Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՍԱՆ

Մայիս 20,2006 00:00

ՍԱՆ ՄԱՐԻՆՈՆ ԿՃԱՆԱՉԻ՞ ԼՂ ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ Համենայնդեպս, դրա կողմնակիցն է քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը Երեկ «Հայելի» ակումբին հյուրընկալված ռուսաստանցի քաղաքագետ, ՌԴ հասարակական պալատի անդամ Անդրանիկ Միհրանյանի ասուլիսի թեման դարձյալ տարածաշրջանային եւ աշխարհաքաղաքական հարցերն էին, որոնց անդրադառնալով՝ նա նախ հայտարարեց, թե չի կիսում արեւմտյան մամուլում արծարծվող այն միտքը, թե Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ նոր սառը պատերազմ է սկսվում կամ արդեն սկսվել է: Նման տեսակետները նա համարեց հիմարության կամ պարզունակ վերլուծությունների արդյունք: Նա համոզված էր, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ գլոբալ հակամարտություն հնարավոր չէ, թեեւ կան պրոբլեմներ, որոնք կապված են Իրանի միջուկային ծրագրերի, ԱՊՀ երկրներում ազդեցության մրցավազքի հետ, ինչը նա բնութագրեց որպես նորմալ «մրցակցություն»: Իհարկե, այս մրցակցությունն էլ կարող է անդրադառնալ Հարավային Կովկասում հնարավոր զարգացումների վրա: Այդ իմաստով Ա. Միհրանյանը վտանգավոր եւ մտահոգիչ միտումներ նկատեց: Դրանց թվում քաղաքագետը մատնանշեց նախ՝ ամերիկա-իրանական հարաբերություններում առկա լարվածությունը, որը կարող է մեծ ազդեցություն ունենալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Հայաստանի վրա, այդ թվում՝ հայ-իրանական գազամուղի կառուցմանը սպառնացող վտանգի իմաստով: «Միակ կայուն ճանապարհը դեպի արտաքին աշխարհ անցնում է Իրանով»,- ընդգծեց Միհրանյանը: Այդ խոչընդոտները, իհարկե, պայմանավորված են վրաց-ռուսական հարաբերություններով ու լարումներով, որոնք նաեւ Ա. Միհրանյանի կարծիքով, անպայմանորեն ազդելու են Հայաստանի վրա: Ու քանի որ նա հիշել էր Վրաստանին՝ շարունակեց. «Տարածաշրջանում Հայաստանի ապագան տեսնում եմ Վաշինգթոնի եւ Մոսկվայի փոխադարձ պայմանավորվածությունների կտրվածքում: Ըստ իս, այստեղ կարող է լինել ոչ թե մրցակցություն, այլ համագործակցություն: Համենայնդեպս Վաշինգթոնը հակված է նման պայմանավորվածությունների, եւ պարզունակ է Սահակաշվիլիի եւ մյուս վրաց գործիչների մոտեցումը, թե իրենք կարող են օգտագործել Վաշինգթոնը Մոսկվայի դեմ: Բանն այն է, որ այսօր շատ խնդիրներ կան, որոնք փոխադարձ կախվածություն են ստեղծում Վաշինգթոնի եւ Մոսկվայի միջեւ, ուստի միամտություն է կարծել, թե Վաշինգթոնն իր հարաբերությունները Մոսկվայի հետ պետք է կառուցի Թբիլիսիի թելադրանքով: Հետաքրքիր է, որ այն հիստերիան, որ վերջին ամիսների ընթացքում տեղի է ունենում Վրաստանում, նպատակ ունի Վաշինգթոնի ուշադրությունը անընդհատ բեւեռել այս տարածաշրջանի վրա ու ապացուցել, որ Վրաստանն անմեղ ու փոքրիկ զոհ է Ռուսաստանի նման գիշատիչ արջի ձեռքին: Իրականում Վրաստանի թշնամին հենց Վրաստանի այսօրվա իշխանություններն են»: Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերություններին, ապա՝ քաղաքագետի համոզմամբ, Հայաստանի դիվանագիտության առջեւ շատ լուրջ խնդիր է ծառացել՝ համոզել Միացյալ Նահանգներին, որ նա ճնշում գործադրի Թուրքիայի վրա՝ Կարս-Գյումրի երկաթուղին վերագործարկելու եւ Հայաստանը շրջանցող Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը թույլ չտալու համար, որից Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքերը էլ ավելի կարող են թուլանալ: Ա. Միհրանյանը վստահեցրեց, թե արդի աշխարհում ընդամենը մի քանի անկախ պետություններ կան՝ «ԱՄՆ-ը, Չինաստանը, որոշ իմաստով՝ Հնդկաստանը, իսկ մնացած բոլոր երկրները կիսակախյալ վիճակում են գտնվում գերտերություններից, կամ մեկը՝ մյուսից: Այդ իմաստով Հայաստանը մինչեւ հիմա որոշ իմաստով կարողանում էր պահպանել ե՛ւ Վաշինգթոնի, ե՛ւ Մոսկվայի հետ նորմալ հարաբերություններ: Ես շատ լավ հիշում եմ, որ երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն ուներ շատ հարազատ, շատ մտերիմ հարաբերություններ Կրեմլի հետ, ես՝ որպես Ելցինի խորհրդական, գիտեի, թե ինչ հարգանք կար նրա նկատմամբ: Բայց դա չէր խանգարում, որ նա մեծ հարգանք վայելեր նաեւ Քլինթոնի կողմից, եւ դա նորմալ էր»: Փոխարենը վկայակոչելով ՌԴ պետական գործիչների այն մտադրությունները, թե Կոսովոյի անկախության ճանաչման դեպքում այդ նախադեպը պետք է տարածվի նաեւ Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Հարավային Օսիայի վրա, նա կարծիք հայտնեց, թե հայաստանյան դիվանագիտության պարտքն է այնպես անել, որ այդ երկրների ցանկն ընդլայնվի ու դրանում ներառվի նաեւ Լեռնային Ղարաբաղը: Զարգացնելով այս միտքը՝ քաղաքագետը կեսկատակ-կեսլուրջ ասաց, թե՝ «վատ չէր լինի, որ մի շարք պետություններ, թեկուզ մանր-մունր՝ ինչպես Անդորրան կամ Սան Մարինոն, Կոսովոյի անկախությունը ճանաչելուց անմիջապես հետո ճանաչեին ԼՂ-ի անկախությունը»: Իսկ ինչո՞ւ ոչ Ռուսաստանը: Հնչած այս ռեպլիկին պարոն Միհրանյանն արձագանքեց. «Որպեսզի Ռուսաստանը ճանաչի, հայկական դիվանագիտությունը պետք է բացատրի, որ դա համապատասխանում է Ռուսաստանի շահերին»: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել