Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԾԱՆՈԹ

Մայիս 20,2006 00:00

ԱՆԾԱՆՈԹ ԲԵՄԱԴՐԻՉԻ ԱՌԱՋԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԸ Օրերս Համազգային թատրոնում կայացավ Ժան Բատիստ Մոլիերի «Սկապենի արարքները» կատակերգության պրեմիերան: Տեղեկացնենք, որ հանրահայտ գրողի թողած մեծ ժառանգությունից ընդամենը երկու պիես է հրատարակված հայերեն: Ըստ մասնագետների, վերոհիշյալ կատակերգությունը հեղինակի ավելի ուշ շրջանի գործերից է եւ կարելի է զուգահեռ անցկացնել Բոմարշեի «Ֆիգարոյի ամուսնությունը» եւ Պիերոյի «Կոշկավոր կատուն» երկերի հետ: Դա օրինաչափ է, քանի որ հիշատակված երկու հեղինակները ապրել են Մոլիերից հետո եւ չի բացառվում՝ ազդված լինեն մոլիերյան ստեղծագործություններից: «Սկապենի արարքների» սյուժեն հետեւյալն է. խելացի ծառան խաբեությամբ կարողանում է փող խլել իր ժլատ տիրոջից: Մեզ հետ զրուցած արվեստագետներից ոմանք, մեկնաբանելով սյուժեն, կեսկատակ-կեսլուրջ հայտնեցին հետեւյալ ցանկությունը. ո՞ւր էր նման բախտ մեզ՝ ծառաներիս, որ թեկուզ խաբեությամբ մենք էլ կարողանայինք փող կորզել մեր տերերից: Իսկ թե ովքեր են իրենց տերերը, պատասխանը մեկն էր՝ ի՞նչ է, դուք վերեւի՞ց եք իջել, չգիտե՞ք ովքեր են… Ներկայացումը, որ Հայաստանում առաջին անգամ է բեմադրվում, Թատրոնի եւ կինոյի ինստիտուտի Արմեն Մազմանյանի ղեկավարած դերասանական ավարտական կուրսի դիպլոմային աշխատանքն է: Հանդիպեցինք ներկայացման բեմադրիչ Վահագն Մալոյանի հետ: «Առավոտը» բեմադրիչից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ հենց իրեն եւ ոչ հայտնի (կամ պակաս հայտնի) ռեժիսորի վստահվեց բեմադրության իրականացումը, մանավանդ որ, հայաստանյան թատերական կյանքում Վահագն Մալոյան անունը անծանոթ է: Մեր զրուցակիցը նախ հարկ համարեց տեղեկացնել, որ այսուհետեւ ինքը հանդես կգա Դանիել Առագաստ կեղծանվամբ եւ հետո ներկայացրեց թատերարվեստ իր մուտքի համառոտ պատմությունը: Պարզվում է՝ 5-6 տարի առաջ Վ. Մալոյանը «գիտության մեջ խորանալու» նպատակով մեկնել է Գերմանիա (առաջին մասնագիտությամբ ֆիզիկոս է) ու հենց այնտեղ հայտնվել մի հեքիաթում, որը կոչվում է թատրոն: «Գյոթինգենի համալսարանում սովորեցի ու ավարտեցի թատերական ռեժիսուրայի կուրսը ու աշխատանքի անցա տեղի թատրոններում: Իրականացրի 6 ներկայացում, այդ թվում՝ Շեքսպիրի «Համլետը», «Ռոմեո եւ Ջուլիետը» եւ այլն»,- հայտնեց ռեժիսորը: Նրա հավաստմամբ, հայրենիքում իրեն «հայտնաբերել» է Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը, որն էլ ծանոթացրել է Արմեն Մազմանյանին եւ երաշխավորել Մոլիերի այս կատակերգությունը բեմադրելու համար: Վ. Մալոյանին խնդրեցինք որոշ զուգահեռներ անցկացնել Գերմանիայի ու Հայաստանի թատերական բարձրագույն հաստատությունների ուսումնական ընթացքի եւ ընդհանրապես այն ամենի շուրջ, ինչը կոչվում է թատերարվեստ: Ռեժիսորը հայտնեց, որ «դերասանական ֆակուլտետներ դիմողների թիվը այնտեղ հարյուրներով է հաշվվում, բայց ընդունվում են քչերը»: Նա հայտնեց նաեւ, որ Գերմանիայի մշակույթի բարձրագույն համալսարաններում ուսումը անվճար է, իհարկե՝ կան նաեւ վճարովի ինստիտուտներ, նշելով, որ այնտեղ պետական հովանավորության ներքո գործող թատրոնները առաջին հերթին դերասաններ ընդունում են պետական հաստատություններից: «Ուսանողները իրենց օրվա մեծ մասը՝ ավելի քան 12 ժամ, անցկացնում են համալսարանում: Մեզ մոտ՝ թատերականում, կասկածում եմ, որ ուսանողները դիմանան ծանրաբեռնված ուսումնական պրոցեսին: Ավարտելուց հետո թատրոններում առաջին քայլերն անող երիտասարդ դերասաններին միանգամից վստահվում են մեծ դերեր: Իհարկե, կա նաեւ բացասական մի կողմ՝ յորաքանչյուր արտիստի հետ կնքվում է առավելագույնը մեկ տարվա պայմանագիր»,- հայտնեց ռեժիսորը: Մեր հետաքրքրությանը՝ կարելի է եզրակացնել, որ Գերմանիայի թատերական օջախներում ընդգրկված են միայն երիտասարդ ու միջին տարիքի դերասաններ, Վ. Մալոյանը հավաստիացրեց, որ անկախ թատերարվեստում ունեցած վաստակից, դերասանը Գերմանիայում 65 տարեկանից անցնում է հանգստի. «Այո, նա այլեւս ընդգրկված չի լինում հիմնական դերասանախմբի կազմում, պարզապես տարին մի քանի անգամ հնարավոր է նրան հրավիրեն խաղալու՝ ելնելով դերի խառնվածքից»: Ռեժիսորը Գյոթինգենի «Թատրոն ՕՊ»-ում աշնանը կիրականացնի Ագաթա Քրիստիի «Մկների թակարդը» ներկայացումը, իսկ մինչ այդ կմասնակցի Թատերական գործիչների միության կողմից հունիսի վերջին անցկացվելիք երիտասարդ ռեժիսորների ներկայացումների փառատոնին՝ Դարի Ֆոյի «Մի վագրի պատմությունը» բեմադրությամբ: Ընդ որում, ինչպես Վ. Մալոյանը նշեց, փառատոնին մասնակցելու համար իր թեկնածությունը նույնպես առաջարկել է Ռուբեն Բաբայանը: Լ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել