Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՈՒԴԻ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ ԽԵՂԴԵԼ ԷՐ

Մայիս 20,2006 00:00

«ԱՈՒԴԻ» ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՄԵՋ ԽԵՂԴԵԼ ԷՐ Ինչպես «Առավոտում» տեղեկացրել էինք, ՀՀ գլխավոր դատախազությունը ավարտել եւ մայիսի 13-ին Լոռու մարզի առաջին ատյանի դատարան էր ուղարկել Արթուր Խանզադյանի դեմ հարուցված քրեական գործը: 25-ամյա Արթուրը ծնվել է Վանաձորում, ունի բարձրագույն կրթություն, աշխատել է ԱՄՆ Գլենդելի «Օենդաու» ընկերությունում որպես պահակ: Նախաքննության ժամանակ պարզվել էր, որ Ա. Խանզադյանը մոր եւ եղբոր հետ 2001-ին մշտական բնակության է մեկնել ԱՄՆ Գլենդել քաղաք: Այնտեղ ծանոթացել է իրենց շենքի բնակչուհի, Գլենդելի հիվանդանոցի աշխատակից Օդետ Ծատուրյանի հետ: Վերջինիս հետ մտերմություն են արել, սակայն Խանզադյանը ընկերության ընթացքում տեղեկացել է, որ ընկերուհին «սեռական կապերի մեջ է գտնվել նաեւ այլ անձանց հետ»: Անցյալ տարվա սեպտեմբերի 6-ին իր անձնական «Աուդի» ավտոմեքենայի մեջ խեղդել է Ծատուրյանին: Մեղադրյալը դիակը թաքցրել է ավտոմեքենայի բեռնախցիկում եւ դիմել փախուստի: Երկու օր հետո ինքնաթիռով մեկնել է Մոսկվա, ապա Երեւան: Ամերիկայի իրավապահ մարմինները Խանզադյանի նկատմամբ հայտարարել էին հետախուզում, ավելին՝ 2005թ. դեկտեմբերի 1-ին ԱՄՆ դեսպանատնից ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչություն էր ուղարկվել ՀՀ քաղաքացի, ԱՄՆ բնակիչ Ա. Խանզադյանի գործը, ինչպես նաեւ նրա ձերբակալության կարգագիրը: Փաստորեն, 2005թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում հարուցվել է քրգործ: Նույն օրն էլ Խանզադյանը ձերբակալվել էր: Ուշադրության արժանի է այն, որ Ա. Խանզադյանը իրեն մեղավոր է ճանաչել լիովին: Խանզադյանը հայտնել էր, որ երբ ծանոթացել է Օդետի հետ, վերջինս իր վրա թողել է «խելոք, նորմալ աղջկա տպավորություն, իմ իմանալով՝ ընկեր չի ունեցել»: Օդետն ունեցել է ընդամենը «Հոնդա» մակնիշի ավտոմեքենա: 2002-ից մեղադրյալը ավելի մտերիմ հարաբերությունների մեջ է եղել նրա հետ՝ ամուսնության նպատակով: Ըստ մեղադրյալի, Օդետը օգտագործում էր «Կրիստալ» տեսակի թմրամիջոց, որն իր դրդմամբ դադարեցրել է: Մի օր էլ Օդետի հետ միասին անցել են «Ռոյալ Փալաս» ռեստորանի մոտով, որտեղ ինքը կատարել է DJ-ի աշխատանք, Օդետն առաջարկել է չաշխատել այդ ռեստորանում, պատճառաբանելով, որ այն լավ տեղ չէ: Հետագայում իր ծանոթներից մեկի միջոցով Խանզադյանը իմացել էր, որ «Ծատուրյանը լավ աղջիկ չէ, որ նա սեռական հարաբերություններ է ունեցել ոչ միայն ռեստորանի սեփականատերերից մեկի տղայի՝ Շահենի, այլեւ բազմաթիվ մարդկանց հետ»: Մեղադրյալը ցուցմունք էր տվել, որ մտադիր էր դադարեցնել ընկերությունը Ծատուրյանի հետ եւ երբ այդ մասին ասել է նրան, վերջինս վրդովվել է, հայհոյել իրեն եւ հայտարարել, որ առերեսում կանի եւ եթե նրանք կհաստատեն վերոասվածը, ապա «նրանց դատի կտա կամ էլ՝ սպանել»: Նույնը սպառնացել է նաեւ իր առումով: Ըստ մեղադրյալի, որպեսզի լուրջ պատճառներ գտներ Ծատուրյանից բաժանվելու համար, սկսել է հետաքրքրվել նրա կապերով, անգամ տեղափոխվել եւ ապրել է այլ հասցեում, որը հեռու էր իրենց շենքից, սակայն Օդետը սպառնալիքներ էր տալիս եւ ինչպես Խանզադյանը նախաքննությանն էր հայտնել, «վախից՝ ստիպված, շաբաթը 1-2 անգամ հանդիպել է Օդետին Կոլորադո փողոցում գտնվող ճապոնացիների հյուրանոցում»: Խանզադյանը կնոջ հեռախոսի վրա «բռնացրել» էր բազմաթիվ տղամարդկանց հեռախոսահամարներ, «այդ թվում՝ գենգեր մարդասպանի եւ ոստիկանի, «Նեգրո» մականունով կալանավայրից ազատված մեկի»: Դեպքի օրը Խանզադյանը տանն է գտնվել, զանգել է Ծատուրյանը, որին էլ ասել է, թե այլեւս չի ցանկանում կապ ունենալ նրա հետ: Ծատուրյանը պահանջել է դրսում հանդիպել, սպառնալով, թե կօգտագործի «փիսիփի» թմրադեղ, կգա իրենց տուն եւ ամեն ինչ կջարդի: Երեկոյան ժամը 18.30-ի սահմաններում վերցնելով Օդետի նվիրած՝ բանալիների համար նախատեսված փոքրիկ արջուկը, մետաղյա սրտիկի կեսը, որոշել էր դրանք վերադարձնել պայմանավորված վայրում: Հանդիպել են, եւ հանդիպման ժամանակ տղամարդն առաջարկել է խաղաղ բաժանվել: «Սակայն Օդետը բացեց իր մեքենայի առաստաղին գտնվող լյուկը, գյուխն այնտեղից դուրս հանելով սկսեց հայերենով, անգլերենով գոռալ՝ հասեք, ինձ բռնաբարում են: Հուզված Օդետին քաշել եմ ներքեւ, ձեռքը դրել բերանին, սեղմել, որպեսզի չգոռա եւ մի պահ հուզմունքից ու վախից ուղեղս մթագնեց, չհասկացա, թե ինչ է կատարվում: Սթափվելով զգացի, որ Օդետը չի շարժվում»,- խոստովանել էր նա: Մեքենայի մեջ թողնելով խեղդամահ կնոջը, որոշել էր գնալ ինքնասպան լինել: «Փալմ» հյուրանոցի խանութից գնել էր երկու հատ կաշվե գոտի, որոնք մտադիր էր միացնելով, հյուրանոցի համարներից մեկում կախվելով ինքնասպան լինել… Կախվելու համար հարմար տեղ չէր գտել, չնայած լոգարանում փորձել էր երկաթե խողովակից կախվել, սակայն ընկնելուց ուշագնաց էր եղել, ապա սթափվել, որոշել էր փախչել ԱՄՆ-ից, ինչը եւ արել էր: Նա նաեւ արդարացել էր, որ ի սկզբանե սպանելու մտադրություն չի ունեցել, չի ծրագրել, եւ Ծատուրյանը մահացել է՝ անկախ իր կամքից: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել