Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Մայիս 20,2006 00:00

ՄԻԱՊԵՏՈՒԹՅԱՆ «ՄԵՂՄ» ՏԱՐԲԵՐԱԿԸ Շվեդիայի թագավոր Կարլ 16-րդ Գուստավը ծխախոտի հերթ է կանգնում եւ սրճարան աշխատեցնում «Մեր բախտը բերել է, որ 1980-ին Սահմանադրությունը փոխվեց եւ հիմա Շվեդիայի թագը ժառանգում է ավագ զավակը՝ անկախ սեռից»,- այսպես են մտածում գրեթե բոլոր շվեդները: Այս դեպքում պատճառը ոչ այնքան շվեդական հայտնի գենդերային հավասարությունն է, որքան թագավորի զավակների արժանիքները: Բանն այն է, որ Շվեդիայի ներկայիս միապետ՝ Բեռնադոտների տոհմից սերող Կարլ 16-րդ Գուստավն ունի երեք զավակ՝ թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան, արքայազն Կարլ Ֆիլիպը եւ արքայադուստր Մադլենը: Եվ այդ երեքից միայն Վիկտորիան է, ըստ շվեդների, արժանի թագին: Կարլ Ֆիլիպը «նույնիսկ երկու բառ իրար չի կարողանում կապել եւ ընդհանրապես՝ բանի պետք չէ», իսկ Մադլենը, բացի զվարճանքներից եւ ռեստորաններից, ուրիշ ոչնչի մասին մտածելու ունակ չէ: Փոխարենը Վիկտորիան ջանադրաբար պատրաստվում է Շվեդիայի թագուհին դառնալու բարձր պատվին՝ լայն գիտելիքներ է ստանում աշխարհի լավագույն գիտակրթական կենտրոններում, ճամփորդում է աշխարհով մեկ, աշխատում է ՄԱԿ-ի կառույցներում: Սակայն հայրենակիցները նրան էլ միանշանակ չեն ընդունում, ավելի ճիշտ՝ դեմ են նրա ընտրությանը. Վիկտորիայի «բոյֆրենդը» ամենահասարակ մի տղա է՝ մարզահամալիրի տնօրեն: Շվեդները կարծում են, որ միապետությունը հիմնված է հենց ազնվականության վրա, չէ՞ որ նրանք միապետին եւ նրա ընտանիքին դիմում են «Դուք»-ով եւ «Ձերդ գերազանցություն»-ով, խոնարհվում են նրանց առաջ: Սակայն ինչ-որ մի «կուլտուրիստի» առջեւ խոնարհվելու ցանկություն ամենեւին չունեն: «Կամաց-կամաց միապետության վերջը գալիս է»՝ մի փոքր թախիծով խոստովանում են նրանք: Ի դեպ, ներկայիս թագուհին Սիլվիան էլ, «կապույտ արյուն» չունի: Կարլ 16-րդ Գուստավը իր տիկնոջ հետ ծանոթացել է մյունխենյան օլիմպիադայի ժամանակ՝ 1972-ին, Սիլվիան ծնունդով Բրազիլիայից է՝ գերմանացի բիզնեսմենի դուստր: Ինքը՝ թագավորն էլ առանձնապես մեծ պատկառանք չի առաջացնում իր առաջադեմ հայրենակիցների մեջ: Նա շատ պասիվ է, տառապում է դիսլեքսիայով՝ չի կարողանում հիշել տառերը (փաստորեն՝ անգրագետ է), եւ առանձնապես փայլուն մտքեր չի հայտնում: Փոխարենը՝ համեստ է: Մեր շվեդ հյուրընկալողներից մեկը պատմում էր, որ ամառային արձակուրդներին իր ուսանող որդին սիգարետ է վաճառում Էլանդ կղզում, որտեղ գտնվում է թագավորի ամառային նստավայրը: Եվ ահա, մի օր, սիգարետի համար հերթ կանգնածներից մեկը թղթադրամի փոխարեն նրան է մեկնում կրեդիտ-քարտը: Երիտասարդը պահանջում է անձը հաստատող փաստաթուղթ: Ամառային թեթեւ գլխարկ դրած եւ ակնոցներ կրող գնորդը մի պահ շփոթվում է, ապա, արեւային ակնոցները հանելով, պատանուն է մեկնում 10 կրոն արժողությամբ մանրադրամը, որի վրա փորագրված է Կարլ 16-րդ Գուստավը: Պատանին, ճիշտ է, անհարմար է զգում, որ չի ճանաչել «իր տիրոջը», սակայն ինքն իրեն արդարացնում է՝ «գլխին բան կար՝ չճանաչեցի»: Միապետության հանդեպ քիչ-քիչ մարող խոնարհումի զգացողությունը հանգեցրել է նրան, որ շվեդ հասարակությունն արդեն ցանկանում է, որ իրեն հաշիվ տրվի, թե թագավորական ընտանիքի ծախսերի համար իր մուծած հարկերը՝ տարեկան ավելի քան 80 մլն կրոն, ինչպե՞ս են ծախսվում: Շվեդական Կալմար քաղաքի հետ 6 կմ 800մ երկարությամբ կամուրջով միացած Էլանդ կղզում, բացի թագավորի ամառային նստավայրից (որի շրջակայքում, իմիջիայլոց, միապետը սրճարան է կառուցել՝ փող է աշխատում), գտնվում են թագավորական հինավուրց Բորգհոլմ ամրոցի ավերակները: 12-րդ դարի կեսերին կառուցված, ապա 16-17-րդ դարերում վերաձեւված այս հսկա ամրոցը երկար տարիներ եղել է Շվեդիայի հարավային դարպասը: Այստեղ են շվեդ թագավորներն անցկացրել տարվա հիմնական մասը, եւ մեկնել են հյուսիս միայն այն ժամանակ, երբ աշնանային քամիներն այլեւս անտանելի են դարձել: 1808-ին ամրոցը կատաղի կրակի զոհ է դարձել, սակայն սերունդները որոշել են ոչ թե վերականգնել այն, այլ թողնել այնպես՝ ինչպես կա, իսկ միապետի համար կառուցել ավելի համեստ մի ամառանոց: Նույնիսկ այս կիսավեր վիճակում ամրոցը չափազանց գրավիչ տեսք ունի: Շրջանաձեւ մեծ բակում ամռանը՝ հունիսի սկզբից մինչեւ օգոստոսի կեսերը, այդ բացօթյա տարածքում գրեթե ամեն երեկո համերգներ են կայանում: Այստեղ երգել են Թոմ Ջոնսը, Լուչանո Պավարոտին, Բոբ Դիլանը, եւ բոլոր հայտնի շվեդական խմբերն ու կատարողները: Թագավորը Էլանդում ունի նաեւ որսորդական համեստ տնակ: Անգլիայից մի քանի տարի առաջ հատուկ թագավորի որսորդական քմահաճույքների բավարարման համար Էլանդի արգելոց է բերվել երկու հարյուր հիսուն եղնիկ, եւ ժամանակ առ ժամանակ Կարլ 16-րդ Գուստավն իր հյուրերի հետ թագավորական զվարճանքների է տրվում: Սակայն նույնիսկ թագավորը իրավունք չունի որսի գնալ, եթե հանկարծ եղնիկների թիվը 200-ից պակասի: Ի դեպ, Շվեդիայում ամենաաչքի զարնող բանը՝ բնության եւ կենդանիների հանդեպ ողջ ժողովրդի անսահման սերն ու խնամքն է: Քաղաքների եւ գյուղակների փողոցներում ազատ վազվզում են ոզնիներն ու նապաստակները, իսկ թռչուններին թիվ ու համրանք չկա: Ամենուր՝ բոլոր տներում, բակերում, փողոցներում ծաղիկներ են ծաղկում: Եվ այդ ամենը Շվեդիան դարձնում է աշխարհի ամենագեղեցիկ ու կանաչ երկրներից մեկը: ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ Կալմար, Շվեդիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել