Լրահոս
Օրվա լրահոսը

Ծիրանը

Մայիս 20,2006 00:00

Ծիրանը դեռ չի հասել «Ոսկե ծիրան-2006» միջազգային 3-րդ կինոփառատոնը կմեկնարկի հուլիսի 10-ին եւ կտեւի 5 օր Երեկ հրավիրված ասուլիսում այս մասին տեղեկացրին փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը, տնօրեն Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը եւ այս տարի առաջին անգամ փառատոնի աշխատանքներում ներգրավված հասարակայնության եւ մամուլի հետ կապերի ծառայությունը կոորդինացնող կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը: Վերջինիս փոխանցմամբ, փառատոնին առաջարկվել է 257 հայտ՝ 56 երկրից, որոնցից միջազգային մրցույթի համար ընտրվել է շուրջ 50 ֆիլմ, այդ թվում՝ 12 խաղարկային եւ 20 վավերագրական: Խաղարկային, վավերագրական եւ «Հայկական համայնապատկեր» մրցույթների ժյուրիները համապատասխանաբար կգլխավորեն ճանաչված կինոգործիչներ Մորից դե Հադելնը (Գերմանիա), Գոդֆրի Ռեջիոն (ԱՄՆ) եւ դերասանուհի Արսինե Խանջյանը (Կանադա): Երբ «Առավոտը» սկսեց իրեն հետաքրքրող հարցերն ուղղել կինոփառատոնի կազմակերպիչներին, պարզվեց, որ սա պարզապես փորձնական մամուլի ասուլիս է՝ հիմնականից առաջ, իսկ նպատակն արդեն արտերկրում ճանաչված «Ոսկե ծիրանը» մեզանում ավելի մակարդակով պրոպագանդելն է: «Պետք է աշխատենք միասին, մեկ բանակով եւ լավ տպավորություն թողնենք աշխարհահռչակ կինոգործիչների վրա, որոնք այդ օրերին կհյուրընկալվեն Հայաստանում»,- նշեցին կազմակերպիչները: Նրանք վստահեցրին, որ, ի վերջո, այս տարի փառատոնի պատվավոր հյուրերի թվում կլինի աշխարհահռչակ Արտավազդ Փելեշյանը: Իսկ կազմակերպիչների խոսքերով, քանի դեռ իրենք պատրաստ չեն բավարարել լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերը, հետեւաբար «Առավոտի» հարցերն էլ մնացին անպատասխան: Օրինակ, ինչո՞ւ է փառատոնի անցյալ տարվա խորհրդանիշը՝ ծիրանի ջեմով բուդերբրոտը փոխարինվել երիտասարդի սափրած գլխին դրված ծիրանով, կամ, անցյալ տարվա նման, այս տարի է՞լ փառատոնի բացումը պետք է կատարվի անգլերեն: Միայն մեկ հարց՝ ուղղված փառատոնի ծրագրերի տնօրենին, ստացավ պատասխան: «Հայկական ֆիլմերից ընտրել ենք շուրջ 15 նկար: Դաժան ընտրություն ենք կատարել, հասկանալով, որ բարձր չափանիշներով մոտենալու դեպքում բան չէր մնա»,- ասաց Մ. Ստամբոլցյանը՝ ի պատասխան «դուք՝ մասնագետներդ, սուղ ֆինանսական միջոցներով արտադրված հայկական ֆիլմերի ցուցադրման ժամանակ չե՞ք նեղվի համբավավոր կինոգործիչների ներկայությամբ» հարցին: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել