան: – Ո՞ւր գնաց,- զարմացավ Թամրազյանը: – Չգիտեմ. ինքը սովորաբար չի ասում՝ ուր ա գնում,- ասաց Նորան: – Հո էլի համը չի՞ հանել,- հարցրեց Թամրազյանը: – Ի՞նչ իմաստով,- հարցրեց Նորան: – Հաշիվը փակելու իմաստով,- ասաց Թամրազյանը: – Ի՞նչ հաշիվ,- հարցրեց Նորան: – Մեր սեղանի հաշիվը,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- իր էդ հանկարծակի չքվելը կասկածների տեղիք է տալիս. հո մեր սեղանի հաշիվը չի՞ փակել: – Ընդհակառակը. ինձ հատուկ զգուշացրեց, որ ձեր սեղանի հաշիվը ձեզանի՛ց ստանամ,- ասաց Նորան: – Փա՜ռք Աստծո,- ասաց Թամրազյանը: – Հա,- ասաց Նորան.- գնալուց առաջ հատուկ էդ բանն ինձ զգուշացրեց: – Հիմա մեզ հետ մի բաժակ չե՞ս խմելու,- Նորային հարցրեց Թամրազյանը: – Աշխատանքի մեջ եմ, Թամրազյա՛ն ջան,- ասաց Նորան: – Մեր Լիզըչկայի կենացն ենք խմում,- ասաց Թամրազյանը: – Ձեր Լիզըչկայի կենացը մեծ հաճույքով կխմեմ,- բոլորիս համար անսպասելի ասաց Նորան ու ավելացրեց.- ձեր Լիզըչկան ուղղակի չտեսնված էր պարում: – Իմ պարելը ե՞րբ տեսաք. իմ պարելու ժամանակ դուք դահլիճում չէիք,- զարմացավ Լիզան: – Մենք ամեն ինչ տեսնում ենք, աղջի՛կ ջան,- ժպտաց Նորան.- ինչքան չըլնի՝ սատանայի սպասավորներ ենք: – Եթե ձեզ նեղացրել եմ՝ ներողություն եմ խնդրում,- ասաց Լիզան: – Չգիտեմ՝ նեղացրել ես, թե չէ, բայց ես չեմ նեղացել. էդքան հեշտ նեղացող որ ըլնեի՝ էստեղ հեչ մի շաբաթ է՛լ չէի դիմանա,- ասաց Նորան: – Եթե նեղացրել եմ՝ ներողություն եմ խնդրում,- կրկնեց Լիզան: – Կենա՛ցդ, աղջի՛կ ջան. չտեսնված ես պարում,- ասաց Նորան ու մի շնչով իր օղին խմեց: – Մեր աղջիկը պրոֆեսիոնալ պարուհի է,- ասաց Թամրազյանը: – Զգացվում էր,- ասաց Նորան: – Միգուցե մեզ հետ մի քիչ նստեիր, Նո՛րըչկա,- ասաց Թամրազյանը: – Չէ, Թամրազյա՛ն ջան. աշխատանքի մեջ եմ: Ես գնամ. ձեզ չխանգարեմ: Նայեք՝ էս ձուկն է՛լ չջանջալացնեք. որ սառում ա՝ է՛ն չի,- ասաց Նորան: – Մեզ երեւի մի շիշ է՛լ օղի բերես, Նորա՛ ջան,- ասաց Թամրազյանն ու ավելացրեց.- մի շիշ օղի ու մեկ էլ՝ մեր սեղանի հաշիվը: – Աչքի՛ս վրա, պրոֆեսո՛ր ջան,- ժպտաց Նորան ու գնաց: – Հաստատ նեղացել էր,- ասաց Լիզան: – Որ նեղացրել էիր՝ ո՞նց չէր նեղանա,- ասաց Թամրազյանը: – Լավ է, որ գոնե ներողություն խնդրեցի,- ասաց Լիզան: – Շա՛տ ճիշտ արիր,- ժպտաց Թամրազյանը.- իսկական քրիստոնյային վայել վերաբերմունք հանդես բերիր: – Սիրտս մի տեսակ թեթեւացավ,- ասաց Լիզան:- Ավելի լավ է՝ ուրիշնե՛րը քեզ նեղացնեն, քան դու՝ ուրիշներին: – Ավետարանը միանգամայն դրակա՛ն է ազդել,- ասաց Թամրազյանը: – Ավետարանը բացասական չի՛ կարող ազդել,- ասաց Լիզան.- մեր հարեւանի վրա է՛լ է շատ դրական ազդել: – Ի՞նչ հարեւան,- հարցրեց Թամրազյանը: – Ի՛նքն է ինձ էդ Ավետարանը տվել: Յոթանասունն անց կին է ու արդեն երկու տարի է՝ առավոտից իրիկուն Ավետարան է կարդում,- ասաց Լիզան: – Հետաքրքիր է,- ասաց Թամրազյանը: – Հետաքրքիրն այն է, որ այդ կինն առաջ շատ կռվարար ու լաչառ կին էր, բայց ինչ սկսել է Սուրբ գիրքը կարդալ, միանգամայն վերափոխվել է. խաղաղասեր ու բարի է դարձել, նույնիսկ դիմագծերն են փոխվել՝ ահագին գեղեցկացել է: Այնպես որ, իր վրա Ավետարանը միանգամայն դրական ազդեցություն է թողել: Կարծում եմ, այլ կերպ չէր էլ կարող լինել,- ասաց Լիզան: – Իզուր ես էդպես կարծում,- ասաց Թամրազյանը.- ես մարդ գիտեմ, որ Ավետարանն անգիր գիտի, բայց հե՛չ իսան չի: – Տերտերներն Ավետարանն անգիր գիտեն, բայց նրանց մեջ ամեն տեսակ մարդ էլ կա,- ասացի ես: – Էդ գիրքը շատերն են կարդացել, բայց էդ կարդացողներից քչերն են Աստծուն հավատում,- ասաց Թամրազյանն ու ինձ նայելով՝ ավելացրեց.- Արմենը շատ ճիշտ է ասում. կարծում ես՝ հոգեւորականների մեջ անհավատներ չկա՞ն: – Հոգեւորականները հավատալու ավելի՛ քիչ շանս ունեն, քան՝ մենք, որովհետեւ իրենք հավատալու համար աշխատավարձ են ստանում,- ասացի ես: – Իրենց գործը ո՛չ թե հավատալն է, այլ՝ հավատացնելը,- ասաց Թամրազյանը:- Մեր բանասիրականում էլ գրականության մասնագետներ կան, որ գրականություն են դասավանդում, բայց ամբողջ հոգով ատում են գրականությունը: – Մեր բանասիրականում գրականությունը չատող դասախոսներ էլ կա՞ն,- ծիծաղեց Լիզան: – Էդ արդեն դո՛ւ պիտի ասես. դո՛ւ ես իրենց դասախոսություններն ամեն օր լսում,- ասաց Թամրազյանը: – Այնուամենայնիվ, նրանց մեջ մի քանիսը կան, որ գրականությունը չեն ատում. նույնիսկ, կարելի է ասել, սիրում են,- ժպտաց Լիզան: – Արդյոք ովքե՞ր են,- ծիծաղեց Թամրազյանը: – Մեկը Հրանտ Թամրազյանն է,- ժպտաց Լիզան: – Պարզ է, որ առաջինն ի՛մ անունը պիտի տայիր,- ժպտաց Թամրազյանը.- ինչքան չլինի՝ իմ օգնությա՛մբ ես համալսարան ընդունվել: – Ես իմ ուժերով եմ ընդունվել,- ասաց Լիզան: – Վկա ունե՞ս, որ քո ուժերով ես ընդունվել,- հարցրեց Թամրազյանը: – Իհա՛րկե ունեմ,- ժպտաց Լիզան: – Ո՞վ է վկադ,- հարցրեց Թամրազյանը: – Դո՛ւք,- ասաց Լիզան.- այնպես որ՝ ձեզ շողոքորթելու որեւէ պատճառ չունեմ: – Ո՞նց թե՝ պատճառ չունես. իմ շնորհիվ, փաստորեն, կյանքումդ առաջին անգամ ռեստորան ես ոտք դրել,- ասաց Թամրազյանը: – Ճիշտ եք ասում, ընկե՛ր Թամրազյան,- ասաց Լիզան ու ծիծաղելով ավելացրեց.- բայց ես ուտող-ուրացող եմ, ձեզ չեմ շողոքորթում ու ազնվորեն հայտարարում եմ, որ դուք մեր ա՛յն դասախոսներից եք, որ գրականությունը չեն ատում: – Հասկացանք,- ասաց Թամրազյանը:- Մյո՞ւսն ով է: – Մյուսը… մյուսը Լեւոն Ներսիսյա՛նն է,- ասաց Լիզան: – Լեւոնին, կարծում եմ, շողոքորթելու որեւէ պատճառ չունես,- ասաց Թամրազյանը: – Ես ոչ ոքի էլ չեմ շողոքորթում, դրա համար էլ դժվարանում եմ երրորդ դասախոսի անունը հիշել,- ասաց Լիզան: – Որ չես հիշում, ուրեմն՝ չկա,- ասացի ես: – Հա՛. Իշխանյա՛նը,- բացականչեց Լիզան: – Իշխանյանը լեզվի՛ մասնագետ է,- ասաց Թամրազյանը: – Լեզվի մասնագետ է, բայց գրականությունն է՛լ չի ատում,- ասաց Լիզան: – Ճիշտ ես նկատել,- ասաց Թամրազյանը: – Ես միշտ էլ ճիշտ եմ նկատում,- ժպտաց Լիզան: – Արմե՛ն, ասում ես՝ մանկավարժականն ե՞ս ավարտել,- հարցրեց Թամրազյանը: – Հա,- ասացի ես.- երկու տարի առաջ եմ ավարտել: – Բա հիմա ի՞նչ ես անում,- հարցրեց Թամրազյանը: – Հանգստանում եմ,- ասացի ես.- բանակից նոր եմ եկել: Հազար ինը հարյուր յոթանասունվեց թվականի օգոստոսի յոթն էր, ու ես դեռեւս ախալքալաքցի Աշոտին չէի ճանաչում ու աշխատանքի հեռանկար դեռեւս չունեի, ու էդ օրը Թամրազյանին չասացի, որ ոչ մի կերպ չեմ կարողանում աշխատանք ճարել, ու հիմա՝ երեսուն տարի անց ու հենց էս պահին եմ միայն հասկանում ու գլխի ընկնում, որ եթե էդ օրն ու էդ պահին Թամրազյանի մոտ աշխատանքիս հաշվով խոսակցություն բացեի, հավանաբար Թամրազյանն աշխատանքիս հարցը շատ հեշտ ու շատ արագ լուծեր, որովհետեւ Թամրազյանն ազդեցիկ հեղինակություն էր ո՛չ միայն համալսարանում, այլեւ գրականության ասպարեզում ընդհա՛նրապես, ու չնայած էդ օրը Թամրազյանի հետ հազար ու մի բանից խոսեցինք, բայց աշխատանքիս մասին խոսք չգցեցի երեւի նույն պատճառով, ինչ պատճառով ինձ արդեն ճանաչող մյո՛ւս հեղինակությունների մոտ խոսակցություն չէի բացում, ու հիմա եմ կռահում, որ էդ օրն էդ թեմայով խոսակցություն բացելը շատ էլ նպատակահարմար ու տեղին էր, մանավանդ որ, ինչպես արդեն գիտեք, հատկապես էդ օրերին աշխատանքիս հարցն ինձ ավելի՛ էր մտահոգում, քան՝ գրականությունն ու պոեզիան, ու չնայած էդ օրը Թամրազյանի ու Լիզայի հետ հազար ու մի բանից խոսեցինք, բայց էս պահին ուզում եմ դադարեցնել մեր էդ խոսակցությունը, որովհետեւ ամեն գրող իր տարօրինակ ցանկություններն ու իր քմահաճույքներն ունի, եւ ամեն գիրք իր չափսերն ու իր սահմաններն ունի, ու էս պահի իմ քմահաճույքն ու վեպիս էս երկրորդ գրքի սահմանները մեկին մեկ համընկնում են, այսինքն, ես արդեն տրամադրվել եմ էսպես ու էսքանով ավարտել էս անծայրածիր վեպիս երկրորդ հատորը, չնայած, ի տարբերություն առաջին հատորի ընթացքի, էս երկրորդի ընթացքում ինձ առանձնապես շտապեցնող չի եղել ու հիմա է՛լ չկա, ու ես էս առթիվ ուզում եմ նաեւ ասել ու շեշտել, որ շատ դեպքերում ընթերցողները շա՛տ ավելի տարօրինակ ժողովուրդ են, քան՝ նույնիսկ գրողները, եւ ասածս հատկապես ու առանձնապես «Առավոտի» ընթերցողներիս է վերաբերում, ու եթե իրենք առաջին հատորիս գրեթե ողջ ընթացքում ինձ շտապեցնելով հորդորում էին հնարավորինս արագացնել ու ավարտել բանակային պատմություններս, ապա էս երկրորդի ընթացքում ինձ առանձնապես շտապեցնող չի եղել, ու դա է՛ն դեպքում, երբ առաջինը ներառում էր մանկությանս, պատանեկությանս, ուսանողությանս տարիներն ու բանակիս ամբողջ տարին՝ ընդհուպ բանակից վերադարձս, իսկ էս երկրորդն սկսվելով յոթանասունվեցի օգոստոսի տասնվեցից՝ ինձ ու ձեզ ժամանակային առումով ո՛չ միայն առաջ չտարավ, այլեւ ահա՝ շուրջ տասը օր հետ տարավ, ու քիչ առաջ ավարտածս ռեստորանային տեսարանները հենց դույն թվի օգոստոսի յոթի իրադարձություններ էին, ու ես հենց ռեստորանային նոտայի վրա էլ ուզում եմ ավարտել էս երկրորդը ո՛չ միայն էն պատճառով, որ զարմանազան սերիալներին վարժված ընթերցողս անհամբեր սպասի ռեստորանային տեսարանների շարունակությանը, այլեւ է՛ն պարզ ու հասկանալի պատճառով, որ եթե բազմահատոր ու անվերջանալի մի վեպ ես նախաձեռնել, պարտավոր ես երբեմն-երբեմն նաեւ վերջակետի գոյության մասին հիշել, ու ես հիմա ո՛չ միայն հիշելու եմ, այլեւ քիչ անց կիրառելու է՛լ եմ, որովհետեւ բազմահատոր վեպի գլխավոր պայմաններից մեկն այն է, որ հերթական հատորդ անպայման ավարտվի, որպեսզի հաջորդը սկսվելու հնարավորություն ու իրավունք ստանա, ու ես առանց ձեր կարծիքը հաշվի առնելու՝ հենց էդպես էլ անելու եմ, որովհետեւ մեր էս բարդ ու հակասական կյանքում եթե ուզում ես մի նոր բան սկսել, անպայման պիտի հինն ավարտես՝ թեկուզեւ առանց ամփոփելու ու ի մի բերելու, եւ ինչքան էլ քմահաճ ու քոասածի լինես եւ ընթերցողներիդ նույնիսկ գրողների՛ց ավելի շեղված համարես, միեւնույն է, ընթերցողի խնդիրը շարունակաբար ներկայանում է ու կա, եւ ընթերցողի խնդիրը բազմապատկվում է հատկապես ի՛մ պարագայում, որովհետեւ շաբաթօրյա «Առավոտի» ընթերցողներից ոմանք հետեւողականորեն ու պնդաճակատորեն իրենց պարտքն են համարում ինձ անվճար խորհուրդներ տալ սյուժետային եւ նույնիսկ ոճաբանական կտրվածքներով ու նաեւ իրենց սրբազան պարտքն են համարում ինձ միանգամայն ձրի իրազեկել ու տեղեկացնել, թե գրածիցս հատկապես ո՞ր կտորներն են անհավանական ու կասկած հարուցող, ու չնայած էսօրվա դրությամբ հենց իրե՛նք են հանդիսանում տեղեկացված լինելուս հիմնական երաշխավորը, այդուհանդերձ, շատ հաճախ իրենց ասածները մի ականջովս մտնում եւ մյուսով սահուն ու անարգել դուրս են գալիս, որովհետեւ իրենցից շատերը հակված են հավատալ գրածս է՛ն հատվածներին, որոնք հարյուր տոկոսով հնարել ու բստրել եմ, եւ, ընդհակառակը, կասկածի տակ են առնում է՛ն հատվածները, որոնք հարյուր տոկոսով իրականություն են ու տեղի են ունեցել, ու էս վերջին հանգամանքը հավանաբար բխում է հավատքի պակասից, ինչպես նաեւ՝ է՛ն հանգամանքից, որ ընթերցողներիցս շատերը, ի տարբերություն Լիզայի, երբեւէ առիթ չեն ունեցել Ավետարանը բաց անել, եւ, ի տարբերություն ինձ, առիթ չեն ունեցել լսել կամ կարդալ Պասկալի ասածը. «Հավատացեք, որ Աստված կա՛. եւ եթե հանկարծ պարզվի, որ Աստված չկա, ոչինչ կորցրած չեք լինի»: ՎԵՐՋ ԵՐԿՐՈՐԴ ԳՐՔԻ Գիրք երրորդ Գլուխ առաջին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել