ԿՈԱԼԻՑԻԱՅՈՒՄ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԴԿԱՅԻ՞Ն ՉԵՆ «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամը երեկ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանին պարգեւատրեց Ֆրիտյոֆ Նանսենի ոսկե հուշամեդալով՝ հասարակական-քաղաքական, մարդասիրական գործունեության եւ հայոց Ցեղասպանության դատապարտման ուղղությամբ ծավալած աշխատանքի համար: «Չեմ կարող ինձ համարել այս մեդալի իրական տերը, քանի որ այն տրվել է ՀՅԴ բյուրոյին՝ գործունեության ծավալի մեջ իմ ներդրման համար: Իսկ այդ ծավալը մեկ անհատի, անգամ մեկ մարմնի արածը չէ, այլ «Հայ դատի»՝ ողջ աշխարհով տարածված գրասենյակների, մեր բոլոր հայրենակիցների աշխատանքը»,- ասաց Վահան Հովհաննիսյանը: Պարգեւատրման արարողությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին: – Եթե ԱԺ-ում վերաձեւումների արդյունքում կայուն մեծամասնություն ձեւավորելու անհրաժեշտություն լինի՝ նոր մեծամասնություն կազմող միավորը պետք է դառնա կառավարող կոալիցիայի անդա՞մ, թե՞ կարող է միանալ սոսկ քաղաքական հայտարարությամբ: – Կարծում եմ՝ սոսկ քաղաքական հայտարարությամբ նույնպես հնարավոր է դա անել, քանի որ մինչեւ ընտրությունները մեկ տարուց քիչ ժամանակ է մնացել, իսկ մինչեւ իրական նախընտրական փուլի սկիզբը՝ դրանից էլ քիչ: Կարծում եմ՝ մնացած ժամանակահատվածում համագործակցությունը կարելի է կազմակերպել նաեւ ձեր մատնանշած ձեւով՝ քաղաքական հայտարարություն կամ քաղաքական բանակցություններ յուրաքանչյուր վիճելի հարցի շուրջ: – ՀՅԴ-ն որոշակի խանդ չունի՞ ՀՀԿ-ի հանդեպ, քանի որ նրանց պաշտոններն ավելի շատ են: – Խանդը քաղաքական կատեգորիա չէ. տարածված է մարդկային հարաբերությունների մեջ, իսկ մեր հարաբերությունները քաղաքական, գործընկերային են: – Արշակ Սադոյանը հայտարարեց, որ կոալիցիայի հուշագիրը ստորագրված էր 4 կողմերի միջեւ, եւ եթե կողմերից մեկը դուրս է գալիս կոալիցիայից՝ այն պետք է դադարեր գոյություն ունենալ: Այսինքն՝ կոալիցիա չկա: Միայն ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն են ուզում, որ լինի: – Որ շատերը չեն ուզում կոալիցիան լինի՝ մեզ համար հստակ է, բայց նրանց տեսակետը մեզ համար որեւէ արժեք չունի: Սեփ. լր.