Լրահոս
Օրվա լրահոսը

Տնօրենն աթոռը չի զիջում

Մայիս 20,2006 00:00

Տնօրենն աթոռը չի զիջում Ողջիի դպրոցի աշխատանքից հեռացված ու խայտառակված տնօրենը նորից տնօրեն դարձավ Մեր օրաթերթը մի քանի անգամ անդրադարձել է Ողջի գյուղում սկիզբ առած սկանդալներին: Հիշեցնենք, որ վերջերս կուսակցական «ռազբոռկեքը» գյուղապետարանից տեղափոխվել էին դպրոց. դպրոցի դաշնակցական տնօրեն Գոհար Պետրոսյանն իր դաշնակցական ամուսնուն գյուղապետ չընտրելու համար աշխատանքից ազատել էր երկու ուսմասվարներին ու մի շարք աշխատակիցների: Այս հողի վրա նա կոնֆլիկտներ էր ստեղծել նաեւ աշակերտների ծնողների հետ. վիճակն այնքան էր լարվել, որ աշակերտները հրաժարվել էին դպրոց հաճախել, կրթության նախարարությունն էլ տնօրենին հարկադրել էր իր դիմումի համաձայն ազատվել աշխատանքից: Ողջիի գյուղապետն ու դպրոցի նախկին աշխատակիցները մեր օրաթերթին նոր բողոք էին ներկայացրել այն մասին, որ դպրոցի տնօրենի պաշտոնի միակ հավակնորդը դարձյալ Գոհար Պետրոսյանն է: Ամսի 13-ին ավարտվել է փաստաթղթերի ընդունման ժամկետը. փաստորեն մրցույթին մասնակցել է միայն վերջինս: Բողոքավորների ասելով՝ պատճառն այն է, որ Գոհար Պետրոսյանն ունի դպրոցի խորհրդի «դաբրոն», որի անձնակազմը փոփոխելու մասին թեեւ գյուղացիները բողոք էին ներկայացրել, բայց այն համարյա թե նույնն է մնացել: Ըստ ողջեցիների, ինչպես միշտ, խորհրդի կազմում իր «պաչոտնի» տեղն ունի Գոհար Պետրոսյանի դաշնակցական ամուսինը, որը ծնողկոմիտեի նախագահն է, մյուս պատվավոր անդամը տնօրենի հորեղբոր աղջիկն է՝ Գյուլնար Սահակյանը, մնացածներն էլ տնօրենին մոտ մարդիկ են, այդ թվում՝ դաշնակցական Հակոբ Հակոբյանը: «Իսկական տունտունիկ է. երեկ աշխատանքից հանում են, էսօր նորից դնում», զայրանում են դպրոցի նախկին աշխատակիցները: Գյուղապետ Սարգիս Ավագյանի բնութագրելով էլ՝ «Իսկական ախպոր դուքյան է. իրանք որոշում, իրանք էլ ընտրում են, խորհրդի մեջ էլ իբր թե փոփոխություն արին, մորքուրին հանին, մորքուրի տղին դրին»: Նրանց տեղեկություններով, պաշտոնի երկու հավակնորդներ իրենց թեկնածությունը չեն դրել՝ մեծարելով դաշնակցական տիկնոջը: Օրերս կայացան Ողջիի հանրահայտ դպրոցի տնօրենի ընտրությունները, սակայն անհայտ է մնում, թե ո՞րն էր խայտառակ ձեւով պաշտոնից ազատելու իմաստը, եթե դարձյալ նույն անձն է տնօրեն ընտրվելու: Մեր դիտարկմանն ի պատասխան, Շիրակի մարզպետարանի կրթության վարչության պետ Սահակ Մինասյանը պատասխանեց. «Ո՞վ ինչ անի, թող նույն մարդկանց խորհրդի անդամ չընտրեին»: Պաշտոնյայի պարզաբանելով, նույն ողջեցիները ժամանակին բողոքում էին, որ խորհուրդը ճիշտ ընտրված չէ: Դաշնակցական մարզպետ Ռոմիկ Մանուկյանն էլ խորհուրդը լուծարել է՝ հայտարարելով նոր ընտրություններ: Մարզպետարանի կրթության վարչության պետի ասելով՝ նոր ընտրությունները կատարվել են մարզպետարանի ներկայացուցչի ներկայությամբ, որը նորից ժողով է հրավիրել, ու խորհուրդը նույն անձնակազմով ընտրվել է: «Իսկ ինչ վերաբերում է դպրոցի տնօրենի ընտրություններին, թող մյուսներն են թեկնածություն դնեին, եթե անգամ չէին ուզում փաստաթղթերը գյուղ ներկայացնել, կարող էին բերել կրթության վարչություն»,- ասում է պարոն Մինասյանը: Բողոքավորներն այսօր էլ պնդում են, որ այս ամենը կատարվել է մարզպետի անմիջական միջամտությամբ: ՆՈՒՆԵ ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել