Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Մայիս 20,2006 00:00

Այսօր
Իտալիայի Թուրին քաղաքում հանդիսավոր պայմաններում կկատարվի շախմատի համաշխարհային
37-րդ օլիմպիադայի բացումը, իսկ վաղը ժամացույցները գործի կդրվեն առաջին տուրում:
Տղամարդկանց
մրցաշարում խաղատախտակների առջեւ հարաբերություններն են որոշելու 139 երկրների 820
շախմատիստներ, որոնցից 243-ը կրում են գրոսմայստերի կոչում, իսկ կանանց պայքարում
հանդես են գալու 100 երկրների 398 շախմատիստուհիներ: Խաղացվելու է 13 տուր
եւ թե որո՞նք են ընթացիկ տարվա տղամարդկանց եւ կանանց շախմատային ամենաուժեղ երկրները,
հայտնի կդառնա հունիսի 4-ին: Այդ ընթացքում երկու օր՝ մայիսի 26-ին եւ հունիսի 1-ին
նրանց հանգստանալու հնարավորություն կընձեռվի: Հայաստանը մրցավայր է մեկնել
տղամարդկանց եւ կանանց ամբողջական կազմ ունեցող հավաքականներով: Տղամարդկանց
մեր ընտրանին գլխավորում է ՖԻԴԵ-ի գավաթակիր, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը: Թուրինում
նրան ընկերակցելու են գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Սմբատ
Լպուտյանը, Կարեն Ասրյանը, Արտաշես Մինասյանը: Իսկ աղջիկներից մեր երկրի շախմատային
դրոշի պատիվը պաշտպանելու են Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը, Նելլի Աղինյանը
եւ Սիրանուշ Անդրիասյանը: Հիշեցնենք, որ Հայաստանի տղամարդիկ երեք անգամ նվաճել
են շախմատային համաշխարհային օլիմպիադայի բրոնզե մեդալներ. 1992 թվականին՝ Մանիլայում
(102 երկիր), 2002-ին՝ Բլեդում (135) եւ 2004-ին՝ Կալվիայում (129): Ընդ որում, վերջին
օլիմպիադայում մեր թիմը հավասար՝ 36,5 միավոր էր վաստակել Ռուսաստանի անչափ ուժեղ
թիմի հետ եւ միայն լրացուցիչ գործակիցներով «արծաթը» զիջեց նրան: Հուսանք, որ Թուրինը
հաջողակ կլինի հայաստանցիների համար եւ նրանք այնտեղից տուն կվերադառնան ավելի ազնիվ
ձուլվածքի մեդալներով: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել