Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գյուղապետերն «իրար հետ չունեն»

Մայիս 20,2006 00:00

Վերին եւ Ներքին Գետաշեններում ջրի հարցը քաղաքականացրել են

Գեղարքունիքի մարզի 2 գյուղերի՝ Վերին եւ Ներքին Գետաշենների համայնքապետերի անձնական շահերի ու «պրինցիպների» պատճառով արդեն քանի տարի է՝ երկու գյուղերի բնակիչներն էլ զրկված են խմելու եւ ոռոգման ջրից: Բնակիչների պատմելով՝ կառավարությունը ժամանակ առ ժամանակ ներդրող կազմակերպություններ է գտնում, ծանոթացնում գյուղապետերի հետ, բայց մի քանի օր հետո այդ կազմակերպությունների ոտքն էլ գյուղում չի մնում: 2005-ի սկզբին գյուղ եկած ներդրող կազմակերպությունը նույնիսկ խողովակներ է բերել, ջրագծի սխեման կազմել, բայց համայնքապետերը նորից համաձայնության չեն եկել: Ըստ ներքինգետաշենցիների՝ «մեր տարածքով Վերին Գետաշենն իրավունք չունի ոռոգման ջուր տեղափոխել»: Նույն տրամաբանությունն ունեն նաեւ հակառակորդները՝ վերինգետաշենցիները, որոնք եթե թույլ տային նոր ջրագիծ կառուցել, հարեւան գյուղացիները կկարողանային օգտվել իրենց խմելու ջրի աղբյուրից:

Այս գյուղերում ջրի հարցը լուծելն այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ այն խիստ քաղաքականացվել է: Մեր տեղեկություններով՝ Ն. գետաշենցիների թիկունքին կանգնած է Գեղարքունիքի մարզպետ, Ստեփան Բարսեղյանը, իսկ Վ. գետաշենցիներին աջակցում է վերջիններիս համագյուղացի, փոխմարզպետ Արտուշ Ղուկասյանը: Մարզպետը երկու գյուղերի հետ էլ «ձեւականորեն» «ախպերություն-բարեկամություն» է անում. Ն. գետաշենցիների պատմելով՝ «մեր առաջ ասում ա՝ ջուրը ձերն ա, կարաք՝ օգտվեք, նրանց առաջ ասում ա, թե ձերն ա»: Իրականում այնպես է ստացվում, որ ջուրը ոչ մեկին էլ չի հասնում: Երկու գյուղերում էլ հուլիսից դաշտերն սկսում են չորանալ. «մեր հողերի 70 տոկոսը չի մշակվում՝ ոռոգման ջրի պատճառով, մենք էլ լիքը հող ունենք, բայց չենք ցանում»,- դժգոհեցին բնակիչները: Ներքին Գետաշենում մենք ականատես եղանք, թե ինչպես են գյուղացիները գարնան այս ջրառատ սեզոնին դույլերով ջուր կրում: Վերջիններս այս հարցի լուծումը կապում են կառավարության եւ իրենց ընտրատարածքներից ընտրված պատգամավորների հետ: «Ընտրությունների ժամանակ խոստումներ էր տալիս, թե ձեր ջրագիծը կկառուցվի, բայց ձայն տալուց հետո գյուղում էլ իրա ոտքը չտեսանք, ըտենց ա՝ երբ իրանց պետք ա՝ գալիս քարոզ են կարդում, հետո էլ երեսները չես տենա»,- բողոքեցին գյուղացիները: Խոսքը տվյալ դեպքում ԱԺ պատգամավորներից մեկի:

«Առավոտի» հետ զրույցում փոխմարզպետ Ա. Ղուկասյանը հաստատեց, որ երկու գյուղերի համայնքապետերի անզիջողականության պատճառով գյուղացիները նման խնդրի առաջ են կանգնել: Բայց նա հավաստիացրեց, որ ջրի խնդիրն արդեն կամաց-կամաց լուծվում է, քանի որ իրենց հաջողվել է երկու գյուղապետերին «բարիշացնել». «Նրանց անմիջական մասնակցությամբ արդեն կնքվել է համաձայնագիր, ըստ որի, գյուղերից յուրաքանչյուրը պետք է զբաղվի իր ջրի հարցի լուծմամբ եւ մեկը մյուսին չպետք է խոչընդոտի, այնպես որ, մեզ հետ համատեղ ջանքերով այդ խնդիրը կարելի է լուծված համարել»: Ավելին՝ պարոն Ղուկասյանի տեղեկացմամբ՝ արդեն համաձայնագրի ազդեցությունը զգացվում է. «Մեկ շաբաթ առաջ Ներքին Գետաշեն խմելու ջուր մտել է, գյուղի բյուջեի միջոցներով արդեն ջրատար կառուցվել է»: Վ. Գետաշենում դեռ ջրատարի կառուցման աշխատանքները չեն սկսվել, բայց փոխմարզպետը հավաստիացրեց, որ այնտեղ էլ շուտով ջուր կլինի. «Դա շատ թանկ ծրագիր է, արժե շուրջ 70 մլն դրամ, որն իրականացվելու է արդեն ոչ թե գյուղի բյուջեի հաշվին, այլ գյուղատնտեսության նախարարության «ԻՖԱՏ» ծրագրի շրջանակներում»: Պարոն Ղուկասյանը թեեւ խնդրի քաղաքականացումն ասեկոսե համարեց՝ «այստեղ քաղաքական խնդիր չկա եւ չի կարող լինել», սակայն չժխտեց իր վերինգետաշենցի լինելը. «Ճիշտ է, ես եմ պատճառ դարձել, որ Ն. Գետաշենը խմելու ջուր ունենա, բայց երկու գյուղերն էլ մեկ են, ուղղակի Ն. Գետաշենում առաջիկայում ընտրություններ կան, առանձին խմբեր ցանկանում են դա շահարկել»: Ինչ վերաբերում է պատգամավորին՝ պարոն Ղուկասյանի խոսքերով՝ «նրա ազդեցությունն այս գործընթացում ես չեմ տեսել, նա ոչ աջակցել է, ոչ էլ վնասել»:

ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել