Լրահոս
Օրվա լրահոսը

Լիքը խորհրդավորություն

Մայիս 20,2006 00:00

Լիքը խորհրդավորություն Արամ Կարապետյանը, ինչպես միշտ, ամեն ինչ գիտի, բայց չի ասում «Համոզված եմ, որ «Արմավիա» ավիաընկերության A320 ինքնաթիռի Սոչիի մոտ կործանման մեջ ռուսական կողմի մեղքը չկա»,- ըստ «Lragir.am»-ի, երեկ այդ մասին Մամուլի ազգային ակումբում հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ա. Կարապետյանը խոստովանել է, որ մինչեւ մայիսի 17-ը իր տպավորությամբ ամեն ինչ արվում էր, որ կործանված ինքնաթիռի սեւ արկղերը ծովի հատակից դուրս չբերվեն: «Բայց երեկ չէ առաջին օրը մի բան է եղել, եւ հիմա ՌԴ ղեկավարությունն ամեն ինչ անելու է, որ սեւ արկղերը դուրս բերվեն եւ վերծանվեն»: Թե ինչն է ստիպել ՌԴ-ին արմատական որոշում ընդունել՝ Ա. Կարապետյանը խոստացել է հետո հրապարակել՝ նախընտրելով իր անձին առանձնահատուկ խորհրդավորություն տալ: Հենց այդ ժամանակ էլ նա կհրապարակի նաեւ իր ուժերով իրականացրած հետաքննություն-ուսումնասիրության արդյունքում կուտակված լուրջ փաստաթղթերը: Առայժմ նա միայն ասել է. «Հստակ կարող եմ ասել, որ հայերի վերաբերյալ վատ արտահայտություններ չկան դիսպետչերների հետ խոսակցություններում: Ավիավթարին քաղաքականություն խառնելը վատ բան է: Ռուսական կողմը հասկանում է, որ եթե սեւ արկղերը չբարձրացնի՝ հարցը շահարկվելու է: Ռուսական կողմից որեւէ մեկը մեզ չի հավաստել, որ ջրի վրայից հավաքվել է ութ տոննա վառելիք: Սեւ արկղերը հնարավորություն կտան պարզելու իրողությունը»: Ավելին, Ա. Կարապետյանը հակված է մտածել, որ վթարի պատճառները պետք է փնտրել ինքնաթիռում եղած ինչ-ինչ խնդիրների հետ: Վկայակոչելով իր հետ զրուցած մասնագետներին՝ «ՆԺ» նախագահը հայտարարել է, որ այն փաստը, թե ինչպես է ինքնաթիռը հանկարծ ուղղահայաց դիրք ընդունելով ընկել ծովը, խոսում է այն մասին, որ կամ ինքնաթիռում անջատվել են բոլոր սարքավորումները, կամ տեղի է ունեցել պայթյուն: Աղբյուրի համաձայն, Ա. Կարապետյանը նաեւ զարմանալի է համարել այն, որ վթարից հետո Սոչի էր մեկնել ոչ թե ՀՀ տրանսպորտի նախարարը կամ գլխավոր դատախազը, այլ պաշտպանության նախարարը: «ՆԺ» նախագահի կարծիքով, եթե նույնիսկ եղել է կատարվածի իրական պատճառները թաքցնելու պայմանավորվածություն, ապա դա եղել է «երկու մարդու փոխհամաձայնություն եւ ոչ թե ռուսական պետական մոտեցում»: Անդրադառնալով ներքաղաքական զարգացումներին՝ նա հայտարարել է, որ «ՀՀ-ում բացի Սերժ Սարգսյանից որեւէ մեկը չի կարծում, թե Սերժ Սարգսյանը կարող է ազատ, արդար ընտրություններում հաղթել: Նման բան ենթադրողը բավականին վառ երեւակայություն ունի եւ պատվեր է կատարում», եւ առաջարկել է Հմայակ Հովհաննիսյանին տալ բոլոր պաշտոնները, որ «սցենարների հարցը փակվի»: Ա. Կարապետյանի կարծիքով, այս անգամ ՀՀ-ում ընտրությունները չեն լինի իշխանությունների նախատեսած սցենարներով, որովհետեւ աշխարհաքաղաքական զարգացումներ, ֆորս-մաժորային իրավիճակներ կան, ինչպիսիք են՝ Վրաստանի ներքաղաքական զարգացումները, Իրանի ու Ղարաբաղի խնդիրները, իսկ Իրանի հարցի առնչությամբ, ըստ նրա, «ՀՀ իշխանությունների բախտը չբերեց», իսկ երկրի նախագահն էլ «ստիպված է տեղ չգնալ, որ ոչինչ չպայմանավորվի»: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական զարգացումներին ու կողմնորոշումներին, ապա Ա. Կարապետյանը առաջարկում է լինել ՌԴ-ի հետ պետությունների նույն համադաշնությունում, բայց լավ հարաբերություններ ունենալ նաեւ ԱՄՆ-ի հետ, որովհետեւ «միայն ռուսական կողմնորոշմամբ Հայաստանը դժվարություններ կունենա»: Պատրաստեց Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել