Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ պետք է սոցիալական ազատականություն

Մայիս 20,2006 00:00

Մեզ պետք է սոցիալական ազատականություն Հայաստանը էվոլյուցիոն ճանապարհով կարող է ուժեղ պետություն դառնալ Կա մի ասացվածք. «Ով չի ապստամբել երիտասարդ տարիներին, նա սիրտ չունի, ով ապստամբում է ծերության ժամանակ՝ խելք»: Դա, կարծես, համընկնում է իմ այսօրվա հայացքներին. ես հենց այն տարիքում եմ, երբ «խելք ունենալու» ժամանակն է: Չնայած այս դեպքում էլ ամեն ինչ հաստատ չէ: Գիտեմ բազմաթիվ տարեց մարդկանց, որոնք «ըմբոստությունը» մասնագիտություն են դարձրել: Ինչ է, նրանք խելք չունե՞ն: Երեւի, այնուամենայնիվ, ունեն, որովհետեւ վատ փողեր չեն ստանում՝ տարիքին ոչ բնորոշ եռանդուն ծայրահեղության համար, նույնիսկ դասվում են ազնիվ քաղաքական գործիչների շարքին: Ոչ, այստեղ խնդիրը խելքը չէ, ավելի շուտ՝ խիղճն է: Բայց խղճի մասին ոչ մի ժողովրդական իմաստնություն այս պահիս միտքս չի գալիս: Այդ պատճառով վերջերս հորինեցի մի ասացվածք, որն, ինձ թվում է, կարող է հավակնել եթե ոչ ժողովրդական, ապա հաստատ հակաժողովրդական իմաստնության կոչմանը: «Պայքար է գնում հիմար ու ստոր մարդկանց միջեւ, ընդ որում՝ կողմերն անընդհատ փոխվում են տեղերով»: Այսօր պարզ է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ ծնողների բարեկեցությունից, պետք է ստանա իր տաղանդն ու ընդունակությունը լիարժեք իրագործելու հնարավորություն: Պարզ է, որ յուրաքանչյուր մարդ, հաստատված չափանիշների սահմանում, պետք է ստանա բավարար բժշկական օգնություն: Պարզ է, որ պետք է կյանքի արժանի պայմաններ ստեղծել հաշմանդամների ու ծերերի համար: Պարզ է, որ յուրաքանչյուր քաղաքացի պետք է օրենքով պաշտպանված լինի՝ անկախ նյութական բարեկեցության մակարդակից: Պարզ է, որ պետությունը պետք է աջակցի գիտությանը, մշակույթին ու արվեստին: Բայց իրականում պարզ չէ, որո՞նք են այս սոցիալական խնամակալության սահմանները: Կարո՞ղ են, արդյոք, հայերը կառուցել մի պետություն, ուր յուրաքանչյուր քաղաքացի իր ջանքերին ու տաղանդին համապատասխան վարձատրվի եւ գնահատվի, ի վիճակի լինի իր աշխատանքով ապահովել սեփական բարեկեցիկ կյանքը: Կարո՞ղ ենք մենք վերջապես կառուցել մի պետություն, որը բարեխղճորեն կծառայի իր քաղաքացիներին եւ կապահովի քաղաքացիական իրավունքների ու սեփականատերերի շահերի հուսալի պաշտպանություն: Հայ ժողովրդի հոգեւոր արժեքների առաջնահերթության մեջ պետք է տեղ զբաղեցնի հնարավորությունների հավասարություն հասկացությունը: Իմ կարծիքով, մենք պետք է՝ – ելնենք նրանից, որ Հայաստանում ծնված յուրաքանչյուր մարդ ունի հավասար իրավունք օգտվելու այն ամենից, ինչ ստեղծված է ոչ իր աշխատանքով, այլ գոյություն ուներ մինչեւ իր լույս աշխարհ գալը, – ստեղծենք այնպիսի կոշտ համակարգ, որը սեփական նյութական բարեկեցության ձգտող մարդկանց ստիպում է աշխատել առավելագույն լարվածությամբ ու նախաձեռնությամբ, – հնարավորինս զարգացնենք մրցակցային սկզբունքները, – անենք այնպես, որ այս մրցակցային աշխարհում հարստանալ հնարավոր լինի ապրանքների ու ծառայությունների զգալի ծավալներ ստեղծելով ու վաճառելով: Մարդն աշխատանքի եւ սպառման չափը պետք է ինքը որոշի: Հենց այս է տնտեսական անկախության ամենակարեւոր դրսեւորումը: Սա անպայման կբերի անհավասարության: Այս ամենի հետ հնարավորությունների հավասարությունն ապահովելու համար, մենք պետք է «պարտադրենք» բավականին հարստություն կուտակած մարդկանց՝ լրացուցիչ սոցիալական պատասխանատվություն: Հենց սա է սոցիալական եղբայրությունը: Դրա անհրաժեշտությունը զգում ենք սեփական մաշկի վրա: Աշխատել ու սպառել պետք է լիբերալիզմի իդեալներին համապատասխան, իսկ օգնել նրանց, ովքեր աջակցության կարիք են զգում՝ պետք է սոցիալիզմի իդեալներին համպատասխան: Սոցիալական ծրագրերի իրագործումը, պետության կողմից տնտեսության գիտակից կարգավորումը, քաղաքացիական հասարակության հիմնական արժեքների հետ համատեղ, կարող են կազմել կայուն եւ ուժեղ պետության հիմքը: ԴՄԻՏՐԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել