«Երկար ճանապարհ՝ «Ֆերոյի» հետ» Հազվադեպ է լինում, երբ դատարանների կողմից, մասնավորապես առաջին ատյանի, քրեական գործը լրացուցիչ նախաքննության է վերադարձվում: Սովորաբար դատավորները դժգոհում են նախաքննությունն իրականացրած մարմնից, գործի հիմքում թերի ապացույցներ դնելու կապակցությամբ, մեղադրողներն էլ գտնում են, որ նախաքննության մարմինը արել է ամեն ինչ՝ արդարադատություն իրականացնելու նպատակով: Մեկ ամիս առաջ Արագածոտնի առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Մնոյանը Կարապետ Հերթեւցյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ուղարկեց լրացուցիչ նախաքննության: Տեղեկացնեք, որ, ըստ գործի նյութերի, 2003թ. Բագրատաշենում «գործով չպարզված անձից» ապօրինաբար ձեռք էր բերել մարիխուանա, ափիոն եւ հերոին տեսակի թմրամիջոցներ, որոնք թաքցրել է «Ֆերո» տեսակի աղացած սուրճի տոպրակում՝ պահելով իրենց բնակարանում: Ըստ նախաքննության ձեռք բերած տվյալների, Հերթեւցյանի մայրը՝ Ջեմմա Միրզոյանը, բնակարանը մաքրելու ժամանակ գտել էր սուրճի տոպրակը, «չիմանալով, որ դրա մեջ թաքնված են թմրամիջոցներ, «Կոշ» ՔԿՀ-ում պատիժ կրող իր որդի Վարդան Հերթեւցյանի համար գնված սննդամթերքի հետ պոլիէթիլենե տոպրակի մեջ էր դրել նաեւ գտած սուրճի տոպրակը եւ այդ մասին ոչինչ չասելով տվել էր տղային: Վերջինս գնացել էր «Կոշ» ՔԿՀ-ի հանձնուքների ընդունման կետ, որտեղ էլ այս փետրվարի 6-ին հայտնաբերվել էր թմրամիջոցը եւ առգրավվել»: Ըստ նախաքննության մարմնի, Հերթեւցյանը թմրամիջոցը իրացնելու նպատակ չի ունեցել: Նրան ձերբակալել էին փետրվարի 7-ին, իսկ 3 օր անց խափանման միջոց էր ընտրվել կալանքը: Սակայն դատարանին անհամոզիչ թվաց այդ միամիտ շարադրանքը, որ Հերթեւցյանը ներկայացված թմրամիջոցը շրջանառության մեջ դնելու ցանկություն չի ունեցել: «Ֆերոյի» միջից հայտնաբերվել էր ծխախոտի տուփի ցելոֆանե թաղանթի մեջ փաթաթված կանեփանման 6,5 գ զանգված, 8 հատ սեւ, խեժանման, 1 սմ տրամագծով կոճակի տեսքով նյութ («չերնյաշկա»), 1 հատ 2 մլ ներարկիչ՝ անգույն հեղուկով լցված: Այսինքն՝ խոշոր չափերի թմրամիջոցներ: Փորձաքննությամբ պարզվել էր նաեւ, որ ներարկիչում առկա հեղուկը քացախաթթվի անհիդրիդ է, ինչը, ըստ դատարանի, հիմնավորում է, որ թմրամիջոցն իրացնող անձը դիմել է խարդախության՝ հերոինի անվան տակ վաճառել անհիդրիդը: Սակայն դատարանը գնահատական տալով նախաքննության մարմնին, նկատել է, որ այն որեւէ միջոց չի ձեռնարկել՝ պարզելու, թե ինչ է իրենից ներկայացնում հայտնաբերված հեղուկը, «դրանով ափիոնի վերամշակման դեպքում ինչ որակի թմրանյութ է ստացվում», այն դեպքում, երբ քացախաթթվի անհիդրիդը ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված «ՀՀ-ում հսկման ենթակա թմրամիջոցների, հոգեմետ նյութերի» ցուցակի համաձայն՝ հանդիսանում է պրեկուրսոր: Վիճելի սուրճի պարկը ուղղիչ-աշխատանքային հիմնարկից չի պահանջվել, իրեղեն ապացույց չի ճանաչվել: Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ