ՄԱՆՎԵԼ ԲԱԴԵՅԱՆԸ ԿԱՊ ՈՒՆԻ՞ Հնարավոր է, որ ԱԺ գործարար պատգամավորն աջակցում էր դպրոցի տնօրենի «դրսի» թեկնածուին Երեկ Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցում տնօրենի ընտրություններ էին: Դպրոցի նախկին տնօրեն Նարինե Հովհաննիսյանը, ինչպես հայտնի է, այժմ ԿԳՆ հանրակրթության վարչության պետն է, եւ շուրջ 1.5 տարի դպրոցը տնօրեն չուներ: Մոտ 10 ամիս առաջ պաշտոնակատար էր նշանակվել դպրոցի նախկին փոխտնօրեն Անահիտ Խոսրովյանը, որը տնօրենի թեկնածուներից մեկն էր: Մյուս թեկնածուն Երեւանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի փոխտնօրեն Վիկտորյա Սուքիասյանն էր: Հենց շեմքի մոտ ակնհայտ էր, որ դպրոցի կոլեկտիվին դուր չէր գալիս, որ իր թեկնածությունն է առաջադրել դրսից ինչ-որ մեկը: Նրանք նույնիսկ շահարկում էին տիկին Սուքիասյանի՝ ինժեներական մասնագիտությունը, թեեւ տնօրենի պաշտոնի համար մանկավարժական կրթությունը պարտադիր չէ: Ավելի ուշ պարզվեց, որ Վ. Սուքիասյանը հեռակա սովորում է նաեւ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի 4-րդ կուրսում: «Ես ներկայացել եմ իմ կենսագրությամբ, պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի, ունեմ բոլոր տվյալները՝ տնօրեն աշխատելու համար»,- հարցաթերթիկը լրացնելուց հետո մեզ ասաց Վ. Սուքիասյանը: Մեր հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է ճնշում խորհրդի վրա՝ այս կամ այն թեկնածուի օգտին, տիկին Սուքիասյանը պատասխանեց. «Ես ոչինչ չեմ բացառում, բայց չեմ կարող ասել»: Մյուս թեկնածուն՝ Ա. Խոսրովյանը բացառում է որեւէ միջամտություն. «Այստեղ կա կոլեկտիվ՝ իմ կողմից սեր կոլեկտիվի նկատմամբ, կոլեկտիվի կողմից սեր՝ իմ նկատմամբ»: Ի դեպ, դպրոցական խորհրդի նախագահ, Կենտրոն համայնքի ղեկավարի տեղակալ Համլետ Մարգարյանը երեկ մեզ արգելեց մասնակցել նիստին: Նշենք, որ ընթացակարգով լրագրողի մասնակցության հարցը հստակեցված չէ, եւ ինչպես նշեց ԿԳՆ ներկայացուցիչ Սամվել Պեպանյանը, խորհուրդն ինքն է որոշում՝ թողնե՞լ լրագրողին, թե՞ ոչ: (Նույն Ս. Պեպանյանն անցյալ տարի շատ ջերմորեն ընդունեց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կազմակերպած ակցիան՝ մասնակցել տնօրենի ընտրություններին, ինչը մենք նրա հետ միասին իրականացրինք Եղեգնավան գյուղում): Երեկ, սակայն, ինձ ներս թողեցին միայն այն ժամանակ, երբ պետք է հայտնեին քվեարկության արդյունքները: Քննարկումներն արվեցին փակ դռների հետեւում: Իսկ մեր մասնակցությունը կօգներ հասկանալ, թե ինչ օբյեկտիվ պատճառներ կային՝ նախապատվությունը տալու Անահիտ Խոսրովյանին՝ այն դեպքում, երբ 2 թեկնածուներն էլ ճիշտ նույն միավորներն էին վաստակել, լրացնելով տրված հարցաթերթիկները: Նշենք, որ խորհրդի կազմում 2-ը դպրոցի մանկավարժներից են, 2-ը՝ ծնող, 2-ը՝ համայնքից եւ մեկը՝ քաղաքապետարանից: Սամվել Պեպանյանից հետաքրքրվեցինք, թե ինչու կողմնորոշիչ հարցազրույց չանցկացվեց թեկնածուների հետ՝ հաշվի առնելով այն փաստը, որ 2 թեկնածուներն էլ վաստակել էին հավասար միավորներ: Պրն Պեպանյանն ասաց, որ խորհուրդը նպատակահարմար չգտավ եւ միանգամից քվեարկեց՝ ելնելով իր սուբյեկտիվ դիրքորոշումից: Ա. Խոսրովյանի համակիրներից մեկը փորձեց հիմնավորել, թե ինչ ակնհայտ առավելություններ ունի իր նախընտրած թեկնածուն: Այդ դեպքում մյուս թեկնածո՞ւն ինչ հիմքով մի ամբողջ 3 ձայն հավաքեց: Այս հարցերի պատասխանը թերեւս ստանայինք, եթե ներկա լինեինք քննարկումներին: Խորհրդի նախագահն ընտրություններից հետո մեզ ասաց, թե իբր լրագրողի ներկայությունը կկաշկանդեր խորհրդի անդամներին, եւ նրանք ազատ չէին կարողանա արտահայտվել: Պրն Մարգարյանին հարցրինք՝ արդյոք բացառո՞ւմ է դպրոցի նախկին տնօրեն Նարինե Հովհաննիսյանի դերն ու ազդեցությունը տնօրենի ընտրություններում: «Դա անհասցե հարց է»,- պատասխանեց նա: Մեր հաջորդ հարցին՝ «Օբյեկտի՞վ էին արդյոք ընտրությունները», պրն Մարգարյանը պատասխանեց այսպես. «7 մարդ է քվեարկել, ու արդյունքներն այդպիսին են»: Փորձը ցույց է տալիս, որ դպրոցների տնօրենների ընտրություններում, որքան էլ շատ դեպքերում հարցը քաղաքականացվում է եւ որոշակի լծակներ են գործի դրվում, սակայն հաղթելու առավել մեծ շանսեր ունի ներսի թեկնածուն: (Հիշենք՝ խորհրդի անդամների մեծամասնությունը «ներսից» է՝ մանկավարժներ եւ ծնողներ): Եվ ինչպես երեկ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լարիսա Մովսիսյանն ասաց՝ «փորձած թանն անփորձ մածնից լավ է»: Հետեւաբար՝ մեր իրականության մեջ մի տրամաբանական հարց է առաջ գալիս. ո՞ւմ վրա է հույսը դնում այն թեկնածուն, ով գալիս է դրսից: Առանց մեկնաբանությունների, բերենք երեկվա օրինակը: Դրսի թեկնածուն՝ Վիկտորյա Սուքիասյանը, որ անընդհատ «հեռախոսազանգերի մեջ էր», ընտրություններից հետո դուրս եկավ դպրոցից եւ երկար ժամանակ նստած էր բակում, մեքենայի մեջ՝ իրեն ուղեկցող մեկի հետ: Ավելի ուշ նրանց մոտեցավ ԱԺ պատգամավոր Մանվել Բադեյանը: (Մենք նաեւ ապացույց ունենք՝ լուսանկարի տեսքով): Կարճ զրույցից հետո նրանք հեռացան: Եզրակացություններն ու ենթադրությունները թողնում ենք ընթերցողին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ